Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային։
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն, եւ երկուստեք առկա է ձեւավորված քաղաքական արդյունավետ երկխոսությունն ու գործընկերության բոլոր բնագավառներում համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու ցանկություն։
Հանդիպման սկզբում Ջեյմս Ապատուրայը երախտագիտություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի մասնակցության եւ մինչ այժմ ունեցած ներդրման համար՝ ընդգծելով, որ ինչպես դաշինքի, այնպես էլ ՄԱԿ—ի հովանու ներքո իրականացվող գործողություններին, խաղաղապահ բրիգադի կարողությունների ընդլայնմանը Հայաստանի մասնակցությունը եւս մեկ անգամ հաստատում է միջազգային խաղաղության ու կայունության հաստատմանն աջակցելու եւ գործընկերությունը զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը։
Դաշինքի հետ հետագա համագործակցության խորացման առումով երկուստեք կարեւորվել է Հայաստան—ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014—2016թթ. նորացված ծրագիրը։
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ առկա մտահոգություններին, միջազգային արդի մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|