«Տնտեսական քաղաքականության հենասյուներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը եւ անկախ դատական համակարգի ստեղծումը, քանի որ ներդրումային միջավայրի համար ցանկացած փորձագետ կասի, որ կարեւորագույն երկու պայման կա՝ կոռուպցիայի բացակայություն եւ անկախ դատական համակարգ։ Մենք հետեւողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում կամրապնդվի օրենսդրական փոփոխություններում, այդ թվում՝ հարկային օրենսգրքում»,—երեկ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ մամուլի ասուլիսում։
Նա մինչ լրատվամիջոցների հարցերին պատասխանելը մի հանգամանքի ուշադրություն հրավիրեց։ «Առաջինը՝ դիտարկում է արվում, թե այնքան էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում ՀՀ կառավարությունը։ Կարծում եմ, որ դա գուցե ինչ—որ տեղ մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը։ Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է»,—ասաց վարչապետն ու ընդգծեց, որ հեղափոխությունից առաջ այնպիսի համակարգ ենք ունեցել, որտեղ ոլորտները հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, եւ սահմանափակ մարդիկ են միայն հնարավորություն ունեցել ՀՆԱ—ի մեծ բաժինը ստեղծելու։ Այդ սահմանափակումները ներկայումս չպետք է գոյություն ունենան։ Տնտեսական ոլորտներն այլեւս պետք է լինեն հասանելի։
Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ «սա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում, այլեւս չեն կարող շարունակել գործունեությունը, այլ նշանակում է, որ մյուսներն էլ կարող են»։
Բուժելու համար պետք է հասկանանք՝ ինչով է հիվանդ օրգանիզմը
Տնտեսական արդյունավետ քաղաքականություն ունենալու համապատկերում «ՀՀ»—ն հարց հնչեցրեց. «Ոլորտային զարգացման երկարաժամկետ ծրագրեր մշակելիս ո՞ր բնագավառին եք առաջնային անդրադառնալու, եւ արդյոք այդ առաջնայինի մեջ մտնելո՞ւ է մեր պոչամբարների հարցը, քանզի մասնագետների կարծիքով, դրանք իսկական ական են դարձել մեր երկրի համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը չսահմանափակվեց միայն հարցով, այն հասավ մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարին։
Նախ գործադիր իշխանության ղեկավարն ասաց, որ արդեն կարող ենք արձանագրել քաղաքականության հստակ փոփոխություն. «Առանց ազդակիր համայնքների համաձայնության, Հայաստանում ոչ մի նախագիծ չի իրականացվելու։ Իհարկե, ես նույնպես մտահոգված եմ, եթե ոչ ավելի, Հայաստանում էկոլոգիական խնդիրներով։ Դա շատ կարեւոր խնդիր եմ համարում։ Ընդ որում, մենք այս ոլորտում բազմաթիվ պրոբլեմներ ունենք՝ սկսած ընկալումներից։ Մենք անընդհատ առավել տեսանելի խնդիրներից ենք խոսում, բայց կան նաեւ խնդիրներ, որոնք իրենց նշանակությամբ պակաս կարեւոր չեն, բայց մենք ուշադրություն չենք դարձնում։ Պոչամբարներին չեմ անդրադառնում առանձին, որովհետեւ ասել եմ, որ բոլոր մետաղական հանքերում ստուգումներ ենք անելու»։
«ՀՀ»—ն հստակեցրեց, որ պոչամբարների խնդիրն արծարծելիս նկատի ունի երկու բաղադրիչները միասին՝ տնտեսական+բնապահպանական։ Վարչապետը ի պատասխան հիշեց նախկին իշխանությունների ժամանակ արձանագրված տնտեսական աճը, երբ «ընդերքը քանդել, արտահանել ենք։ Պղնձի գները թանկ կլինեն, կքանդեն, կտանեն։ Պղնձի գները կիջնեն, հանքերը անտեր կթողնեն—կգնան»։ Վարչապետը նաեւ ասաց, թե մեզ մանիպուլյատիվ տնտեսական աճ պետք չէ, այդ մոդելը մեզ ձեռնտու չէ, եւ «մենք պետք է լրիվ ուրիշ իրավիճակ ստեղծենք երկրում»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, կոռուպցիայի