ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Նոյեմբեր » 22 » Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
14:49
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները

Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական կարողությունները

Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումները, թերեւս, կապված են ներքաղաքական խնդիրների հետ, քանի որ Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ մեծամասնություն ապահովել, ուստի ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ արեց լայն կառավարություն կազմել, բայց վերջինս մերժեց վարչապետի՝ կառավարություն կազմելու առաջարկը։ Եվ ոմանք Իսրայելում առկա այս ճգնաժամը դասական օրինակ են համարում, թե ինչպես են անձերի նկրտումները անգործության մատնում գործող համակարգը։
Ահա այս իրավիճակում է, որ իսրայելական կառավարությունը դիմում է արտաքին կտրուկ քայլերի, որն էլ ենթադրել է տալիս, թե փորձ է արվում ներքին խնդիրներից ուշադրությունը թեկուզ ժամանակավորապես շեղել արտաքին հարցերի ուղղությամբ, ինչպես դա անում են շատ երկրներում։ Եվ Իսրայելի վարչապետը իսրայելցիների ուշադրությունը սեւեռեց նախ Պաղեստինի, Գազայի հատվածի վրա, ապա Սիրիայի՝ պատճառաբանելով, թե իրանական ուժեր կան այնտեղ, որոնք զինտեխնիկայի տեղաշարժեր են անում Իսրայելի ուղղությամբ։ Մեզ ծանոթ գործելաոճ է, հարեւան Ադրբեջանում հաճախ են դիմում նման քայլերի, անմիջապես սադրում են արցախա—ադրբեջանական սահմանների մոտ, երբ ներքին խնդիրները սկսում են հսկողությունից դուրս գալ։
Իսկ Իսրայելում ավելի է խորանում ներքաղաքական ճգնաժամը. կարծես անխուսափելի է դառնում մեկ տարվա ընթացքում արդեն 3—րդ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կամ էլ գուցե կիրառվի երկրի նախագահի կողմից իր լիազորությունների սահմաններում կառավարություն կազմելու հնարավորությունը։ Ինչեւէ, չենք խորանում իսրայելական ընտրակարգի մանրամասներում, քանի որ դա չէ մեր խնդիրն այս դեպքում, պարզապես նշենք, որ չեն բացառվում նոր փոխադարձ հարվածների հնարավորությունները, քանի որ ինչպես Իսրայելում, Իրանում եւս որոշակի ճգնաժամ կա, անկարգություններ են տեղի ունենում, որը Թեհրանը համարում է ամերիկյան եւ իսրայելական միջամտության հետեւանք։
Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը դավադրություն են, որում ներգրավված են ինչպես տարածաշրջանային խաղացողները, այնպես էլ Միացյալ Նահանգները, ըստ «euronews»—ի՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում։ Սակայն նա նաեւ հավելել է, որ «անկարգությունների ժամանակ իրանական ժողովուրդը լիակատար հաղթանակ տարավ»։ Ճիշտ է՝ տասնյակ զոհեր եւ վիրավորներ կան, բայց տուժել են եւ ցուցարարները, եւ իրավապահները։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը բռնկվեցին նոյեմբերի 15—ին՝ վառելիքի կտրուկ թանկացման պատճառով։ Միեւնույն ժամանակ, կառավարությունը արգելափակել էր ինտերնետ հասանելիությունը բնակչության համար։
Մենք արդեն գրել ենք Ադրբեջան—Իսրայել ռազմական համագործակցության մասին, որը պետք է գործի ընդդեմ Իրանի, եթե Թել Ավիվում վտանգ զգան Իրանից։ Բաքուն էլ իր «մեծ Ադրբեջանի» երազանքների մեջ է, որի մասին եւս խոսել ենք։ Բայց ինչպես իրանագետ Վարդան Ոսկանյանն է նշել, Արեւելյան Ատրպատականի նահանգապետը սառը ջուր է լցրել Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի գլխին։ «Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներն Իրանում բենզինի թանկացման հետ կապված սոցիալական բողոքի գործողություններին, հավանաբար, շատ են ցանկանում հաղորդել նաեւ էթնիկական լիցք։ Մասնավորապես, տխրահռչակ «Հաքքին.ազ»—ը, դատելով «Թավրիզի փողոցներում բախումներ են. 5 սպանված» վերնագրով ապատեղեկատվական նյութի հրապարակումից, շատ է ուզում զոհեր տեսնել հատկապես հենց այս քաղաքում, որը Բաքվի քարոզչամեքենայի «տեսլականում» պետք է իբր դառնա «միացյալ Ադրբեջանի» մայրաքաղաքը»։
Բայց, Արեւելյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է, որ «Օտարերկրյա եւ թշնամական ԶԼՄ—ների լուրերը Թավրիզի իրավիճակի շուրջ մաքուր սուտ են» եւ ամբողջ Արեւելյան Ատրպատական նահանգով մեկ այսօր էլ կատարյալ հանգիստ դրություն է»։
