2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին։ Սա վերաբերում է նաեւ Հայաստանին։
Որովհետեւ բացահայտման պահանջը ԱՃԹՆ—ինն է, իսկ Հայաստանը ԱՃԹՆ—ից անմասն չէ։
Հապավումը բացվում է որպես արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն։ Սա բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող միջազգային ստանդարտ է, որին 2017թ. դրությամբ անդամակցում են 51 երկրներ։ ՀՀ—ն դեռ երեք տարի առաջ է նախաձեռնել ԱՃԹՆ—ին անդամակցության գործընթացը։ 2016թ. մեր կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը եւ 2017թ. արդեն ՀՀ—ն ԱՃԹՆ—ի թեկնածու երկիր էր։ 2019թ. ՀՀ—ն կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ—ի ստանդարտին համապատասխանող երկիր։ Եթե, իհարկե, հաշվետվողականության մեխանիզմները պատշաճ ներդնի։
Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։ Օրինակ՝ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս նախաձեռնությանն անդամակցող երկրները պարտավորվում են ամենամյա զեկույցներ հրապարակել, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի եւ վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Կամ՝ ԱՃԹՆ—ն մի ստանդարտ ունի, որի համաձայն, պարտադիր պետք է հրապարակվի ընդերքօգտագործողների կողմից այս կամ այն համայնքի արտաբյուջե կատարված վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հիմա՝ ԱՃԹՆ—ի չափորոշիչներով առաջնորդվող պետությունները պետք է մշակեն հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ։ Դրա շնորհիվ կբացահայտվեն իրական սեփականատերերը, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք։ Մինչ այս քարտեզին հասնելը մենք ԱՃԹՆ—ի բազմաշահառու խումբ ունեինք (հիմա էլ կա), որ 6 գերատեսչությունների, ոլորտի խոշոր հանքարդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ունի կազմում։ Նրանք էլ ճանապարհային քարտեզը հավանության են արժանացրել եւ ուղարկել միջազգային քարտուղարություն (քարտեզի մշակման հարցերում տեխնիկական աջակցություն էր ցույց տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը)։ Իրական սեփականատերերին բացահայտելու համար ճանապարհային քարտեզում հստակ միջոցառումներ էին նշվել։
Ու որպեսզի դրանք արդյունավետ իրագործվեն, փաստաթուղթը կառավարության որոշմամբ արձանագրելու անհրաժեշտություն եղավ։ Դա էլ արվեց։ Դեռ այս տարվա մարտին գործադիրը առաջարկեց հստակ քայլերը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ վստահեցրեց, որ 2020թ. հունվարի 1—ի դրությամբ ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերը բացահայտված կլինեն։ Նախարարությունից վստահեցրին նաեւ, որ ճանապարհային քարտեզում նշված քայլերը արդյունք կտան։ Եվ որոշ ժամանակ անց հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը։
Ի դեպ, ասենք, որ ճանապարհային քարտեզով նշված քայլերի մի մասը կարվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում։ Նկատենք նաեւ, որ երբ բազմաշահառու խմբի առաջին նիստը եղավ, որին ներկա էին միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նրանք եւ մեր կառավարությունը նշեցին, որ շատ շուտով հանքարդյունաբերությունում խոսքը նոր որակի մշակույթի մասին է լինելու։ Քանզի ստեղծվում է եռակողմ միասնական հարթակ, որին մասնակցում է քաղհասարակությունը, բիզնեսը, կառավարման համակարգը եւ նպատակը հաշվետվողականությունն է, թափանցիկությանը։ Եվ խոսքը առաջին հերթին այս երկու կարեւոր հենասյուների մասին է։ Բնականաբար, աշխատանքի ընթացքում կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնք լուծում կպահանջեն։ Բայց կարեւորն այն է, որ մասնակցում են բոլոր կողմերը եւ մասնակցում են հավասար։
Իսկ թե ճանապարհային քարտեզով նախանշված ինչ քայլերի մասին է խոսքը ու ինչ է արվելու մասնավորապես, առանձին կներկայացնենք։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|