թեմայով ժամանակին ամենաշատ խոսող լրագրողն ու պատգամավորը լինելով, այսօր ապշած է. «Ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է հասել այսօր, դա ուղղակի աներեւակայելի է։ Իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին պարզապես ծիծաղելի է կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների համեմատ։ Ահավոր է։ Ուզում եմ ճիշտ հասկանանք։ 2 ամիս է անցել, ես ամեն օր զարմանում եմ։ Ինչքան հասկանում եմ՝ մի 4 ամիս էլ դեռ էլի ամեն օր զարմանալու եմ։ Ես ամեն օր այնպիսի տեղեկություններ եմ ստանում, այնքան եմ զարմանում, որ հրաժարվում եմ հավատալ։ Մինչեւ ինձ չեն բերում ու չեն ասում՝ ապացույց 1, ապացույց 2, 3, 4 եւ այլն։ Անցյալ օրը ես մեր պետական մարմիններից մեկի ղեկավարին ուղղակի խնդրել եմ չշարունակել ներկայացնել փաստերը։ Մեկ օրում չեմ կարող այդքան բան լսել ու հոգեկան հավասարակշռությունս պահպանել... Պատկերացրեք, ես, որպես վարչապետ, շոկի եմ ենթարկվում ամեն օր»։
Այնուհետեւ վարչապետը եզրափակեց՝ ի մի բերելով իր ասածը. «Հիմա ուզում եմ հարցնել՝ մենք համաձա՞յն ենք այս պայմաններում շարունակել։ Մինչեւ չհասկանանք այս աղետի իրական մասշտաբները, չափերը... Պետք է հասկանանք՝ օրգանիզմն ինչո՞վ է հիվանդ։ Եթե պարզվի, որ քաղցկեղով հիվանդին ասպիրին ենք տալիս, ապա անիմաստ գործողություն ենք անում։ Ամեն անգամ «յամերի» տակով անցնում ենք, էնպիսի բաներ է բացվում, որ... մի հատ էլ ասում ենք «կատե» անենք... Ինչ անում ենք, նոր բաներ են բացվում։ Սա է խնդիրը։ Եվ ես ուզում եմ անկեղծ ասել սրա մասին։ Ֆունդամենտալ հարցը սա է՝ մենք ի վիճակի լինելո՞ւ ենք ճշմարտության վրա հիմնած հարաբերություններ հաստատել մեր երկրում։ Վախենում եմ անձամբ ես ստի ու ճշմարտության հարցում չկարողանամ կոմպրոմիսի գնալ։ Գուցե շատ վատ է դա, բայց... Ես հիմա ի պաշտոնե գիտեմ ճշմարտություններ, որ վստահ չեմ, երբ հանրությունը իմանա, չի ասի՝ ինչո՞ւ այս ճշմարտությունը մեզ ասացիք, մենք հիասթափվեցինք կյանքից։ Թեեւ ես հակված եմ, որ ճշմարտությունը մինչեւ վերջին կետը պետք է բացվի։ Թեպետ վստահ չեմ, որ դա վտանգներ չի բերի։ Բայց էլի կարծում եմ՝ պե՛տք է բացահայտվի...»։
Հանդուրժողական հեղափոխության կադրերը
Որպեսզի տնտեսական քաղաքականությունն արդյունավետ տարվի, կադրային քաղաքականությունը պետք է ճիշտ լինի։ Արդյո՞ք իր կադրային քաղաքականությունը վարչապետը ճիշտ է համարում։ Խոսքը, ասենք, ՍԱՊԾ պետի նշանակման մասին է, ՊԵԿ—ում նշանակումների եւ այլն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ նոր իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը, քանի որ իրավիճակը նոր է թե՛ հին, թե՛ նոր կադրերի համար։ Եվ այս ադապտացիայի շրջանում, վարչապետի խոսքերով, բոլոր խմբերում էլ բառիս լավ իմաստով լինելու են մարդիկ, որոնք հարմարվելու են իրավիճակին, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու իրավիճակին։ Սա անխուսափելի է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շարքային փոփոխություն չէ, պարզապես կառավարության փոփոխություն չէ, այլ գործելաոճի փոփոխություն է, ինչը շատ փոքր թվով մարդկանց համար էր սպասելի։
Գործադիր իշխանության ղեկավարը ընդգծեց նաեւ, որ այժմ ժամանակն է ուղիներ փնտրելու՝ ազգային ներուժը ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու համար, ավելին՝ այս նպատակին հասնելու օրենսդրական խոչընդոտները չեզոքացնելու ուղղությամբ պետք է աշխատել։
