Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում—խորհրդակցությունը Երեւանի եւ Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ—երի համար եղել է հաջողությունների եւ որակական առաջընթացի տարի։ Ըստ Սեյրան Օհանյանի՝ հետեւողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլեւ ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը։ Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ—երում արտակարգ պատահարների 6%, հանցածին երեւույթների հետեւանքով առաջացող միջադեպերի 8% եւ մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը։ Ինչպես ընդգծեց նախարարը՝ ստացված արդյունքները գոհացուցիչ են, սակայն ձեռքբերումները պետք է համարել մեծ գործի սկիզբ եւ կրկնապատկված եռանդով առաջ շարժվել։
Առաջընթաց կա նաեւ անվտանգության մակարդակի բարձրացման առումով, եւ 2015թ. գերակա խնդիրը եւս պետք է լինի մարտական հերթապահության եւ մարտական խնդիրների կատարման արդյունքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը արտաքին ագրեսիայից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ մենք պարտավոր ենք խելացի պաշտպանություն իրականացնել, վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա քիչ ուժերով, ավելի շարժուն ու փոքր ստորաբաժանումներով լուծել մեծ խնդիրներ՝ հատկապես որ դրա նախադրյալները կան։ Ազգային բանակի անցած ճանապարհը դրա վառ ապացույցն է։
«ԶՈՒ—երի պատրաստությանը եւ պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսի ներքո եւ տարին հայտարարելով «Մարտական կարողությունների զարգացման տարի» 2015թ. հիմնական անելիքը լինելու է բարեվարքության, ազգային ավանդույթների ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 21—րդ դարի բանակներին բնորոշ արդիականացված տարրերի ներդրումը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված մարդակենտրոն բանակի ստեղծումը՝ ԶՈՒ—երի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների հիմք դարձնելով կրտսեր հրամանատարական կազմի ինքնուրույնության եւ նախաձեռնողականության խթանումը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ որոշ հրամանատարների, պետերի զինվորամոլությանը վերջ դնելու նպատակով 2015 թվականին պաշտպանական համակարգի հրամանատարական ու կառավարման բոլոր մակարդակներում ներդրվելու է «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգը՝ ուղղված ենթակաների նախաձեռնողականության մակարդակի բարձրացմանը, նրանց ազատությանը որոշումներ ընդունելու հարցում, իսկ նոր հայեցակարգի վերջնանպատակը մեկն է՝ հակառակորդից մշտապես մեկ քայլ առաջ գտնվել։
Խորհրդակցությունը եզրափակվել է պարգեւատրման արարողությամբ։ 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած, բարեխիղճ եւ օրինակելի ծառայության համար, ինչպես նաեւ փոխգործակցության ամրապնդման եւ բանակաշինության գործում ունեցած ավանդի համար մի շարք զինծառայողներ, ՏԻՄ—երի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ պարգեւատրվել են գերատեսչական մեդալներով, նվերներով։ Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ մարզպետներին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց հուշանվեր դաշույններ։
|