«Մեր
հայրենիք՝ ազատ, անկախ...». երեկ այս խոսքերը «արտասանում» էր հենց ինքը՝
Հայաստանը, քանզի յուրաքանչյուրս Հայաստանն ենք։ Հոբելյարի տարածքում չկար
մի բեմ, որտեղից հիմնը, երգ ու երաժշտություն, փառավորման խոսքեր չհնչեին։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էլ մթնոլորտը տոնական
էր։ Անկախության օրվա կապակցությամբ այստեղ ընդունելություն էր կազմակերպել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հյուրերը բազմաթիվ ու բազմազան էին,
տրամադրությունը՝ նույնը. տոնական ու հաղթական։ «Այսօր պետք է մեկս մյուսիս
շնորհավորենք եւ ասենք, որ մեր հաղթանակները դեռ առջեւում են։ Մեր
ընտանիքում այսօր միասին կնշենք անկախության օրը։ Ամեն տարի միասին նշում
ենք։ Սա ամենագեղեցիկ տոներից մեկն է։ Անկախությունը բոլորիս համար
ամենակարեւորն է։ Դրա ամենաուժեղ դրսեւորումը այն է, որ բոլորս միասին
կարողանում ենք որոշումներ կայացնել, միասին առաջ գնալ»,–շնորհավորելով
բոլորիս՝ փաստեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ «Օրը
բացառիկ է։ Ժողովուրդը դարերի ընթացքում զուրկ է եղել անկախությունից եւ
դրա մասին միշտ երազել է։ Հիմա այդ հնարավորությունը ընձեռած
է»,–ուրախությամբ նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Անկախության
օրը յուրաքանչյուր հայի համար մեծ երջանկության օր է համարում ՀՀ
առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը. «Կարող ես համարել, որ դու քո
երազանքների երկրում ես ապրում։ Ես ափսոսում եմ, որ իմ կյանքի մեծ մասը ոչ
իմ երազանքների երկրում եմ ապրել՝ չնայած դա էլ մեր Հայաստանն էր, բայց ոչ
անկախ։ Հիմա բարի նախանձով նախանձում եմ 21 տարեկան երեխաներին։ Երջանիկ
եմ, որ նրանք իրենց 21 տարիներն անկախ Հայաստանում են ապրել»։ Անկախության
սերնդի ներկայացուցիչ լինել կուզեր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ
Հակոբյանը. «Իմ կյանքի կեսը ապրել եմ այլ կերպ։ Ես քաղաքականության մեջ
ամենաերիտասարդներից մեկն եմ եղել, ով սկսել է ազատ պետության կառուցումը։
Երջանիկ եմ, որ մասնակցել եմ այս պետության կայացմանն առաջին օրից։
Անկախության տարիների մեծ ձեռքբերումներ են պետականության ինստիտուտների
կայացումը, հզոր բանակի առկայությունը, Հայաստանի միջազգային իմիջի
բարձրացումը։ Բայց ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում մեծ աշխատանք ունենք անելու։
21—ը երիտասարդի տարիք է, նոր–նոր ենք հասունանում եւ թերությունները պետք է
շտկենք»։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի համար էլ
հիմնական ձեռքբերումն անկախ ապրելու իրավունքն է, սեփական ժողովրդի
ճակատագիրը որոշելու իրավունքն է, մեր անկախ եւ հաղթանակած բանակն է, որը
մարտի դաշտում ապացուցեց, որ տարածաշրջանի հզորագույն բանակն է։ Ըստ նրա՝
լուրջ ձեռքբերումներ են ժողովրդավարական ինստիտուտները՝ բազամակարծության
հիման վրա կառուցում ենք ժողովրդավար երկիր, նաեւ ազատ լրատվամիջոցներն ու
ամենակարեւորը՝ ազատ եւ անկախ ՀՀ քաղաքացին. «Ինձ համար սա մեծագույն տոն
է, որովհետեւ բազմաթիվ մեծանուն հայեր չեն հասցրել տեսնել կամ 21 տարի
շարունակ ապրել անկախ Հայաստանում։ Մենք անկախության սերունդ ենք։ Աստված
մեզ պարգեւ է տվել, որ ապրենք անկախ Հայաստանում, լինենք ազատ քաղաքացիներ,
մեր կրծքին կրենք եռագունը եւ գիտակցենք, որ այդ եռագույնը կրելը
մեծագույն պատիվ է, եւ որ պետք է արարենք ու աշխատենք հանուն Հայաստանի։
Հայաստանն արդեն չափահաս է։ Մենք պետք է լինենք միասնական։ Եղել են պահեր,
երբ ոչ միասնական ենք եղել, բայց վերջին զարգացումները ցույց տվեցին, որ
կարող ենք լինել միասնական։ Մենք միասնական ենք՝ անկախ կուսակցական
պատկանելությունից»։ Անկախության օրը մեծ եւ բացառիկ նշանակություն ունի
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի եւ նրա ընտանիքի համար, այն պարզ պատճառով,
որ անկախ ենք, նաեւ հաղթել ենք պատերազմում. «Մենք կարողանում ենք
պահպանել խաղաղությունը։ Ամեն ինչ պետք է անենք, որ մեր երեխաները խաղաղ
երկրում ապրեն։ Անկախ սերունդը մյուսների հանդեպ մեծ առավելություն ունի։
Անկախությունը միայն բառ չէ, դա հոգու ներդաշնակություն է, նաեւ այն մեծ