Նիկոլ Փաշինյանը կարեւոր, բայց աշխատատար համարեց կադրային նոր բանկի ձեւավորումը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կբացի Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի կադրերի համար։ Իսկ ՍԱՊԾ պետի նշանակումը հենց անհերքելի ապացույցն է, որ սա սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն էր եւ ոչ թե սոցիալիստական, ոչ թե բուրժուադեմոկրատական։ Եվ, այո, վարչապետ Փաշինյանը չհերքեց, որ իրենք էլ անսխալական չեն, ավելին՝ անխուսափելի է չսխալվելը. «Մենք չենք կարող լինել անսխալական, բայց բացառում եմ այնպիսի իրավիճակ ունենանք, որ կաշկանդված լինենք մեր սխալը ուղղելու ճանապարհին»։ Մանավանդ որ մասնագետների պակաս կա երկրում եւ այդ պակասը միայն բարձր որակական հմտություններ պահանջող մասնագիտությունների դեպքում չէ։
ՊԵԿ բացահայտումները՝ ֆանտաստիկայի ոլորտից
Քանի որ հակակոռուպցիոն պայքարը Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր հիմնասյուներից է, ապա, բնականաբար, այդ թեման շրջանցվել չէր կարող։
Վարչապետը խնդրեց բոլորին հասկանալ, որ եթե իրենք ասում են կոռուպցիայի դեմ պայքար, ապա դա նշանակում է ոչ թե նախկին իշխանությունների կամ կառավարության կատարած կոռուպցիայի դեմ պայքար, այլ պայքար ընդհանրապես կոռուպցիայի դեմ, այդ թվում դա վերաբերում է նաեւ այսօրվա պաշտոնյաներին։ Եվ ՊԵԿ—ի քննչական մասն իր գործն անում է, այլ կերպ՝ այնպիսի բացահայտումներ է անում, որոնք նախկինում ֆանտաստիկայի ոլորտից էին։ «Որոնք դուք չէիք կարող նույնիսկ երեւակայել չորս ամիս առաջ»,— պատկերավոր նկարագրեց վարչապետը։
Իսկ ի՞նչ է լինելու այն ընկերությունների հետ, որտեղ բացահայտումներ են եղել, փակվելու՞ են, չէ՞ որ դա կարող է վնասել մեր տնտեսությանը։ Գործադիր իշխանության ղեկավարը բացատրում է, որ իրենց նպատակը այդ ընկերությունների գործունեությունը կասեցնելը չէ։ «Մեր նպատակը չէ, որ այդ ընկերությունները դադարեն գործել, եւ ամեն ինչ անելու ենք, որ դրանք չդադարեն գործել, բարեհաջող, բայց օրենքի շրջանակներում աշխատեն։ Մենք ոչ միայն չենք խանգարելու նրանց գործել, զարգանալ, այլեւ օգնելու ենք։ Բայց ներառող տնտեսական համակարգի շրջանակներում ոչ ոք մոնոպոլ դիրք չի ունենալու։ Հաշվի ենք առնելու նաեւ այդ ընկերությունների շահերը, քանի որ դա մեր տնտեսության շահն է»,–ասաց վարչապետը։
Քաղբանտարկյալներ չեն լինի
Ասուլիսին անդրադարձ եղավ 2008թ. մարտյան դեպքերին։ Դիտարկում եղավ, որ եթե այն ժամանակ հեշտ էր Նիկոլ Փաշինյանին հայտնաբերելը, հիմա ինչո՞ւ է դժվար գտնել ու բերել հարցաքննության «Մարտի 1»—ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։
Նիկոլ Փաշինյանը նախ արձագանքեց, թե՝ «ո՞նց էր հեշտ գտնելը, որ հեշտ լիներ՝ կգտնեին»։ Այնուհետեւ շարունակեց. «Ես ասել եմ, որ ցավում եմ, որ մեր իրավապահ մարմիններն իրենց առաջ խնդիր են դրել ինձ հայտնաբերելու ու չեն կարողացել։ Կարծում եմ, որ ժամանակին ինձ չգտնելու հիմքերից մեկը եղել է «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները, կարդալով իմ «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, հավատացել են, որ ես իսկապես Հայաստանի տարածքից դուրս էի գտնվում։ Դրա մասին վկայող պաշտոնական փաստաթղթեր ի հայտ են եկել դեռ 2010 թվականին, երբ դատավարություն կար ինձ հետ կապված»։
Իսկ ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին. իրավապահները դեռ նոր են նրան մեղադրանք առաջադրել։ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ մանրամասներին, բայց համոզված է, որ իրենց աշխատանքը պատշաճ կանեն։
Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք սահմանադրական իմունիտե՞տն է վստահություն տալիս ՀՀ 2—րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը հետեւյալն էր. «Չեմ կարծում, որ որեւէ մեկը, այդ թվում՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ ունի բացարձակ իմունիտետ։ ՀՔԾ նոր պետին ներկայացնելու ժամանակ հստակ ասել եմ, որ ՀՔԾ—ի առջեւ դրված կարեւոր խնդիրներից է Մարտի 1—ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը։ Ուրախ եմ, որ այստեղ մենք լրջագույն տեղաշարժեր ունենք, հույս ունեմ, որ այդ լրջագույն տեղաշարժը լրջագույն արդյունքներ կբերի։ Բայց էլի ուզում եմ ընդգծել, որ նախաքննության ընթացքում բոլոր ներգրավված անձանց իրավունքները պետք է պահպանվեն բացարձակ օրինականությամբ։ Սա ասում եմ ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլ որպես վարչապետ, որը նախկինում եղել է քաղբանտարկյալ։ Ասում եմ՝ ինձ համար անձնապես կլինի մեծագույն խայտառակություն, եթե ՀՀ—ում մենք ունենանք քաղբանտարկյալներ»։
Համապատկերում վարչապետը հավատացրեց, որ ՀՀ—ում քաղբանտարկյալներ չեն լինի։ Բայցեւ հստակեցրեց, թե դա չի նշանակում, թե որեւէ քրեական գործ, որեւէ անձով պայմանավորված, կարող է կանխվել։ Յուրաքանչյուր անձ, ում քրեական պատասխանատվության համար կլինեն համապատասխան հիմքեր, կենթարկվի քրեական պատասխանատվության։
Կընդառաջի՞ վարչապետը «Մարտի 1—ի» զոհերի հարազատների՝ իր հետ հանդիպելու ցանկությանը։ Նա հայտնեց, որ ապագայում պատրաստվում է հանդիպել նրանց, ու դա կլինի այն պայմաններում, երբ ինչ—որ արդյունքներ արձանագրած կլինեն։ Թեեւ ամեն պահի էլ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ։ Փաշինյանը որեւէ խնդիր չի տեսնում, հանդիպումը կկազմակերպվի։
Հումորով քաղաքական բովանդակություն են ճշտում
Լրագրողներից մեկը փորձեց վարչապետից ճշտել նաեւ, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ վերջին 2 ամսվա ընթացքում ռուսաստանցի պրանկերներն իր անունից զրուցել են ԵԱՀԿ գործող նախագահի, ԵՄ գերագույն հանձնակատարի ու Եվրահանձնաժողովի նախագահի հետ։
Վարչապետի պատասխանը հստակ էր. պրանկերները հումորով քաղաքական բովանդակություն ճշտելու ձգտում ունեն։ «Այդ մասին ինֆորմացիա եղել է, որովհետեւ նախկինում Եվրամիությունը ինֆորմացիա էր տարածել մեր ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ, եւ ես խնդրել եմ մեր դիվանագիտական ներկայացուցիչներին՝ տեղյակ պահել, որ ես իրենց հետ հեռախոսով չեմ խոսել»,–ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ «մեր գործընկերներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել այդ ինֆորմացիային՝ մտածելով, որ հին իշխանություն–նոր իշխանություն խնդիր կա, գուցե հին իշխանության դիվանագետները տեղյակ էլ չեն, թե ում հետ են հեռախոսով խոսում նոր իշխանության դիվանագետները եւ այլն։ Իսկ ընդհանուր առմամբ, բացի հումորից, այո՛, տեսնում եմ նաեւ որոշակի քաղաքական բովանդակություն ճշտելու ձգտում։ Կարծում եմ՝ այդ խոսակցությունների հեղինակները նաեւ փորձում են, ճշտում են, թե, օրինակ, Եվրամիությունն ինչքանով է աջակցել Հայաստանի հեղափոխական գործընթացները։ Հույս ունեմ՝ ճշտել, վերջացրել են։ Այսքանը»։
Վարչապետի համար զարմանալի է Եվրոպայի մոտեցումը
Բրյուսել այցին անդրադառնալով եւ ՀՀ—ԵՄ համագործակցությունից խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց. «Մենք արձանագրել ենք, որ ժողովրդավարությունը ոչ թե մեր արտաքին քաղաքական դիրքորոշումն է, այլ համոզմունքն է, հավատամքը, եւ քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»։