Իսկ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեն հայտարարել է. «Իրանահայերի հետ մեր կապը մշտապես եղել է եղբայրական եւ բարեկամական»։ Նահանգապետը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ տ. Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ—իրանական հարաբերություններին. «Իրանահայերը մեր լավագույն քաղաքացիներից են, մեր քրիստոնյա հայրենակիցների հետ մեր ունեցած մտերիմ կապը մշտապես եղել է ու շարունակում է մնալ։ Մենք հպարտ ենք, որ ծառայում ենք այդ սիրելի մարդկանց»։
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն էլ նշել է, որ, բարեբախտաբար, Թավրիզում մեր «մուսուլման քույրերն ու եղբայրները մեզ օտար աչքով չեն նայում»։
Այս ամենը վկայում է, որ իրանահայերը եղել եւ մնում են մեր հարեւան ու բարեկամ երկրի օրինավոր քաղաքացիներ եւ զերծ են մնում արտաքին խաղերի մասնակիցը դառնալուց, ի տարբերություն իրանաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների։ 
Սա էլ վստահություն է ներշնչում, որ հայ—իրանական կապերը կգործեն անխախտ եւ միասնաբար՝ ընդդեմ այն վտանգների, որ գալիս են Թուրքիայից ու Ադրբեջանից։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան էլ պաշտոնական այց է կատարել Կատար, որը եւս արաբական նավթաշատ երկրներից է եւ պատրաստ է ավելացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Կատարում նախ եւ առաջ շատ հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով եւ հսկայական գումարներ են տրամադրում այդ ոլորտի զարգացմանը, իսկ Հայաստանն ունի այդ ներուժը։ Չմոռանանք, որ Կատարը, լինելով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, ունի զանազան մեխանիզմներ ու հիմնադրամներ, որոնք ներդրումներ են կատարում տարբեր երկրներում ու տարբեր ոլորտներում՝ սկսած հանքարդյունաբերությունից մինչեւ գյուղատնտեսություն։ Հայաստանը կարող է ներգրավել ֆինանսական ներդրումներ։
Նման քաղաքականությունը պետք է շարունակել Մերձավոր Արեւելքի այլ երկրների հետ, որտեղ իրենց դիրքերը փորձում են ամրապնդել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Եգիպտոսի եւ այլ արաբական երկրների կողքին, իհարկե, պետք է ամրապնդել կապերը նաեւ Իսրայելի հետ, եւ ոչ միայն տնտեսական։ Նման քաղաքականությունը ոչ միայն կամրապնդի Հայաստանի դերն ու նշանակությունը Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջաններում, այլ հնարավորություններ կստեղծի, որ Երեւանը բանակցային հանդիպումների վայր լինի, Հայաստանն անգամ կարող է միջնորդ երկիր դառնալ հարաբերությունների կարգավորման առումով, ինչպես՝ արաբա—իրանական, իսրայելա—իրանական, իսրայելա—պաղեստինյան, այնպես էլ այլ հակամարտությունների համար։
Բայց մինչ այդ պետք է միշտ ուշադիր լինել մեր հակառակորդի կողմից իրականացվող սրացումները հայ—ադրբեջանական սահմաններին կանխելու համար։ Օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանն էր ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, երկու օր առաջ էլ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց նրան։ Քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ հայ—ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը։ Իհարկե, քննարկել են նաեւ հակամարտության կարգավորման գործընթացում հումանիտար բնույթ կրող գործողությունները, ընդգծել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի համադրման անհրաժեշտությունը։
Իսկ երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ (եւ առաջին տիկին) Մեհրիբան Ալիեւայի հետ։ Մոսկվայում քննարկել են տարբեր ոլորտներում ռուս—ադրբեջանական համագործակցության հարցերը։
Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է ամեն կերպ հասնել ռուսական կողմի աջակցությանը՝ միաժամանակ վնասելով Հայաստանի ու Իրանի շահերը, ինչպես գերտերությունների հետ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանում։ Եվ պաշտոնական Երեւանը արտաքին հարաբերություններում պետք է հաշվի առնի նաեւ այս սադրիչ քայլերը, որը Բաքուն եւ Անկարան միասնաբար են ծավալում ու բոլոր ուղղություններով։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 272 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024