Երեկ Գյումրիի Ս. Նշան եկեղեցում տեղի է ունեցել հունվարի 12—ին Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը։ Դաժան ոճրագործության քննության ընթացքը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։
«Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսնենք եւ հնարավորություն կունենանք հետեւելու ամբողջ ընթացակարգին եւ կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,–երեկ երեկոյան հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեորգ Կոստանյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հետեւողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում»,–հավելել է նա։
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ կատարված սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաեւ՝ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ։
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նաեւ առերեւույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաեւ՝ բռնվելու հանգամանքները։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ— որոնողական միջոցառումներ՝ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու եւ հարցաքննելու ուղղությամբ։
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102—րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14—ին որոշում է կայացվել վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104—րդ հոդվածի 2—րդ մասի 1—ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ։ Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ։
Հաղորդագրություն է տարածել նաեւ ոստիկանությունը։
«Ի պատասխան ԶԼՄ—ներից ստացված հարցումների հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում հունվարի 12—ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ—հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը։
ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը»,–ասված է հաղորդագրությունում։
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102—րդ ռազմակայանում, եւ բոլոր մեղավորները բացահայտվել են։ Բանակի գեներալ Ա. Բախինը հայտնել է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102—րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ եւ ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները։
Երեկ Գյումրիում տեղի է ունեցել ավտոերթ, որն ավարտվել է ռուսական 102—րդ ռազմաբազայի մոտ։ Մասնակիցները պահանջել են, որ հանցագործի դատավարությունն անցկացվի Հայաստանում։
Երեկ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց կազմակերպվել է մոմավառություն՝ ի հիշատակ զոհված ընտանիքի անդամների։
Այսօր Գյումրիում տեղի կունենա ոճրագործության զոհերի հուղարկավորությունը։
|