Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են։ «Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեսանելի են Հայաստանի զարգացումները։ Իհարկե, այդ առաջընթացն ապահովելու գործում մեզ համար կարեւոր նշանակություն ունի նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության օժանդակությունը»,–ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009 թվականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011—ի արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ կայքում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ եթե օգտագործվեին 2011—ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ։ Համադուն Թուրեի խոսքով՝ այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել։ ՀՄՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 2011—ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկասում առաջինն է եղել։ Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։ Մասնավորապես, Համադուն Թուրեն պատրաստակամություն է հայտնել աջակցել ռադիոկապի բյուրոյում Հայաստանի դիմումային փաստաթղթերի հնարավորինս արագ ընդունման գործում։ Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՄՄ—ն կօժանդակի նաեւ հաճախականությունների տիրույթի ռադիոմոնիթորինգի նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման հարցում։ Կողմերը քննարկել են նաեւ ՀՀ—ում լայնաշերտ կապի համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր։
|