ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում հունվարի 12—ին կատարված դաժան սպանության գործի քննության ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով քննչական խմբի ղեկավարների եւ դատախազական հսկողություն իրականացնող պաշտոնյաների հետ մեկնել էր Գյումրի։
«Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկել եւ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվություն կիրառվի ցանկացած անձի հանդեպ, որը որեւէ առնչություն է ունեցել կատարված ողբերգության հետ»,–Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազը։
«Դա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ։ Մենք, ողջ իշխանությունը, իրավապահ համակարգը բացարձակ հետեւողական են այս հարցին, եւ դուք հնարավորություն կունենաք գնահատելու այդ հետեւողականությունը։ Մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք մեր օրենսդրության եւ միջազգային իրավունքի տեսակետից, որ անձը քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում»,–հավելել է Գեւորգ Կոստանյանը։
Նա տեղեկացրել է, որ Պերմյակովին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 6 անձի սպանության եւ մեկ անձի՝ մանկահասակ երեխայի, սպանության փորձի համար։ Այս երկու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։
«Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը՝ գնդակներ, պարկուճներ, կոշիկներ, գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավապահների իրավազորության ներքո։ Այսօր արդեն հարցաքննություն կանցկացվի ու մեղադրանք կառաջադրվի»,–նշել է գլխավոր դատախազը։
Նրա խոսքով. «Այդ անձը քրեական պատասխանատվության եւ պատժի է ենթարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հանգամանքը՝ կգտնվի ռուսական ռազմաբազայի տարածքում թե այլ տարածքում, դա չէ կարեւորը։ Կարեւորը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության առջեւ կանգնելու փաստն է։ Մենք հարուցել ենք քրեական գործ եւ իրականացնում ենք քրեական հետապնդում տվյալ անձի նկատմամբ»։
Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը գնալու է 102—րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ Պերմյակովի հետ։
Երեւանում տեղակայված ռուսական հինգերորդ կայազորի դատարանի որոշմամբ Վալերի Պերմյակովի համար նախօրեին խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին «Panorama.am»—ին հայտնել է հինգերորդ կայազորի դատարանի դատավորի օգնականը։ Նա նշել է, որ Վ. Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105—րդ հոդվածի 2—րդ մասի 1—ին եւ 3—րդ կետի եւ 338—րդ հոդվածի 2—րդ մասի հատկանիշներով՝ սպանություն եւ դասալքություն։
ՀՀ—ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարություն է տարածել ոճրագործության կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ կատարված գազանությունն արդարացում չունի, եւ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Նա հույս է հայտնել, որ համատեղ ուժերով կհաղթահարվի ստեղծված իրավիճակը։
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը իր անկեղծ ցավակցություններն է հայտնել տեղի ունեցածի առթիվ եւ խնդրել չտրվել զգացմունքներին՝ վստահ լինելով, որ երկու կողմն էլ շահագրգռված են օբյեկտիվ քննության իրականացմամբ, եւ մեղավորները խստագույնս պետք է պատժվեն։
Ռուս պատմաբան, հրապարակախոս Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ այս դեպքը ռուսական բանակի վրա չափազանց ամոթալի բիծ է։ Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ սա քրեական երեւույթ է, որը պետք է պատժվի խստագույնս։
Փորձագետը նշել է, որ Գյումրիում ռուսական ռազմական բազայի գործունեության վերաբերյալ համաձայնագրով, համաձայնագրի իրավական կարգավորումներով՝ քրեական բնույթի բոլոր իրադարձությունները պետք է քննվեն եւ հանգուցալուծվեն Հայաստանի տարածքում։ Մ. Կոլերովի կարծիքով՝ նախաքննություն կարող են իրականացնել երկու երկրների համապատասխան մարմինները, սակայն դատաքննությունը պետք է կայանա Հայաստանում։
Գյումրիի ռուսական 102—րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հանդես է եկել հայտարարությամբ։
«Հրամանատարությունը ցնցված է սարսափելի ողբերգությունից, եւ մենք սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին։
Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը շատ փորձությունների միջով է անցել, եւ այժմ եւս մեկ փորձության ժամանակն է։ Նման հանցագործություն կատարողներն ազգություն չունեն։
Վստահեցնում եմ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը։ Ներկա պահին հայ եւ ռուս իրավապահներն իրականացնում են անմարդկային այս սպանության գործի օբյեկտիվ եւ համակողմանի քննությունը»,–ասել է նա։
Կատարված ոճրագործության կապակցությամբ երեկ ցավակցություն են հայտնել Հայաստանում ԱՄՆ—ի եւ ԻԻՀ դեսպանությունները։
Երեկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Գյումրիում՝ Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ եւ Երեւանում՝ Հայաստանում ՌԴ դեսպանության շենքի մոտ։
Գյումրիում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջել են ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից դիմել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին՝ հանցագործին հանձնելու Հայաստանի իրավապահներին։
Արձագանքելով ցուցարարների պահանջին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստացել է, որ այդ հարցով կդիմի Ռուսաստանի գլխավոր դատախազին։ Նա կրկին խոստացել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի հանցագործը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության։
Նույն պահանջն են ներկայացրել Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ հավաքվածները։ Ակցիայի ընթացքում երկու հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այնուհետեւ ակցիայի մասնակիցները շարունակել են բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորության գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը հայտնել է, որ հարցաքննությունից հետո հայ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Պերմյակովին։ Նա նշել է, որ երկու գործերը՝ դասալքության եւ սպանության, չեն միավորվի, եւ հայկական կողմը, քրգործ հարուցելով, նախաքննություն կանցկացնի։
Հավաքվածները Մուրադյանի հետ հանդիպմանը նրանից եւ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել են, որպեսզի գործը քննվի Հայաստանում եւ մեղավորն իր պատիժը կրի Հայաստանում։
Գյումրիում ինքնաբուխ ակցիայի մասնակիցների եւ հատուկջոկատայինների հետ բախման ժամանակ, ըստ որոշ տվյալների, վիրավորվել է 14 մարդ, 5—ը՝ ոստիկան։ Նախնական տվյալներով՝ ցուցարարները, Գյումրիի բժշկական կենտրոնում օգնություն ստանալով, հեռացել են հիվանդանոցից, իսկ ոստիկանները, որոնք վնասվածք են ստացել գլխի հատվածում, շարունակել են բուժում ստանալ։
|