ձեռքբերում է, որի մասին դարերով երազել ենք։ Այն պետք է գնահատենք եւ
պահպանենք»։ «Ամեն մի հայի համար, աշխարհի որ անկյունում էլ լինի, օրն
իր բացառիկ նշանակությունն ունի։ 21 տարի առաջ իսկական անկախություն ձեռք
բերեցինք։ Այսօրվա մեր տնտեսական հզորությունը, բանակի մարտունակությունն
ապացուցում են մեր 21—ամյա անկախությունը»,–վստահեցրեց «Բերդ» պարային
անսամբլի պարուսույց Կարեն Գեւորգյանը՝ ավելացնելով, որ այս տարիների
ընթացքում ապացուցեցինք դարերով անցած ճշմարտությունը, որ հայը այս կարճ
ժամանակահատվածում կարողացավ իր ինքնությունը գտնել աշխարհի հզոր
պետությունների մեջ եւ ապացուցել, որ ինքը հզոր է յուրաքանչյուր ոլորտում։ Սեւանա
լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի խոսքերով էլ՝
«մենք աշխարհին պարտք չենք։ Ամեն ինչ տվել ենք։ Հիմա էլ ենք պատրաստ տալու։
Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ Այն իրողությունը, որը ստեղծում են մեր,
այսպես կոչված, հարեւաններն իրենց բարբարոսությամբ՝ մեր մակարդակը չէ։
Իրենք պետք է մտածեն բարձրանալու մասին։ Իսկ մենք երբեւիցե չենք իջնելու
մեր քաղաքակիրթ մակարդակից։ Մենք պարտավոր ենք մեր անկախությունը
ամրապնդել»։ Անկախության ամրապնդման ճանապարհին, սակայն, շատերն են
լքում հայրենիքը։ Ռաֆայել եւ Մայքլ Քոթանջյանները դա անել չեն պատրաստվում։
Ավելին՝ դերասանը հորդորում է նկատի ունենալ, որ դժվար օրերը չափանիշ չեն.
«Հույսն է չափանիշ։ Իսկ ես մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»։ Ազատության
հիմքերն աշխատանքով ամրապնդելու կարծիքին է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր
Օսիկյանը։ Նա էլ հորդորում է, որ յուրաքանչյուրս ձգտի ինչ— որ բան
ավելացնել մեր երկրի անկախության ամրապնդման համար. «Թող խաղաղություն լինի
մեր երկրում, եւ յուրաքանչյուրն իրեն երջանիկ զգա։ Ոստիկանությունն էլ
պետք է ամեն ինչ անի, որ լինի պատշաճ հասարակական կարգի պահպանություն»։ «Անկախությունից
ավելի մեծ արժեք դժվար է պատկերացնել, թերեւս գոյություն չունի։ Հետեւաբար
ես կարծում եմ, որ մեզ համար ամենափառապանծ, սիրելի տոնը հենց այսօրն է։
Ամենախոշոր ձեռքբերումը հենց ինքը՝ անկախությունն է»,–բարձրաձայնեց ԿԸՀ
նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Անկախությունը կատակ բան չի համարում նաեւ դերասան Նարեկ Դուրյանը. «Անկախությունը կարեւոր բան է, դա հրաշալի երեւույթ է»։ Այդ
երեւույթը զգում, բայց չի գիտակցում անկախության սերունդը, թեպետ
արվեստում զգալն է կարեւոր։ Այսպես է կարծում ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ
Գասպարյանը։ Սակայն չի հուսալքվում՝ օրը կգա՝ բարին հետը. կգիտակցեն.
«Անկախության պահպանման գլխավոր պայմանը ուժեղ լինելն է, ուժեղ բանակն ու
գիտակից հասարակությունն են»։ Այսօրվա բանակը հենց երրորդ
հանրապետության սերունդն է։ Եվ նրանցից քանի քանիսն է այսօր սահմանում
թշնամուն դեմ առ դեմ կանգնած նշում իր ծնունդն ու երկրի տոնը։ Անկախությունը
գլխավոր տոն է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի համար.
«Անկախությունը բացարձակ արժեք է ե՛ւ երկրի, ե՛ւ մարդու, հասարակության
համար։ Գլխավոր ցանկությունս զարգացած տնտեսություն, բարեկեցիկ կյանք
ունենալն է։ Ինչ—որ իմաստով անկախության պահպանման համար կարեւոր է
տնտեսական անկախությունն ու տնտեսության հզորությունը»։ Իր խոսքերում էլ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեծ տեղ հատկացրեց ոչ միայն
ազատությանն ու անկախությանը, այլեւ հասարակության լիարժեք երջանկությանը.
«Այսօր լավ տրամադրությունը, անկախ պետականության հպարտության
զգացողությունը կարեւոր հատկանիշներ են»։ Ասում են՝ այն, ինչը որ ամեն
օր տեսնում եւ զգում ես, դառնում է սովորական երեւույթ։ Մեզ համար
սովորական երեւույթ է դարձել նաեւ անկախությունը՝ դրական իմաստով։ Մենք
վստահ ենք, որ այս տոնը դարեր շարունակ տոնելու ենք՝ քաջ գիտակցելով, որ
սահմանապահն արթուն է։ Տոնական օրվա ավարտին Հանրապետության հրապարակում կայացավ համերգ, տրվեց հրավառություն։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|