ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 30.04.2024, 03:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հոկտեմբեր » 8 » Թուրքիան ցանկանում է եւս մեկ ցեղասպանություն իրականացնել
11:31
Թուրքիան ցանկանում է եւս մեկ ցեղասպանություն իրականացնել

Ադրբեջանական տարածքից անդադար հրետակոծվում է Ստեփանակերտի եւ գյուղերի քաղաքացիական բնակչությունը։ Արձանագրվել են հազարավոր մոջահեդների, ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաեւ այն, որ գործողություններում ներգրավված են թուրքական «F-16» կործանիչներ եւ մեծաքանակ թուրքական դրոններ։ Այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

-Ադրբեջանը պնդում է, թե իր քաղաքները հրթիռակոծվել են Հայաստանի տարածքից, այլ ոչ Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ կասեք...
-Ցավոք, սա Ադրբեջանի կողմից հրահրված հերթական պատերազմն է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սա նման չէ այն կարճաժամկետ` մեկ-երկու օր շարունակվող միջադեպերին, որոնց ականատեսն էինք լինում վերջին 26 տարվա ընթացքում առաջին պատերազմի ավարտից՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Այս պատերազմը տարբեր է իր ծավալով եւ արդեն շարունակվում է 7-8 օր՝ սանձազերծվելով կիրակի օրն Ադրբեջանի կողմից: Այս օրերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը չունի որեւէ ռազմավարական հաջողություն, բացի մեծ խառնաշփոթ ստեղծելուց եւ երկու կողմից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլելուց:
Երկրորդը՝ այս հակամարտությունը կտրուկ տարբերվում է նախկին բախումներից, որոնք տեղի էին ունենում Հայաստանի աջակցությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս անգամ Թուրքիան բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ իր զինվորականներով, սպաներով, գեներալներով, ահաբեկիչ վարձկաններով եւ ջիհադիստներով, որոնք հազարներով բերվել են Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կռվելու։ Թուրքիան ներգրավված է իր ողջ ռազմական կարողությամբ՝ ձեւացնելով, թե, իբր, ցանկանում է պաշտպանել միջազգային որոշ լոգիստիկ ենթակառուցվածքներ։
- Մենք դեռ կվերադառնանք Թուրքիային։ Ես պարզապես ցանկանում եմ հստակեցնել, թե ինչ է տեղի ունենում։ Դուք ասացիք, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է։ Սակայն շատերը համաձայն չեն դրա հետ եւ ասում են, թե Հայաստանն է հրահրել։
-Կարծում եմ՝ անտրամաբանական է ասել, թե Հայաստանն է հրահրել։ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացի հաղթեց պատերազմում` հայտարարելով՝ մենք այստեղ ենք, մենք կրկին հայտարարում ենք մեր անկախությունը, որը 70 տարի առաջ խլվել էր մեզնից խորհրդային իշխանության կողմից, երբ մենք` պարտադրված Իոսիֆ Ստալինի կողմից, միացվեցինք Ադրբեջանին, իսկ հիմա՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մենք շատ ազգերի նման օգտվում ենք ինքնորոշման իրավունքից՝ ինքնուրույն տնօրինելու մեր կյանքը։ Զինադադարից հետո 26 տարի բանակցություններ էին ընթանում, եւ այդ բանակցությունների ձեւաչափն աշխարհում լավագույններից է. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է, որը համանախագահում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան։ Այս խաղաղ բանակցությունները որոշակի վստահության մթնոլորտ էին ստեղծում կողմերի միջեւ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Սակայն մի շաբաթ առաջ այս կամ այն պատճառով ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենք որեւէ առաջընթաց չեն տեսնում բանակցություններում, եւ որ այստեղ տարածքային ամբողջականության խնդիր կա մի տարածքի հետ կապված, որն իրականում Ադրբեջանին է տրվել ԽՍՀՄ-ի կողմից 70 տարի առաջ, եւ այն դեպքում, երբ հազարավոր տարիներ Լեռնային Ղարաբաղի հայերը բնակվել են այդտեղ։
Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սա կենաց պայքար է։ Նրանք հազարավոր տարիներ պայքարել են Չինգիզ խանի, Լենկ-Թեմուրի եւ այլոց դեմ՝ սեփական հողի վրա խաղաղ կյանքով ապրելու համար։
- Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարեց. «Ադրբեջանը թույլ չի տա որեւէ մեկին՝ նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Մենք պետք է վերադարձնենք, եւ մենք կվերադարձնենք այն։ Իմ վերջին պայմանն է, որ հայկական զինված ուժերը դուրս գան օկուպացված տարածքներից»։ Նա ասում է, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, քանի դեռ դուք զինված ուժերը դուրս չեք բերել։ Դուք պատրա՞ստ եք այդ քայլին։
-Նախ եւ առաջ, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությանը նման հարցով դիմելը սխալ է, քանի որ նրանք պետք է դիմեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կամ Արցախին, ինչպես մենք ենք այն անվանում։ Նրանց վեճն այս ժողովրդի հետ է։
Այստեղ հարցը Հայաստանի կողմից «տարածքների օկուպացիայի» մասին չէ։ Սա մի տարածք է, որտեղ անգամ խորհրդային իշխանության տարիներին բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95 տոկոսը, հայեր են եղել, քանի որ նրանք այստեղ բնակվում են հազարավոր տարիներ։ Ինչպե՞ս կարելի է օկուպացնել մի տարածք, որտեղ հազարավոր տարիներ ապրում ես։ Այսինքն՝ սա ճիշտ ուղերձ չէ։
-Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, որ ռադիոտեղորոշիչ համակարգերը գրանցել են հրթիռների արձակում Ադրբեջանի դեմ Հայաստանի Ջերմուկի, Կապանի եւ Բերդի շրջաններից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
-Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, քանի որ դա ճիշտ չէ։ Իրականում ռադիոտեղորոշիչ համակարգերը մշտապես արձանագրում են այն, որ ադրբեջանական տարածքից անդադար հրետակոծվում է Ստեփանակերտի եւ գյուղերի քաղաքացիական բնակչությունը։ Մենք նաեւ արձանագրել ենք հազարավոր մոջահեդների, ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաեւ այն, որ գործողություններում ներգրավված են թուրքական «F-16» կործանիչներ եւ մեծաքանակ թուրքական դրոններ։
Կարճ պատասխանս հետեւյալն է՝ դա կեղծ լուր է։
- Ձեր վարչապետը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ՝ թեժացած հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին։ Ո՞րն է եղել այդ հեռախոսազրույցի արդյունքը, եւ արդյոք ԱՄՆ-ը որեւէ աջակցություն հայտնե՞լ է։
-Ինչպես գիտեք, հայտարարություն է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների մակարդակով, որոնք կողմերին հրադադարի կոչ են արել։ Ես լիակատար կերպով աջակցում եմ երեք նախագահների այս կոչին, սակայն այստեղ առանցքային հարցն այն է, որ եթե խնդրում ներգրավված լինեին միայն երկու կողմերը՝ մի կողմից՝ Ադրբեջանը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղն իր բնակչությամբ, գումարած Հայաստանը, որն աջակցում է Լեռնային Ղարաբաղին, ապա այդ դեպքում կարող է լիներ հրադադարի եւ վստահության հաստատման հնարավորություն, ինչու չէ՝ նաեւ վերադարձ բանակցային սեղանի շուրջ։ Սակայն երբ ավելանում է թուրքական բաղադրիչը, այն ամեն բան ոչնչացնում է։
- Թույլ տվեք կանգ առնել մի հարցի վրա։ «New York Times»-ը հայտնում է, որ Հայաստանի վարչապետը հարցրել է ԱՄՆ-ին, թե ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ կանգնեցնելու Թուրքիայի կողմից ամերիկյան արտադրության «F-16» կործանիչների օգտագործումն ընդդեմ էթնիկ հայերի։ Ի՞նչ պարզվեց Վաշինգտոնի հետ այդ հեռախոսազրույցից, ո՞րն է Վաշինգտոնի պատասխանը։
