Կառավարության երեկվա նիստից հետո լրագորղները Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից մի շարք պարզաբանումներ խնդրեցին ՓՄՁ—ի մոտ տարվող կոշտ վարչարարության մասով լուրերի հետ կապված։ Ու նաեւ, որ ոլորտի մասնակիցները բողոքում են, եւ այսպես շարունակվելու պարագայում կարող է դժգոհության մեծ ալիք բարձրանալ։
Ի պատասխան այս կարգի հարցադրումների՝ Դավիթ Անանյանը նախ նկատեց, որ փոքր ու միջին բիզնես իրականացնող եւ հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում։ «Ես այդ հայտարարությունը վերահաստատում եմ»,—ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Նա միաժամանակ հավելեց, որ եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել, եւ ՓՄՁ—ների կարծիքով իրենց նկատմամբ սխալ է եղել այդ վարչարարությունը, ապա կարող են դիմել հսկողական վարչություն՝ կոնտակտային այն տվյալներով, որոնք նախապես ՊԵԿ—ը տրամադրել է։ Պաշտոնյան վստահեցրեց, որ բոլոր հարցերը կքննարկվեն։
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե կարող է «բունտ» հասունանալ, ապա ՊԵԿ ղեկավարը, իր իսկ խոսքերով, «բունտերից» չի վախենում, եւ բունտերով չէ, որ պետք է շարժվի, այլ օրենքի տառով։ «Եթե օրենսդրությունը լավը չէ, պետք է փոխենք։ Դրա համար կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերին օրենսդրական փոփոխությունների փաթեթով կգնանք Ազգային ժողով։ Մինչեւ սեպտեմբեր փաթեթը կյանքի կկոչվի, մենք՝ որպես ՊԵԿ, վարչարարություն իրականացնող մարմին, պարտավոր ենք կիրառել օրենսդրության տառը։ Եթե դա հարկ վճարողների դուրը չի գալիս, կներեք, դուր չգալով, մեզ հարգելու կամ բունտ անելու կատեգորիաներով առաջ չենք շարժվելու»,–շատ հստակ հղեց իր «մեսիջը» ՊԵԿ նախագահը։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու հետ կապված հարցը (քաղաքացու պատմելով 100 դոլարանոց լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսազերծման փող էին ուզել, իսկ լվացքի մեքենան ջարդելու մասին տեսանյութը տարածվել էր սոցիալական ցանցում)։ Ի պատասխան ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան նախ ասաց, որ իրենք խնդրո առարկայի շուրջ պարզաբանում տվել են։ Հետո, իհարկե, որոշ մանրամասներ ներկայացրեց նրանց համար, ովքեր տեղյակ չէին այդ պարզաբանումից։ Ըստ այդմ, տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երեւանի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, ով, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների եւ ներմուծումների պատկառելի փորձ։ Միայն 2010—2017թթ. տվյալ անձը 5 անգամ փոխել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, ինչը չենք կարծում, թե որեւէ կերպ կարող էր օգնել անձնական օգտագործման օգտագործված ապրանքների ներմուծման գործընթացին։ Եվ դեպքի օրը տվյալ անձը ավտոմեքենայով հատել է սահմանը ու ներկայացել մաքսային մարմիններին՝ ավտոմեքենայում ունենալով որոշակի ապրանքներ։ «Բնականաբար, այդ ապրանքներից այն մասը, որոնք չեն գերազանցել առանց մաքսային վճարների ֆիզիկական անձանց կողմից ներմուծման համար թույլատրված բնաիրային եւ արժեքային քանակները, մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել քաղաքացուն՝ առանց մաքսային վճարների գանձման։ Սակայն լվացքի մեքենայի համար, որը գերազանցել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները, քաղաքացուն տեղեկացվել է, որ պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիր եւ վճարի համապատասխան վճարներ, ինչից քաղաքացին հրաժարվել է»,—ասաց Դավիթ Անանյանը։
Իսկ 100 դոլար մաքսավճարի մասին, ըստ ՊԵԿ նախագահի, խոսք անգամ չի եղել՝ այն պարզ պատճառով, որ քաղաքացին սկզբունքորեն հրաժարվել է հայտարարագրել տվյալ լվացքի մեքենան, այսինքն՝ մաքսային վճարների հաշվարկ չի կատարվել։
«Կրկնում եմ,—եզրափակեց Դավիթ Անանյանը ընդհանրապես բոլոր դեպքերի մասով,—եթե կան օրենքում բացթողումներ, ապա դրանք փոփոխելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Վստահեցնում եմ՝ որեւէ մեկը չի կարող շրջանցել օրենքը, եւ այս հարցում ՊԵԿ—ը լինելու է հետեւողական՝ բոլոր գործընթացներն իրականացվելու են բացառապես օրենքի գերակայությամբ՝ բացառելով կոռուպցիոն երեւույթները»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|