«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բանակցություններ սկսել իշխանությունների հետ եւ պատրաստել է փոփոխությունների վերաբերյալ սեփական առաջարկները։ Երեկ կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը հրապարակել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ կուսակցության առաջարկությունները։ Առաջարկությունների փաթեթը բաղկացած է 10 կետից։
Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հայեցակարգը ձեւակերպել է կարեւորագույն խնդիրներ, որոնք միշտ եղել են ՀՅԴ—ի հիմնական մոտեցումները։
«Հայեցակարգում ձեւակերպվել է կարեւորագույն խնդիր՝ հաղթահարել քաղաքական մենիշխանությունը, բարեփոխումներով երաշխավորել իշխանության ընտրովիությունը, հաշվետվողականությունը եւ փոփոխելիությունը, քաղաքացիական հասարակությանն ակտիվ դերակատարություն վերապահել իշխանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու հարցում»,–նշել է նա։
Ըստ նրա՝ հայեցակարգում արժեւորվել են ՀՅԴ նախկինում հրապարակված տեսակետները, որոնք ընդհանուր առմամբ ներառված են հայեցակարգում. «Մենք մեզ քաղաքական պատասխանատու ուժ ենք համարում, եւ եթե մի բան գտնում ենք, որ ճիշտ է, մենք դա անում ենք։ Մենք անելու ենք մեր անելիքը՝ անկախ նրանից, թե կողքից ինչ են խոսելու»։
Աղվան Վարդանյանն անդրադարձել է նաեւ դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելով՝ իշխանությունները փորձում են վերարտադրման մեխանիզմներ ստեղծել։ Ըստ նրա՝ իշխանությունների համար վերարտադրման շատ լավ մեխանիզմներ կան գործող համակարգում, իսկ առաջարկվող բարեփոխումները սահմանափակելու են իշխանությունների վերարտադրման հնարավորությունները։
Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջադրվող լուծումներն ընդհանուր առմամբ կարող են նպաստել ժամանակակից սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական պետության կառուցմանը՝ ապահովելով քաղաքացու հիմնական իրավունքների իրացումը. «Մենք միշտ ասել ենք, որ երկրում պետք է իրականացվեն իրական եւ համակարգային փոփոխություններ։ Իսկ այդ փոփոխություններին մենք կարող ենք հասնել միայն սահմանադրական բարեփոխումների իրականացման եղանակով։ Մենք ցանկանում ենք, որ լինի այնպիսի մի համակարգ, որտեղ մեր քաղաքացիներն իրենց իրավունքների տերը լինեն, որոնք կերաշխավորվեն ՀՀ Սահմանադրությամբ»։
Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ—ն խորությամբ ուսումնասիրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը եւ դրա շուրջ ձեւակերպել իր մոտեցումներն ու գնահատականները. «Մենք այդ փաստաթղթով էլ գնալու ենք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներին եւ փորձելու ենք առաջ տանել մեր գաղափարներն ու մոտեցումները, քննարկելու ենք մեր առաջարկներն իշխանությունների հետ։ Մենք ունենք առաջարկներ, որոնք հաշվի առնելու դեպքում կկարողանանք ունենալ մեխանիզմներ, որոնք կհակակշռեն եւ կզսպեն իշխանություններին, նախադրյալներ կստեղծեն երկրում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար»։
Պատգամավորը կարեւորել է այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։ Նա ընդգծել է, որ սրանով ավելի մեծանալու է ընդդիմադիր պայքարի հնարավորությունը, պայմաններ են ստեղծվելու, որպեսզի երկրի համար կարեւոր որոշումները կախված չլինեն միայն մեկ անձից։
ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ համակարծիք լինելով սահմանադրական մի շարք նոր ինստիտուտների ներմուծման հայեցակարգային առաջարկություններին՝ իրենք գտնում են, որ հայեցակարգի մի շարք մոտեցումներ ու լուծումներ առավել հստակեցման կարիք ունեն եւ պետք է իրացվեն սահմանադրության տեքստում, ինչի վերաբերյալ իրենք մշակել են իրենց մոտեցումները եւ այդ փաստաթղթով էլ մտնելու են քաղաքական կոնսուլտացիաների փուլ։
Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ—ն կրկին կոալիցիա կազմի իշխանությունների հետ, ասել է. «ՀՅԴ—ի համար դժվար չէ կոալիցիա մտնելը, սակայն խնդիրն ինքնանպատակ չի կարող լինել։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ երկրում կան լուրջ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք։ Իսկ այդ լուծման դեղատոմսերը Դաշնակցությունն ունի։ Եթե մենք ունենանք հնարավորություն՝ առանց խոչընդոտների իրականություն դարձնելու մեր ծրագրերը, հենց վաղվանից էլ կսկսենք դրանք կյանքի կոչել, եւ դրանից շահելու է ժողովուրդը, որովհետեւ մեր առաջարկների իրականացման դեպքում շատ արագ Հայաստանում որակական փոփոխություններ կլինեն»։
|