-Դուք տալիս եք ինձ մի հարց, որի պատասխանը, թերեւս, պետք է տա ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Այս մասին ես բաց խոսել եմ միջազգային հանրության, տարբեր երկրների ղեկավարների, վարչապետների հետ իմ զրույցներում։ Նրանց հորդորել եմ միջամտել եւ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր ներգրավվածությունն այս տարածաշրջանում, որովհետեւ նրա միջամտության արդյունքում այս հակամարտության մասշտաբը եւ բարդության աստիճանը բարձրացնում են եւս մեկ մակարդակով եւ, ի վերջո, կարող են վերածել մեկ այլ Սիրիայի։ Սակայն եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային, բոլորին։ Դա ազդեցություն կունենա բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի վրա։ Եթե Թուրքիային հնարավոր լինի զսպել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի օգնությամբ, ապա մենք հնարավորություն կունենանք հրադադարի եւ հետագա բանակցությունների, գուցե նաեւ՝ խաղաղապահների համար, եւ աստիճանաբար նաեւ հավանականություն կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կարող է լինել միայն խաղաղ դիվանագիտական կարգավորում։ Այս ամենում Թուրքիայի ներգրավվածությունը լրջորեն մտահոգում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, այլեւ աշխարհասփյուռ հայ համայնքներին, նրանց բարեկամներին։ Նրանք զգում են, որ Թուրքիան ցանկանում է եւս մեկ ցեղասպանություն իրականացնել, կրկնել այն, ինչ կատարվել է 105 տարի առաջ, որի միջոցով հայերը էթնիկական զտման են ենթարկվել եւ դուրս քշվել իրենց հայրենիքից։ Սա անընդունելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ նաեւ բոլոր հայերի համար։
-Թուրքիան դա ժխտում է։ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունենալու կոչն արվել է ճիշտ այն բանից առաջ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է։ Ի՞նչ եք կարծում՝ Վաշինգտոնը որքանո՞վ է հետաքրքրված այս հարցով, Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ բավարար ուշադրություն չի ցուցաբերվում։
-Չեմ կարծում, որ Վաշինգտոնը չի հետաքրքրվում այն ամենով, ինչ կատարվում է Կովկասում, որովհետեւ սա շատ կարեւոր տարածաշրջան է։ Այն ոչ միայն շատ կարեւոր խաչմերուկ է, այլ նաեւ էներգետիկ մատակարարումների եւ մարդասիրական առումներով էական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար։
Դուք խոսեցիք կորոնավիրուսի մասին՝ նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահը վարակվել է։ Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից եւ նրան ու առաջին տիկնոջը մաղթել շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն։ Նրա ներկայությունը շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ գլոբալ առումով, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների համար, որը պատրաստվում է նախագահական ընտրության։ Առողջություն մաղթելով՝ հույս ենք հայտնում, որ Միացյալ Նահանգները շատ մեծ ուշադրություն կցուցաբերի այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում։
Երբ ասում եք, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում նայեք, թե ԱՄՆ Սենատը, Ֆրանսիայի, Ռուսաստանի նման երկրները եւ շատ այլ պետություններ ինչպիսի որոշումներ են ընդունել այդ հարցով. նրանք բոլորը ճանաչել են այդ պատմական իրողությունը։ Նաեւ նայեք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում. Թուրքիան ներգրավված է Լիբիայում, ներգրավված է եղել Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, ահաբեկում է մարդկանց Միջերկրականում, լարվածություն է ստեղծել Հունաստանի ու Կիպրոսի հետ եւ այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում մեծ փոփոխություն է առաջացնում։
