Գլխավոր էջ » 2015»Փետրվար»2 » Նշվեց Սուրբ Սարգսի տոնը /Եկեղեցիներում կատարվեց երիտասարդների օրհնության հատուկ կարգ/
10:08
Նշվեց Սուրբ Սարգսի տոնը /Եկեղեցիներում կատարվեց երիտասարդների օրհնության հատուկ կարգ/
Ամեն տարի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Առաջավորաց պահքի շաբաթ օրը նշում է հանուն հավատի նահատակված սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների տոնը։ Սուրբ Սարգիսը այն սրբերից է, ով առկա է եղել մեր կենցաղում, մշտապես եղել է մեր ավանդապատումներում՝ որպես սիրահարներին օգնության հասնող։
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է իբրեւ երիտասարդների օրհնության օր։
Տոնի առիթով այսօր սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի ս. պատարագ, եւ բոլոր եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության հատուկ կարգ։
Մատենադարանից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի 17—րդ դարում Ավետիս երեցի կողմից Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը սրբի մասունքի հետ սուրբ պատարագի ընթացքում կդրվի սուրբ սեղանին, եւ հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու սուրբ Ավետարանին։ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը։
Սուրբ Սարգսի տոնի կիզակետը կլինի խաչերթը, որը կմեկնարկի պատարագից հետո՝ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցուց ձգվելով դեպի Սիրահարների այգի։