ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 00:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 7
Հյուրեր: 7
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 26 » Հիմնավորված ու կառուցողական լուծումներ /25 մլն եվրո՝ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման համար/
13:22
Հիմնավորված ու կառուցողական լուծումներ /25 մլն եվրո՝ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման համար/

Եվրամիությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը. 2015թ. հերթական աջակցության չափը կկազմի 25 մլն եվրո։ ԵՄ եւ Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ուժերով մեր երկրում իրականացվող «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագրի» հանդիսավոր մեկնարկը տեղի ունեցավ երեկ։ Ծրագրի իրականացման տեւողությունը երեք տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար։ Միեւնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար։
Ողջունելով ծրագրի մեկնարկային համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ շուրջ 1 տարվա ընթացքում նախարարությունը ծրագրի շուրջ աշխատել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիայի զարգացման գործակալության եւ ՄԱԿ—ի կառույցների հետ միասին, որպեսզի այն լավագույնս արտացոլի հայ գյուղացու կարիքները եւ գյուղատնտեսության առջեւ դրված առավել կարեւոր խնդիրները։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ գյուղատնտեսության խնդիրներին հիմնավորված ու կառուցողական լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն եւ հետեւողական աշխատանք։
«Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք առավել թիրախային եւ արդյունավետ կարող ենք դիմակայել այսօրվա մարտահրավերներին ու լուծել մեր առջեւ ծառացած բարդ խնդիրները։ Վերահաստատում եմ նախարարության եւ անձամբ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու եւ ամրապնդելու երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները եւ երկխոսությունը գյուղատնտեսության ոլորտում։ Հուսով եմ, որ այսօր մեկնարկած ծրագիրը հիմք կհանդիսանա նորանոր համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման համար»,–ասաց Ս. Կարապետյանը։
Նախարարը փաստեց՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել ու խորացնել հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով։ Եվ դա, մասնավորապես, ակնհայտ է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը» դրա լավագույն օրինակներից մեկն է։ Ծրագրի կարեւոր սկզբունքներից են թափանցիկությունը, համագործակցությունը եւ հասարակական կազմակերպությունների ներգրավման միջոցով քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը. «Ծրագրի շրջանակներում ընտրվել են այնպիսի ուղղություններ, որոնք առաջնահերթ են եւ պայմանավորելու են գյուղատնտեսության զարգացումը։ Այդ ուղղություններից են ոլորտում տնտեսավարման ձեւերի զարգացումը, մասնավորապես՝ գյուղատնտեսական կոոպերատիվների խթանումը, հետբերքահավաքային գործընթացների արդյունավետ կազմակերպումը, արժեշղթաների զարգացումը եւ ենթակառուցվածքների արդիականացումը, խորհրդատվական համակարգի բարելավումը, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանն ուղղված համակարգի ձեւավորումը, նախարարության կարողությունների ընդլայնումը, գյուղատնտեսության հաշվառման համակարգի կատարելագործումը եւ այլն»։
Խոսելով ոլորտի այսօրվա վիճակի եւ վերջին զարգացումների մասին՝ նախարարը նկատեց, որ գյուղատնտեսությունը ձեւավորում է մեր երկրի ՀՆԱ—ի ավելի քան 20 տոկոսը, որն ագրովերամշակման ոլորտի հետ մեկտեղ կազմում է 25 տոկոս։ Ոլորտում զբաղված է հանրապետությունում ընդհանուր զբաղվածների ավելի քան 36 տոկոսը, իսկ գյուղական բնակավայրերում՝ զբաղվածների 90 տոկոսը։ Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներին բաժին է ընկել 21.2 տոկոս. «Միայն արտահանման կառուցվածքում ոլորտի մասնաբաժինը կազմում է 30 տոկոս։ Վերջին տարիներին գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի եւ պետության կողմից իրականացված մի շարք աջակցության ծրագրերի արդյունքում ոլորտում գրանցվել է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ։ Նշվածի հետ մեկտեղ հանրապետության գյուղատնտեսությունն առանձնակի կարեւորում է երկրի պարենային անվտնագության ապահովումը, որը հանդիսանում է ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչը»։