Նկատենք, որ ԵՄ—ն ասել էր, թե Արեւելյան գործընկերության երկրների հետ հարաբերվում է «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձեւով։ Այս մասով վարչապետը դիտարկեց, թե ավելին վերաբերել է հռչակված այն արժեքներին, որոնք բոլորիս ասվել է՝ ժողովրդավարություն, թափանցիկություն, կոռուպցիայի դեմ պայքար։ Բայց Նիկոլ Փաշինյանի համար մեկ բան զարմանալի է. «Մինչեւ իմ այցը ասվել է, որ ԵՄ—ն Հայաստանին պատրաստվում է աջակցել ինչ—որ ձեւով, եւ ես իմ տարակուսանքն եմ արտահայտել, եւ ինձ համար տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ակնկալում են փոփոխություններ Հայաստանում։ Ինձ համար զարմանալի է, որ նրանք չեն նկատում արդեն տեղի ունեցած փոփոխությունները։ Ես օրինակներ եմ բերել, որ այս վերջին մեկուկես ամսվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում առանց որեւէ լումա ծախսելու արվել է ավելին, քան ԵՄ եւ ՀՀ նախկին կառավարությունների համագործակցության արդյունքում է արվել՝ ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ»։
Արցախի խնդիրը առանց Արցախի չի լուծվի
Սահմանում ի՞նչ վիճակ է, պատերազմի վտանգ կա՞, ինչո՞վ է պայմանավորված Բաքվի ագրեսիվության մեծացումը, ի՞նչ են խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանը, եւ ընդունելի՞ է արդյոք Նիկոլ Փաշինյանի համար «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծումը։
Փաշինյանը նախ ասաց, որ պատերազմի վտանգը միշտ առկա է, բայց իր գնահատականով պատերազմի վերսկսում տարածաշրջանում չի լինելու։ «Կա պատերազմի վերսկսման վտանգ, բայց կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք՝ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, թույլ չի տալու պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատել, որ Հայաստանի բարեկամ եւ ռազմավարական գործընկերն իր լծակները չի օգտագործի թույլ չտալու համար այս տարածաշրջանում պատերազմ, ես չեմ կարող դրան հավատալ»,—հայտնեց ՀՀ վարչապետը։
Նա նշեց, որ ընդհանուր քաղաքական, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ, դա մի օր կարող է կրակոցներով արտահայտվել, հաջորդ օրը՝ այլ կերպ։
Ինչ վերաբերում է արցախյան խնդրի՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծման տարբերակին համաձայն լինել—չլինելուն. «Իմ կարծիքով՝ մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ ՀՀ կառավարության որեւէ ներկայացուցչի հարցնում ենք, թե արդյոք Արցախի հակամարտության կարգավորման հարցում «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծումն ընդունելի՞ է ձեզ համար, թե՞ ոչ»։
Ի դեպ, ասուլիսում այս հարցը հնչեց Փաշինյան—Տեր—Պետրոսյան հանդիպման համապատկերում՝ հաշվի առնելով, որ ՀՀ առաջին նախագահը կողմ է «տարածքներ կարգավիճակի դիմաց» լուծմանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ինքը հարցադրում արեց. «Իսկ որեւէ մեկը հարց տվե՞լ է, այդ լուծումն Ադրբեջանի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Ես միշտ հայտարարել եմ այն մասին, որ փոխզիջման համար կարեւոր է, որ 2 կողմն էլ պատրաստակամ լինեն զիջման։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք ցանկանում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման։ Երբ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, այդ ժամանակ կքննարկենք, կքննարկենք ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի, որ հասկանանք, թե մեզ համար փոխզիջման ինչ հնարավորություն գոյություն ունի»։
