ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ մեր բանակի մարտունակությունը չափել է թշնամու զսպվածությամբ. «ՀՀ ԶՈւ—ն ունի բարձրակարգ մարտունակություն։ Այլապես բարձր մակարդակի զորավարժություններ, զսպողական գործողություններ իրականացնելը անհնար կլիներ։ Բավական է ասել, որ հակառակորդի վերջին դիվերսիոն գործողությունից հետո բավականին զսպված իրավիճակ է։ Ավելին, նրանց պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե զոհեր ունեն։ Եվ այդ զոհերը փորձում են կապել իբր մեր ակտիվության, դիվերսիոն գործողությունների, դիպուկահարի գործողությունների հետ»։ Նա չի բացառում, որ հակառակ կողմն այդ դիերը «վաստակել» է իր չկազմակերպված գործողությունների արդյունքում, կամ՝ Ադրբեջանից հեռու չի լինի հին զոհերին նորի փոխարեն ներկայացնելը, առավել եւս, որ պրակտիկայում դա կա։ Սա՝ հակառակորդի մասով։ Մեր բանակն էլ, ըստ մասնագետների, ունակ է կատարելու իր առջեւ դրված խնդիրները։ Առավել եւս, որ ներքին խնդիրներին, ինչպիսին օրինակ ինքնասպանությունն է, լուծում է տրվում։ ԶՈւ—ն ունի բազում մեխանիզմներ զինվորական մթնոլորտը համահարթեցնելու։ «Որոշ թվական ցուցանիշներով դեպքերի նվազում է արձանագրվել։ Բավական է ասել, որ մի քանի հազար զինծառայող սահմանի վրա մարտական զենքը ձեռքին միասին մարտական ծառայություն է կատարում։ Եթե նման վերահսկողություն չլինի, այս իրավիճակը չենք ունենա, ինքնասպանությունների, օրինազանցությունների թիվը ավելի շատ կլիներ։ Տեսեք, թե տարվա ընթացքում քանի ինքնասպանության դեպք է գրանցվում քաղաքացիների շրջանում, քանի լուրջ հանցագործություններ են կատարվում հարսի ու սկեսուրի, ամուսինների հարաբերությունների արդյունքում, կան նաեւ հարազատ երեխային խեղդամահ անելու դեպքեր։ Նման ագրեսիվ մթնոլորտից բանակ գնալու ընթացքում, եթե զսպողական մեխանիզմ չկիրառվի, դուք պատկերացրեք՝ ինչ ցուցանիշներ կարող ենք ունենալ»,—նշել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղարը։ Զսպվածության մեխանիզմի կիրառումն ընդամենը սկսածի շարունակությունն է։ Դրա սկիզբը դպրոցներում բանակին պատրաստելու գործընթացն է։ Պաշտպանության նախարարությունը աջակցում է դպրոցներում ռազմագիտական դասարանների ձեւավորման, աշակերտների՝ զենքի հետ ծանոթանալուն... «Նախազորակոչային տարիքում զինվորական պատրաստությունը կարեւոր է։ Աշակերտը դպրոցում պետք է իմանա, թե բանակում ինչ է սպասվում իրեն»,—մատնանշել է գնդապետ Արմենակ Վարդանյանը։ Նաեւ դրա համար ՊՆ ներկայացուցիչները հորդորում են բանակի մասով ահ ու սարսափ չտարածել։ «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին պատմությունը։ Չի կարելի մեր երկրում «սատանա» զորամասեր ստեղծել։ Կա ընդամենը մի հիմար դրվագ։ Դա ընտանիքներում էլ է պատահում»,—լրագրողներին դիմել է Ա. Վարդանյանը։ «ՀՀ ԶՈւ—ում սարսափելի զորամասեր չեն կարող լինել։ Երբ մեր հասարակության մեջ չմեկնաբանված կամ սխալ մեկնաբանված տեղեկությունները սկսվում են լեգենդացվել, բնականաբար, ծայր է առնում վախ, սարսափ։ Բանակի բարեփոխումները ժամ առ ժամ են տեղի ունենում»,–փաստել է Հովհաննիսյանը։ Բարեփոխումներին զուգահեռ, սակայն, այս տարվա զորակոչի հետ կապված որոշակի խնդիրներ եւ դրանց հետեւանքով պաշտոնազրկումներ եղան։ Մամլո խոսնակի խոսքերով, հիմնական խախտումներն առնչվում են զորակոչի գործընթացի կազմակերպման հետ. «Շատ դեպքերում ծնողները գտնում են հնարամիտ միջոցներ, որպեսզի խախտումների դիմեն։ Այս զորակոչի արդյունքների ամփոփումը ընթացքի մեջ է։ Ամփոփմանը զուգահեռ չեն բացառվում նոր պաշտոնազրկումներ, զորակոչային ամբողջ համակարգի հիմնարար փոփոխություն։ Բոլորս գիտենք՝ զորակոչային տվյալ համակարգում խորհրդային ժամանակներից ժառանգած մեխանիզմներ կան, որոնք երբեմն իրենց չեն արդարացնում։ Իսկ որոշ զորամասերի փակման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|