«Հուրախություն բոլորիս, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում վերջապես եկանք իրավաքաղաքական խնդիրներին։ Առաջիկայում նախատեսված գիտաժողովներն ընդգծված ձեւով պետք է նվիրված լինեն ցեղասպանության խնդրի իրավաքաղաքական կողմին»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի համատեքստում կարեւորելով նաեւ հրատարակությունները։ Նշենք դրանցից մի քանիսը։
Այսպես, պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը հրատարակել է Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական փաթեթը։ Հիմնարար աշխատությունն այժմ թարգմանվում է անգլերեն։ Այդ գործը նախաձեռնել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը՝ իրավական այդ հենքն աշխարհին ներկայացնելու համար։ Տպագրվում է նաեւ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Սահակյանի «Հայ ժողովուրդը 1914—17թթ.» 500 էջանոց աշխատությունը։ Դրա հրատարակությանն օժանդակում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Աշոտ Մելքոնյանն ուրախալի է համարում, որ ե՛ւ սփյուռքում, ե՛ւ հայրենիքում զուգահեռաբար համանման գործեր են տպագրվում։ Միաժամանակ վստահություն է հայտնում, որ թուրքերի հնարավորությունները՝ նյութական, քարոզչական աշխատանքի, միշտ էլ ստորադասվում են մեր հնարավորություններին։ Բանն այն է, որ մերը ճշմարտության հնարավորությունն է։ Իսկ դա, հանրությանը հասցնելու իմաստով, շատ ավելի զորավոր է։
Պատմության ինստիտուտի տնօրենը չի կիսում այն մոտեցումները, թե թուրքերը Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի շրջանակում ահռելի գրականություն են հրատարակում, նորից մեզ ծուղակի մեջ են ներքաշել. «Ասեմ, որ թուրքերենով հրատարակվող մի շարք աշխատություններ արդեն հասել են նրանց։ Ազգային արխիվը հրատարակեց «Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում» եռահատոր ծանրակշիռ մի աշխատություն։ Այդ աշխատությունը մեկ հատորով տպագրվել է թուրքերենով, անգլերենով, որոնք ուղարկել ենք նաեւ Թուրքիայի ղեկավարությանը՝ ծանոթանալու նյութերին»։
Դրանում ներառված նյութերը վերապրողների հուշերն են՝ գրված 1916թ.։ Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ մի հանձնախումբ էր գործում, որն անմիջապես վերապրողների հուշերը հանձնում էր թղթին։ Դրանք շատ կարեւոր ու ծանրակշիռ վավերականություն ունեն՝ Հայոց ցեղասպանության իրողությունը բացահայտելու իմաստով։
Ա. Մելքոնյանը նշում է, որ թուրքերը շատ ավելի լավ գիտեն ցեղասպանության իրողությունը, քան մենք, որովհետեւ թուրքական արխիվային բազմաթիվ վավերագրեր մեզ դեռ հասու չեն, մասնավորապես, ներքին գործերի նախարարության արխիվը։ Թուրք հետազոտողներն այդտեղից երբեմն այնպիսի նյութեր են հրապարակում, որոնք հուշում են թուրքական արխիվներում ցեղասպանության իրողության վերաբերյալ աղբյուրների ահռելի քանակության առկայության մասին։
Թուրքական հասարակությունը եւս ներսից խնդիրը բարձրացնում է՝ շատ ավելի լավ տեղեկանալով ցեղասպանության իրողությանը. «Եվ հետո, պատմական հիշողությունը նրանց մոտ եւս պահպանվել է»։ Մեր սեփականությանը տեր դարձածներն իրենց հիշողությունը փոխանցել են սերնդեսերունդ, ինչը հուշում է, որ այս տունը, այս պարտեզը, այս հարստությունը, որին թուրքերը տեր են դարձել, նրանց պապերի կողմից խլվել են հայերից։ Մելքոնյանն ընդգծում է նաեւ, որ եթե մեզանում ցեղասպանության ենթարկվածի բարդույթն ու հիշողությունը կան, ապա նրանք էլ ունեն ցեղասպանություն իրականացնողի բարդույթ։
Համոզված է, որ այն ազգերը, որոնք կայսրություններում միշտ դոմինանտ են եղել, նրանց մոտ ձեւավորվել է այնպիսի բարդույթ, որից ձերբազատվելու համար հարյուրամյակներ են պետք. «Այդ կայսրությունների դոմինանտ ժողովուրդները, որոնք միշտ թելադրող, եղանակ ստեղծող են եղել, այսօր չեն կարողանում հաշտվել այն իրողության հետ, որ իրենց նախկին հպատակներն ունեն պետականություն ու հավասարը հավասարի հետ կարող են հարաբերվել։ Եվ թուրքերը չեն կարող այդ բարդույթից ոչ մի կերպ ազատվել»։
Գիտնականը կարծում է՝ դեռ ժամանակ է պետք, որպեսզի թուրքը կարողանա դրանից ազատվել, հատկապես որ նա գերմանացի չէ՝ մեղայականով հանդես գա։
Ինչեւէ, 101—րդ տարով սկսվում է Հայոց ցեղասպանության դիմաց հատուցման 100—ամյակը։ Իսկ դա, ինչպես ասաց պատմության ինստիտուտի տնօրենը, վախեցնում է թուրքերին, որովհետեւ ճշմարտությունը մեր կողմն է։ Եվ, ի վերջո, դա բերելու է նրան, որ թուրքական հասարակությունը ներսից եւս պայթի ու բնական ցանկությունը՝ մեղայականով հանդես գալու, քաղաքական խնդիրների հետ խառնվելով, Թուրքիային կդնի ծանր վիճակի մեջ։
Հ. Գ. Աշոտ Մելքոնյանը չի բացառում սահմանային լարվածության՝ ցեղասպանության 100—ամյա տարելիցի հետ կապված լինելը։ Բայց ասում է, որ այսօր Ադրբեջանը տանուլ է տվել իր գաղափարական ճակատում հոխորտումների այն շղթան, որը իշխանությունները մշտապես շարունակում են վերջին տասնամյակում. «Ի՞նչ նկատի ունեմ՝ Իլհամ Ալիեւն ահռելի միջոցներ է տրամադրում, զենք է ձեռք բերում, անընդհատ շարունակում է հոխորտալ եւ սահմանում լարված իրավիճակ ստեղծելով՝ ներքին սոցիալական խնդիրներ է լուծում։ Բայց սահմանում անելանելի վիճակում հայտնվելով, Արցախի հարցում որեւէ հաջողության չհասնելով, մնում է ջղաձիգ քայլերով փորձել հասարակությանը կերակրել։ Դրանով է պայմանավորված։ Ինքը տանուլ տված կողմ է եւ այս ջղաձիգ գործողություններով, սահմանում իր քաղաքացիների արյունը հեղելով, փորձում է անձնական խնդիրները լուծել»։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|