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են, ուստի ՆԱՏՕ-ն կոչ է անում հավասարակշռված հրադադար հաստատել, որ դա է լուծումը։ Նա նշել է, որ բոլորը, այդ թվում` ՆԱՏՕ-ն, պետք է պահանջեն, որ խնդիրը լուծվի միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի բանաձեւերին համահունչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ եւ այդ տարածքներից Հայաստանի անմիջապես դուրս գալով։ Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կոչ անի, որ Հայաստանը դուրս գա այդ տարածաշրջանից։ Դա տեղի կունենա՞: Դուք Թուրքիային մեղադրում եք Ադրբեջան սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ Ինչպիսի՞ ապացույցներ ունեք այս առումով։
-Նախ՝ անդրադառնալով Ձեր հարցի առաջին մասին` կցանկանայի ՆԱՏՕ-ի իմ գործընկերներին, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարցնել՝ երբ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիր էր ստորագրվում, արդյոք ենթադրվո՞ւմ էր, որ Թուրքիան կարող է միջամտել երրորդ կողմի հակամարտությանը։ Այս դեպքում առհասարակ կապ չունի, թե դա իրենք ինչպես են բացատրում՝ էթնիկական կապեր կամ պայքար PKK-ի դեմ, կամ միջազգային էներգետիկ խողովակաշարերի պաշտպանություն, ինչն ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հայերը երբեւէ չեն կրակել կամ անգամ ակնարկներ չեն արել, որ դա կանեն։ Եթե նրանք ցանկանային դա անել, ապա 20 տարի առաջ կանեին՝ այդ կերպ Ադրբեջանին թույլ չտալով, որ միլիարդավոր դոլարներ վաստակի, որոնցով մեծածավալ զենք է գնել, եւ որն այսօր օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հայերին սպանելու համար։
Երկրորդ՝ եթե մենք ցանկանում ենք այս հակամարտությունը հանգեցնել խաղաղ կարգավորման, ապա պետք է վերադառնանք բանակցությունների սեղան, որի շուրջ Թուրքիան տեղ չունի։ Թուրքիան պետք է դուրս մղվի Ադրբեջանից եւ դադարի աջակցել Ադրբեջանին, որովհետեւ այդ կերպ դառնում է հակամարտության մեկ այլ կողմ։ Պատրա՞ստ է ՆԱՏՕ-ն ընդունել այն, որ իր անդամ երկիրը պատերազմում է Հայաստանի դեմ։ Ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մենք որոշակի համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ չենք, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը միջամտում է այս հարցին։
- Սիրիացի վարձկանների մասին ապացույցների մասով ի՞նչ կասեք:
-Ապացույցներն ակնհայտ են, դրանք համացանցում են, եւ կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Եթե ցանկանում եք, կարող եմ կառավարությանն ասել, որ դրանք ուղարկեն Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին, եթե դեռ չեք տեսել դրանք։ Համացանցում կան ձայնագրություններ, տեսանյութեր, նկարներ։ Ուրիշ ի՞նչ այլ ապացույցներ են պետք՝ փաստելու, որ այդ մարդիկ այնտեղ են։ Եվ, իհարկե, նրանք ինքնուրույն չեն հայտնվել այնտեղ։
- Ռուսաստանը մերձավոր դաշնակից է։ Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, որ Ռուսաստանը կարող է տրամադրել այս պահին։
-Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ եւս մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ճնշում կգործադրի առաջին հերթին Թուրքիայի վրա։ Իմ բանաձեւը շատ պարզ է՝ մենք պետք է ռազմականապես եւ քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն այս խնդրում։ Չգիտեմ, թե առհասարակ ինչպես է հնարավոր, որ հրետակոծությունների, մարտերի ընթացքում Թուրքիան հնչեցնի հրապարակային արձագանքներ, հրավիրի մամուլի ասուլիսներ եւ դա անի այնպես, կարծես այս հակամարտության մաս է կազմում։ Կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունք գրանցել, եթե Ռուսաստանը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա, եւ դրանից հետո լինի նաեւ երեք համանախագահների հորդորը՝ ուղղված Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա, եւ մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։
- Շատ շնորհակալություն, պարոն նախագահ։ Շատ կարեւոր հարցեր քննարկեցինք։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 442 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024