Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երկկողմ հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ—ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ ջերմ ընդունելության համար։ «Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար։ Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի եւ նոր նախագծերի իրականացումը։ Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի՝ ԵՏՄ—ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առեւտրաշրջանառության աճի խթանման, նոր ներդրումների ներգրավման եւ նոր շուկաների ձեռքբերման համար։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ անցած տարի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Նշենք, որ այսօր առավոտյան Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ կունենա Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ։ Հանդիպումից հետո վարչապետ Աբրահամյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդրանիկ նիստին։
|