ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 21:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Նման հզոր բանակ վաղուց չենք ունեցել /Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց եւ պարգեւներ հանձնեց Հայոց բանակի 23—րդ տարեդարձի առթիվ/
10:08
Նման հզոր բանակ վաղուց չենք ունեցել /Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց եւ պարգեւներ հանձնեց Հայոց բանակի 23—րդ տարեդարձի առթիվ/

Հայոց բանակի կազմավորման 23—րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության եւ ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով։ ՀՀ նախագահի նստավայրում երեկ կայացավ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինծառայողներին եւ ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղեց մեր հայրենակիցներին։
«Հարգելի՛ պարգեւատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու եւ Հայկական բանակի օրվա կապակցությամբ։
Մենք հպարտանում ենք ձեզնով։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի եւ հայրենանվեր ծառայության համար։
Այսօր պարգեւներ ենք հանձնում, ցավոք, նաեւ հետմահու։ Փա՛ռք նրանց հիշատակին։ Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու։
Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարեւորության մասին, դրա նշանակության եւ բարդության մասին։ Բայց նաեւ խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին։
Եվ, ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջեւ, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում։ Թույլ տվեք այսօր եւս նույն կերպ վարվել։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ։
Մեր երկրի եւ ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց։ Հայոց բանակը բառացիորեն ամեն օր եւ ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ։ Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետեւ բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել։ Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու։ Դրա անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարում մեզ՝ հայերիս, ոմանք որոշել են վախեցնել մարդասպանությամբ՝ հայասպանությամբ։ Խոստովանում ենք. 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված եւ հաջող իրականացված ցեղասպանություն էր։ Նաեւ գիտակցում ենք, որ նման ծրագիր կարող էր իրականացվել միայն հայկական պետականության բացակայության պայմաններում։
Այսօր՝ այս տոնական օրը, դժվար հասկացողների համար ես մեկ անգամ եւս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ եւ բանակով։ Նա վերադարձել է դժոխքից։ Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն։ Նման փորձերը ուշացած են առնվազն 100 տարով։
Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ։ Արդյո՞ք որեւէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր։ Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլեւ հարեւան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին։ Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից։ Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, եւ այդ հողերը ենթակա են այսպես ասած՝ «ազատագրման»։ Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները։
Իսկ ի՞նչ ենք ասում մենք։ Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում։ Վերջակետ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր բանակը ձեւավորման օրվանից, երբ դեռեւս պաշտոնական անվանում էլ չուներ, թրծվել է պատերազմի կրակների մեջ։ Նա ծնվել է որպես մեր ժողովրդի ապրելու եւ ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի եւ անմահության առհավատչյա։
Նման հզոր բանակ մենք վաղուց չենք ունեցել։ Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ։ Մեր զինվորականներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, իսկ մեզ բոլորիս՝ խաղաղություն»։
ՀՀ նախագահի հրամանագրով զինված ուժերի գնդապետ Օնիկ Գասպարյանը երեկ ստացավ գեներալ—մայորի կոչում։ Իր ելույթում նորընծա գեներալ—մայորը նշեց, որ յուրաքանչյուր զինվորականի համար պատիվ ու հպարտություն է գերագույն գլխավոր հրամանատարից պարգեւ ստանալը։
