Չնայած ՆԱՏՕ—ն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն դաշինքի անդամ պետությունները մտահոգությամբ են հետեւում դեպքերի զարգացմանը։ Այս մասին Երեւանում անցկացվող հանդիպման ժամանակ նշեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ «Մենք քննարկել ենք տարածքային անվտանգության հարցերը, եւ չնայած ՆԱՏՕ—ն ներգրավված չէ հակամարտության կարգավորման գործում, սակայն մենք ակնկալում ենք դրա խաղաղ կարգավորումը։ Ինչ վերաբերում է շփման գծում առաջացած լարվածությանը, կարող եմ ասել, որ դաշինքի անդամները մտահոգությամբ են հետեւում դեպքերին։ Դրանք, իրոք, մտահոգիչ են, եւ կա կարծիք, որ վերջին շրջանում ստեղծված լարվածությունը ամենաուժեղն էր վերջին տարիների ընթացքում։ ՆԱՏՕ—ն սատարում է Մինսկի խմբի աշխատանքներին, եւ կրկնում եմ՝ ՆԱՏՕ—ի բոլոր անդամները աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Ապատուրայը։
Հայաստանի խաղաղապահ ուժերի հերթական առաքելությունը նախորդից տարբերվում է նրանով, որ մարտական չէ եւ հետապնդում է վերապատրաստման ու ուսուցման նպատակ, հայտնեց Ջեյմս Ապատուրայը։ «Երկու առաքելությունների հիմնական տարբերությունն այն է, որ նախորդ գործողությունը մարտական առաքելություն էր, իսկ սա մարտական չէ, այն հիմնականում ուղղված է լինելու ուսուցմանը։ Մենք մեր զորքերը չենք տեղակայելու աֆղանական ուժերի հետ։ Քանակական առումով եւս սա շատ ավելի փոքրաթիվ առաքելություն է լինելու»,–նշեց նա։
ՆԱՏՕ—ի ներկայացուցիչն ընդգծեց, որ Հայաստանը եւս մասնակցել է առաքելության ծրագրի մշակմանը։ «Մենք հստակ քաղաքականություն ունենք ՆԱՏՕ—ում, համաձայն որի՝ այն երկրները, որոնք մասնակցում են այս գործողություններին, մասնակցում են նաեւ ծրագրերի մշակմանը։ Հայաստանը եւս մասնակից է դարձել այս առաքելության ծրագրի մշակմանը»,–հավելեց Ապատուրայը։
Այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կամ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ, չի խոչընդոտում ՆԱՏՕ—ի հետ նրա համագործակցությունը, հայտարարեց Ջեյմս Ապատուրայը։
«Մենք չենք կրճատել մեր ծրագրերը, ավելին՝ ավելացրել ենք համագործակցությունը, որը համապատասխանում էր մեր երկարաժամկետ ծրագրերին։ Շատ նոր ծրագրեր ենք նախատեսում, որոնք տեղավորվում են Անհատական գործողությունների ծրագրում։ Օրինակ՝ մտադիր ենք ուժեղացնել հայ սպաների կրթության հարցում ներգրավվածությունը։ Ցանկանում ենք նաեւ աջակցություն ցուցաբերել մարդկային կապիտալի կառավարմանը եւ միջմշակութային հաղորդակցությանը»,–նշեց Ապատուրայը։ «Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկիրն էր, որ իրականացրեց բոլոր գործողությունները՝ Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված է մեր համագործակցությամբ։ Բացի այդ, մենք միասին ռազմական կրթության, կոռուպցիայի դեմ պայքարում եւ այլ բնագավառներում ընդհանուր աշխատանքներ ենք տանում։ Մի կողմից՝ դա ցույց է տալիս մեր ունեցած ամուր համագործակցությունը, մյուս կողմից էլ՝ մենք ցույց ենք տալիս, որ հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը»,–ընդգծեց նա։
|