Թուրքիան լրջորեն վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը
Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ եւ մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ: Ընդգծվում է, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը:
«Սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող «F-16» կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում մարտական խնդիրներ կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացի Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական «F-16» ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը եւ հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ եւ մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:
Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, եւ Թուրքիան պետք է անսա այս կոչերին:
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները եւ պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց»,-նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: