Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով մարտի 26—ին՝ երեկոյան, Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ հայր Աթանաս վարդապետի կողմից Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կայացավ ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվեցին զատկական տոնակատարությունները, եւ ազդարարվեց Մեծ պահքի շրջանի ավարտը։ Սբ. ճրագալույցի լույսը ներկաները Եկեղեցուց տարան տներ։ Իսկ 27—ին հոգեւոր հայրը եկեղեցու կամարների տակ Տերունական աղոթքով օրհնեց ներկաներին, ովքեր մոմեր վառելով, սպասում էին հոգեւոր արարողաության սկսվելուն։ Ապա սարկավագի ու օգնականի հետ, եկեղեցու երգչախմբի կողմից կատարված տոնին համապատասխան շարականների, սաղմոսների հնչյունների ուղեկցությամբ մատուցեց սուրբ պատարագը։
Ներկա էին շրջվարչակազմի ներկայացուցիչներ, բերձորցիներ, շրջանի տարբեր համայնքների բնակիչներ, հյուրեր։ Ուրախալի է, որ շատ էին մանուկները, ովքեր մինչեւ վերջ ներկա եղան ս. պատարագին, արժանի եղան վարդապետի օրհնանքին, իրենց ներկայությամբ զարդարեցին եկեղեցու ներսն ու բակը։ Պատարագից հետո հայր Աթանասը դիմեց առ Աստված, որ Տերը զորավիգ լինի մեր ժողովրդին, աշխարհին պարգեւի խաղաղություն, մեր երկրին բարգավաճում, հայ զինվորին հոգու կորով ու զգոնություն, առողջություն, բարի վերադարձ։ Ս. Համբարձման եկեղեցուն կից ծխական խորհուրդը հոգացել էր տոնի խորհրդանիշ ուտեստների ապահովումը։ Հայր Աթանասն օրհնեց զատկական կարմիր հավկիթները։
Այնուհետեւ եկեղեցու բակում ներկաները ճաշակեցին դրանք եւ ըմպեցին կարմիր գինի, իսկ մանուկները նաեւ իրականացնում էին ժողովրդական դարավոր ավանդույթներից մեկը՝ հավկիթներ կռվեցնելը։
|