«Բայց առավել մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է՝ մեր առջեւ դրված խնդիրները ավելի արդյունավետ կատարելը։ Մարտական առաջադրանքների կատարման ընթացքում, ցավոք, մենք ունեցանք կորուստներ, մեր զինակից ընկերները հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարեցին մինչեւ վերջ։ Հավերժ փառք մեր զոհված մարտական ընկերներին»,–ասաց Օնիկ Գասպարյանը եւ ավելացրեց՝ հակառակորդը թանկ է վճարել հայ զինվորների թափած արյան համար։
«Պարո՛ն նախագահ, բոլորիս անունից վստահեցնում եմ Ձեզ եւ ողջ ժողովրդին, որ մեր բանակի սպաներն ու զինվորները պատրաստ են պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր, անառիկ պահել հայրենիքի սահմանները եւ ապահովել ժողովրդի խաղաղությունը»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալեւային պարգեւատրեց Երախտագիտության մեդալով։ Պասկալեւան, դիմելով ներկաներին, ընդգծեց, որ արարողությանը ներկա բոլոր զինվորականների հետ միասին նույն ճանապարհն է անցել, որը լի է եղել կորուստներով եւ տառապանքով, սակայն, ի վերջո հնարավոր է եղել հասնել ընդհանուր հաղթանակի. «Մենք անցել ենք ճանապարհ եւ հիմա ընդհանուր հիշողություն եւ ընդհանուր պատասխանատվություն ունենք։ Մենք հիշում ենք արված մեծ գործը, մեր կորցրած ընկերներին, ում առջեւ մենք միշտ խոնարհում ենք մեր գլուխները, պատասխանատու ենք այն ամենի համար, ինչին հասել ենք։ Մենք այս հաղթանակին հասել ենք մեծ հայորդիների արյան եւ հայ մայրերի արցունքների գնով։ Այն մերն է։ Եվ հիմա այստեղ՝ Հայաստանում, Ղարաբաղում մենք պատասխանատու ենք այդ հաղթանակի արդյունքը պահպանելու հարցում»։ 
Նա հայ զինվորին կոչ արեց լինել խիզախ եւ ազնիվ եւ պահել հայրենիքի սահմանները. «Պաշտպանեք ձեզ վստահված սահմանները հանուն ձեր հայրենիքի, հանուն ձեր ծնողների։ Կորուստներն իսկապես շատ են, սակայն այսօրվա զինվորները ընդհանուր հաղթանակի մի մասնիկն են։ Սիրելի՛ զինվորներ, համարեք, որ պատերազմի ընթացքում ընկած բոլոր տղաները ձեզ հետ են, մեզ հետ են։ Նրանք միշտ կլինեն մեզ հետ։ Նրանք մեզ ուժ են տալու, որպեսզի մենք կարողանանք մինչեւ վերջ կանգուն մնալ, որպեսզի կարողանանք հասնել ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծման։ Ես համոզված եմ, որ մենք դրան հասնելու ենք։ Դա լինելու է շուտով։ Մենք պետք է հավատանք եւ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ։ Թող հայ ժողովուրդը լինի ուժեղ եւ խիզախ, թող ծաղկեն հայկական հասարակությունը եւ պետությունը։ Ես միշտ լինելու եմ ձեզ հետ։ Ես այսօր շնորհակալ եմ ձեզ ձեր հոգատարության համար։ Այն ինձ ուժ է տալու ձեզ հետ ձեր վիշտը եւ ուրախությունը կիսելու համար»։
Ապա դիմելով զոհված զինծառայողների ծնողներին՝ ասաց. «Սիրելի՛ ծնողներ, ներեցեք, որ մենք կորցրինք ձեր զավակներին։ Սակայն նրանք միշտ կմնան փառավոր հերոսների շարքերում. նրանք մեր հերոսներն են»։
Բանակաշինության գործում ունեցած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2—րդ աստիճանի մեդալով պարգեւատրված ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—լեյտենանտ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սերնդափոխության խնդիրներին՝ ասաց. «Սերնդափոխությունը բերում է նորություն, բանակի երիտասարդացում, ինչու ոչ՝ նաեւ պատասխանատվություն, որովհետեւ այսօրվա երիտասարդի համար մի քիչ ավելի պատասխանատու եւ դժվար է, քանի որ ինքը ոչ միայն պետք է կարողանա պահել, պահպանել ավագ սերնդի ձեռք բերածը, այլ նաեւ պետք է ապացուցի, որ ինքն արժանի զավակն է մեր հերոս տղաների»։
Հարցին, թե զինվորների մարտական ոգին շարունակո՞ւմ է բարձր մնալ՝ հաշվի առնելով հունվարյան լարվածությունները, Մ. Հակոբյանը նշեց, որ հակառակորդը երկրում տեղի ունեցած ցանկացած վատ դեպքի, ցնցումների ժամանակ գիտի, թե իր աստեղային ժամը եկել է եւ կարող է հաջողությունների հասնել։ Մինչդեռ այդ դժվարությունները հայ ժողովուրդը միշտ հաղթահարել է, հաղթահարում է եւ հաղթահարելու է. «Պատերազմը որպես այդպիսին ավարտված չէ, քանի որ խաղաղության պայմանագիր դեռեւս կնքված չէ, բայց սրացումները ժամանակ առ ժամանակ եղել են, կարծում եմ, որ կշարունակվեն, բայց դա բանակի համար որեւէ խնդիր չէ։ Բանակը հենց դրա համար է ստեղծված, որպեսզի այդպիսի ոտնձգություններին կարողանա դիմակայել եւ համարժեք պատասխան տալ»։