Նախարարի խոսքով՝ ոլորտը առանձնակի կարեւորություն ունի նաեւ աղքատության մակարդակի նվազեցման եւ գյուղական վայրերում արժանապատիվ կենսամակարդակի ապահովման գործում։ Ս. Կարապետյանը փաստեց՝ հիշատակվածի հետ մեկտեղ ոլորտի առջեւ ծառացած են նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնցից նա կարեւորեց տնտեսավարման ձեւերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսվարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրումը. «Կարեւոր է նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի զարգացումը։ Առաջնահերթ է համարվում նաեւ անասնաբուծության տոհմային գործի կազմակերպումը, ինչպես նաեւ անասնաբուժական համակարգի կատարելագործումը։ Լուրջ խնդիրներից է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի խնայողաբար օգտագործումը, որին կնպաստի ձկնաբուծությունում կիսափակ տեխնոլոգիաների ներդրումը։ Առաջնահերթ են համարվում նաեւ ոռոգման արդիական տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը եւ քայլերի ձեռնարկումը»։
Բնական աղետների՝ մասնավորապես կարկտահարության վնասների բացառման համար, նախարարի խոսքով, հրատապ է համարվում կարկտապաշտպան ցանցաշերտերի կիրառման տեխնոլոգիաների ներդրումը։ Խնդիրներից է նաեւ սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավումը։ Գյուղատնտեսական մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից են. «Այս խնդիրների լուծման գործում կարեւորվում է ԵՄ օժանդակությունը, որի բաղադրիչներից է նաեւ գյուղի զարգացումը։ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է կրկնապատկել եւ, նույնիսկ, եռապատկել արտադրության եւ արտահանման ծավալները, որը կբերի տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Հենց այս նպատակին են ուղղվելու վերջին տարիների մեր ջանքերը»։
Եզրափակելով՝ Ս. Կարապետյանն ընդգծեց, որ միջոցառման մեկ այլ կարեւոր ձեռքբերումներից մեկը կլինի այն, որ կառույցը կաշխատի ավելի համակարգված. «Եթե մենք միասին փորձենք լուծել որեւիցե խնդիր եւ կարող ենք համատեղ ստեղծել որոշակի պարտականություններ, ապա մեր ջանքերը կտան սպասված արդյունքները»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ելույթի իր խոսքում հիշեցրեց, որ օրերս ՀՀ վարչապետին է ներկայացվել Հայաստանին աջակցության փաթեթը՝ ավելի քան 77 մլն եվրո ընդհանուր արժողությամբ, եւ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը» փաթեթի մի մասն է։ Գյուղատնտեսությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ զբաղվածության կառուցվածքի տեսանկյունից։
«Եվրամիությունը կշարունակի իր աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը 2015—2025թթ. ընթացքում։ 2015թ. տրամադրվող միջոցները կօգնեն ավարտել գյուղատնտեսության համատարած հաշվառման գործընթացը, զարգացնելու կոոպերատիվները՝ իրականացնելով արդեն պիլոտային ծրագրեր, ինչպես նաեւ ոլորտում աշխատող անձանց հմտությունները բարելավելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ ինչը կբարձրացնի գյուղատնտեսության արտադրողականությունը»,— ասաց դեսպանը։
Տ. Հրիսթեան կարեւորեց հատկապես հողի կառավարման համակարգի բարելավումը, ինչպես նաեւ զբաղվածության հնարավորությունների ընդլայնումը։ Նա տեղեկացրեց, որ Ավստրիայի կառավարությունը՝ «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր հերթին լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում նույն նպատակների, այն է՝ ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների տեխնիկական աջակցության համար. «Ծրագիրը համահունչ է ԵՄ—ի կողմից տրամադրվող օժանդակության առաջնարհերթություներին եւ ուղղակիորեն կնպաստի Արեւելյան գործընկերության հիմնական նպատակին հասնելուն, այն է՝ տնտեսական եւ սոցիալական անհավասարությունների կրճատմանը։ Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացումը դառնում է խիստ անհրաժեշտություն, ինչը հնարավոր է գյուղատնտեսական կառույցները բարելավելու, ֆերմերային ասոցիացիաների եւ կոոպերատիվների կարողություններն ուժեղացնելու, մատչելի եւ որակյալ սննդի հասանելիություն ապահովելու եւ ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու միջոցով»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 384 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024