Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները եւ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաեւ նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները։
Զեկուցվել է, որ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի եւ դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին։ Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախության խնդրի լուծմանը։ Եթե 2010 թվականին ՀՀ–ում հացահատիկի ապահովվածությունը կազմում էր 36 տոկոս, ապա 2014–ին այն հասել է 51 տոկոսի։ 2014–ին ավելացել են նաեւ մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ։
Գյուղատնտեսության նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այս տարի եւս կրելու են շարունակական բնույթ։ Նախարարի տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք։ Նշվել է, որ նույն ծրագրի առաջին փուլի իրականացումը, որի ընթացքում կոոպերատիվներ են ստեղծվել 50 համայնքներում, նպաստել է գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկայով ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքների համակարգված իրականացմանը, անասնագլխաքանակի ավելացմանը։ Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում կբացվի 5 սպանդանոց, ինչը կբերի սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծմանը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Նշվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայանները պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում։ Վարչապետը կարեւորել է գերատեսչությունների եւ մարզպետարանների արդյունավետ, համակարգված ու միասնական աշխատանքը, հորդորել պատասխանատու անձանց ցուցաբերել նախաձեռնողականություն՝ առկա խնդիրների լուծման եւ նոր ծրագրեր իրականացնելու գործում։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր հարցերի լուծմանը, եւ շեշտել բոլոր շահագրգիռ մարմինների հնարավորություններն ու ջանքերը համատեղելու կարեւորությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր եւս։
|