Որդին զոհվեց՝ թողնելով անուն ու բարձր պատիվ
 

Հունվարի 2—ի լույս 3—ի գիշերը՝ ժամը 03։15—ի սահմաններում, ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել իր ելման դիրքերը։ Սակայն հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը։ Վիրավորում էր ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը։
Երեկ «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվեցին ժամկետային զինծառայողներ Վարդան Մկրտչյանը եւ Խաչատուր Բադասյանը, իսկ «Մարտական խաչ» մեդալով՝ զինծառայող Մովսես Գասպարյանը։
Վարդան Մկրտչյանի հայրը՝ Մ. Մկրտչյանը, ով ստացավ զոհված որդու «Արիության մեդալը», լրագրողների հետ զրույցում նշեց, որ որդին ծնվել է 1995թ. հունիսի 12—ին, իր ծննդյան օրն էլ զինակոչվել է բանակ։
«Իր ցանկությունն էր, որ հենց այդ օրը բանակ գնա։ Ավարտել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջին կուրսը եւ մեկնել բանակ։ Պետք է վերադառնար ու շարունակեր ուսումը, բայց այս տարվա չարաբաստիկ հունվարի 3—ը նրա կյանքին վերջ դրեց։ Մեն—մենակ մնալով բազմաթիվ ազերիների դեմ, մարտնչելով, որդիս լուսաբացին զոհվեց։ Նա իր հետեւից թողեց անուն, պատիվ, հարգանք, որը վայել է հայ տղամարդուն»,–ասաց Վարդանի հայրը։
Մ. Մկրտչյանի խոսքերով՝ ամեն օր խոսել է տղայի հետ, նույնիսկ այդ դեպքից 20 րոպե առաջ է խոսել։ «Նրանից երբեք որեւէ բողոք չեմ լսել։ Սահմանի լարվածության մասին էլ ոչ մի բան չէր ասում։ Մեզ միայն ասում էր՝ հանգիստ եղեք, ոչ մի բան չկա, ամեն ինչ կարգին է։ Նա էր մեզ հույս տալիս»,–նշեց զինվորի հայրը՝ հավելելով, որ Վարդանը ամուսնացած չէր, բայց ուներ սիրած աղջիկ, որն անհամբեր սպասում էր նրան։
Հենց այս զոհված զինվորների կյանքի գնով սահմանին իրավիճակը փոքր—ինչ կայունացել է։ «Թեեւ կրակոցներ կան, սակայն հիմա անհամեմատ ավելի հանգիստ է սահմանին, ամեն ինչ նորմալ է»,–ասաց «Մարտական խաչ» 2—րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված պայմանագրային ծառայող Վիկտոր Ասիլբեկյանը։ Բնութագրելով սահմանից այն կողմ գտնվող հակառակորդին, ասաց, որ քաջ չեն, վախկոտ են։ Իսկ մեր զինվորները հակառակը՝ խիզախ են, պատրաստ են հակահարված տալու թշնամուն։


Բանակում բժշկությունը զարգացած է
 

Բանակի օրվա առթիվ, բարձր մասնագիտական գործունեության համար Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ, բժշկական ծառայության գնդապետ Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրված Արամ Ասատուրյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում բժշկությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա. «23 տարիների ընթացքում մեծ առաջընթաց ենք ապրել։ Այսօր մեր մասնագետները շատ պատրաստված են, վերապատրաստվում են տարբեր երկրների առաջատար կլինիկաներում եւ, Աստծուն փառք, կարողանում ենք մեր առջեւ դրված թե՛ մասնագիտական, թե՛ մարտական խնդիրները կատարել»։
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ բոլոր ժամկետային զինծառայողները նույնպես անցնում են ռազմաբժշկության պատրաստության դասընթացներ, ինչպես նաեւ անցկացվում են գործնական պարապմունքներ. «Անհրաժեշտ առաջին բուժօգնության հիմունքներին բոլորն են տիրապետում։ Կարծում եմ, որ մեր զինվորները հետագայում էլ քաղաքացիական կյանքում կարող են ծառայության ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները անհրաժեշտության դեպքում կիրառել»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 374 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024