Ովքե՞ր ենք մենք՝ հայերս, ովքե՞ր են թուրքերը, եւ որո՞նք են ցեղասպանության հոգեբանական հիմքերը։ Ցեղասպանության փաստը հասկանալու, իրականության մեջ ճիշտ կողմնորոշվելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ պետք է փորձենք հասկանալ վերը թվարկվածները։
«Մարդու, ազգերի հետ կապված ցանկացած երեւույթ ունի նաեւ իր հոգեբանական կողմը։ Դա շատ կարեւոր է, բայց, ինչ—որ իմաստով, անտեսվում է։ Ցեղասպանություններն անպայման պետք է ունենան իրենց հոգեբանական վերլուծությունները»,–երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա՝ նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները չվերլուծելով, կոպիտ վրիպումներ կարող ենք թույլ տալ։ Նա կարեւոր տեղ է հատկացնում նաեւ հոգեբանական դիտարկումներին։ Նալչաջյանն ուրախությամբ է արձանագրում, որ նախկինում հնչող տեսակետներն այլեւս չկան. «Երբ խոսում էինք թուրքի կերպարի, թշնամու մասին, ասում էինք, թե 21—րդ դարում ենք, թուրքը փոխվել է, առաջվանը չէ»։
Միաժամանակ նկատում է՝ մարդկանց խումբ կար, որը վստահորեն ու զուսպ բարձրաձայնում էր, թե թուրքը չի փոխվել։ «Թուրքը չի կարող փոխվել, չենք փոխվել նաեւ մենք՝ հայերս։ Մենք էլ ենք նույնը, իրենք էլ։ 100 տարի է անցել, բայց մարդկային պատմության համար 100 տարին ընդամենը մեկ ակնթարթ է»,–փաստում է հոգեբանը՝ նկատելով, որ ճիշտ կլինի պատմությունը վերլուծել ու դասեր քաղել։
Ըստ նրա դիտարկման՝ ցեղասպանության փաստերը նայելիս, նկատում ես՝ հայերը չեն սպասել, որ թուրքն իր վրա զենք կբարձրացնի. «Իսկ դեպքից հետո մտածել են՝ եղավ ու անցավ, էլ չի լինելու։ Սա այսպես «կարմիր թելի» պես գնում է։ Ոչ մի անգամ չեն սպասել, նույնիսկ իրադարձությունից մի քանի օր առաջ չեն սպասել։
Այս պահին, իհարկե, ցեղասպանության չենք սպասում։ Բայց հարեւաններին ընկալել իրենց իրական կերպարի մեջ՝ պետք է։ Ասում ենք՝ թուրքը չի փոխվել, հայը չի փոխվել։ Իսկ դա ի՞նչ է նշանակում՝ ինչպես անհատ մարդիկ, այնպես էլ ազգերն ունեն իրենց հոգեկերտվածքը՝ ազգային խառնվածքը, ազգային բնավորությունը»։
Այնուհետեւ Նալչաջյանն իր օրինակն է բերում՝ ինքը եւս ասել է՝ թուրքը չի փոխվել, որովհետեւ հասկացել է, որ Օսմանյան կայսրության պատմությունից սկսած մինչ օրս խաղաղության որոշակի ժամանակ է անցնում, բայց հանկարծ ականատես ենք լինում նույն ձեռագրին։
«Անօգնական զոհն է թուրքի համար հրապուրիչ։ Դա նրանց բնավորությանը բնորոշ է։ Իրենց համար արյան հոտը գրավիչ է։ Կրկնվող իրադարձությունները վկայում են այն մասին, որ մենք գործ ունենք ազգային բնավորության հետ»,–համոզմունք հայտնեց հոգեբանը՝ անդրադառնալով մեր ազգային բնավորությանը։
Այսպես, մեր ազգային բնավորության յուրահատկություններից մեկը վտանգի պայմաններում իրականության ժխտումն է՝ «դե լավ, հո միշտ չի լինի»։ Մասնագետի խոսքերով, դա մարդուն բնորոշ է։ Եթե անընդհատ վախի, տագնապի զգացումով ապրենք, դա կյանք չի լինի. «Հիմա իրադրությունն այլ է, ցեղասպանությունը նույն ձեւերով չի կարող կրկնվել, բայց մենք շատ լավ գիտենք, որ ապրում ենք թշնամական միջավայրում։ Մենք թուրքական պետության կողմից մեղքի զգացում չենք տեսնում։ Մենք տեսնում ենք համատարած ժխտում, ցինիզմ»։
Գյումրիի սպանության ոճը թուրքական է
Եթեր տրված կադրը նայելուց հետո Կարինե Նալչաջյանը նշում է, որ ինքը չէր ասի, թե Պերմյակովը խելագար է։ Հոգեբանը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք չեն մտածում, թե այդ հանցագործությունը պարզ հանցագործություն է։
Նա համարում է, որ դա շատ բարդ, հեռուն գնացող հանցագործություն է։ Ձեռագիրը, ոճը մասնագետին թուրքական ոճն է հիշեցնում. քնած մարդ, երեխա սպանել։
Իսկ սպանությունից հետո մարդկանց տագնապը Նալչաջյանի համար հասկանալի ու բացատրելի է։ Ասում է, որ տագնապը դեռ կշարունակվի. «Անորոշության մեջ որոշակիություն պետք է մտնի։ Եթե արդարության զգացումը վերականգնվի, մարդկանց հոգեվիճակը կբարելավվի։ Մարդասպանը մեզ համար շատ զգայուն երկու կետի է դիպել՝ ընտանիք, որը հայի համար սրբություն է, երեխա, որը մեր պաշտամունքն է»։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|