Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ—ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ զբաղեցնող ԱՄՆ—ի հետ հարաբերությունները եւ պատրաստակամ է շարունակելու ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված մեր պետականության առավել ամրապնդմանն ու զարգացմանը։ Նախագահը միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ—ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական եւ անվտանգության բնագավառներում համագործակցությունը։ Դեսպանի հավաստմամբ, ԱՄՆ—ը շահագրգիռ է աշխատելու հայ—ամերիկյան առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք կարեւորել են տնտեսական հարցերով հայ—ամերիկյան հանձնաժողովի գործունեությունը։ Նրանք քննարկել են նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ—ի միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում եւ արտերկրում տեղի ունենալիք՝ ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|