Նա նկատեց նաեւ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բացառում է այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Մարդիկ հենց դրա համար Հանրապետության հրապարակում ներգրավեցին քաղաքական գործընթացների մեջ, որպեսզի ընդունվեն ազգային որոշումներ։
Հետաքրքիր է, կառավարական առանձնատանը ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպմանը տեղեկություններ եղե՞լ են, որոնք հետո շատ կօգնեն Նիկոլ Փաշինյանին. «Նա ինձ հայտնեց տեղեկություններ, որոնք մտածում էր, որ կարող է ես չիմանամ։ Շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ չեղավ այնպիսի տեղեկություն, որի մասին ես չգիտեի»։
Հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել։
Նիկոլ Փաշինյանը խնդրեց ամրագրել հետեւյալը. առանց Արցախի ժողովրդի հարցի լուծում չի լինելու. «Բոլոր փաստաթղթերում արձանագրված է՝ խնդրի լուծման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի, բայց սա չի նշանակում, որ մենք ընդհանրապես չենք կարող խոսել, կարող են լինել քննարկումներ»։
Իսկ Բաքվի մեծացած ագրեսիան իր պատճառներն ունի։ Ըստ ՀՀ վարչապետի. «Հեղափոխությունից հետո Ադրբեջանական ռազմական կեցվածքի մեծացումը կապում եմ իրենց ունեցած մտավախության հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեւորված լինել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությամբ, կոռուպցիայի դեմ պայքարով, եւ թերեւս մտավախություն ունեն, որ դա կարող է տարածվել Ադրբեջանում ու փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարց եւ թշնամության հովանոցի տակ շարունակել ավանդական քաղաքականությունը։ Մենք համարում ենք, որ մեր հեղափոխությունը մաքուր, ներքին, ներհայաստանյան քաղաքական պրոցես է, եւ սրանով ամեն ինչ ասված է»։
Թոշակն ու աշխատավարձը կբարձրանա՞ն
Արտաքին ոլորտից անցում արեցինք սոցիալականին՝ թոշակի եւ աշխատավարձի բարձրացում։
«Մեր առջեւ դրված է թոշակների ու աշխատավարձերի բարձրացման խնդիր, մենք ամեն բան անում են այդ խնդիրը լուծելու համար։ Երբ կառավարությունը խոսում է ներառող տնտեսական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ապա պետք է հասկանալ պետական եկամուտների ավելացում։ Ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը բանտերը մարդկանցով լցնելը չէ։ Առաջին նպատակն այն է, որ ապահովենք մաքսիմալ հավասար դաշտ տնտեսական բնագավառում, երկրորդ՝ պետությանը, ժողովրդին հասանելիք գումարները գանձենք՝ այդպիսով ավելացնելով պետական եկամուտները»,–ասաց նա։ Եվ, բնականաբար, պետական եկամուտներն ավելացնելուց հետո այդ միջոցները պետք է ծախսվեն պետական նպատակների համար, որոնց մեջ մտնում է նաեւ աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը, անվտանգության ապահովումը եւ այլն։ Նաեւ շատ կարեւոր է ամփոփել այդ փուլը եւ կայացնել այնպիսի որոշում, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացնել։ «Մեր պետական պարտքն արդեն իսկ հատում է մեր՝ օրենքով նախատեսված վերին սանդղակը։ Չեմ կարծում, որ վարկերի ծախսման պատմություններ թողած՝ մենք նոր վարկեր պետք է ներգրավենք»,–պարզաբանեց վարչապետը։
Ներքաղաքական հարցերի շրջանակից խոսք եղավ վարչապետի՝ քաղաքապետի թեկնածուի մասին։ «Ոչ թե ես անձամբ պետք է ունենամ թեկնածու, այլ քաղաքական ուժը պետք է ունենա, տարբեր ֆորմատներով այդ հարցը քննարկվում է, կան թեկնածուներ, որոնց անունները շրջանառվում են մամուլում»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արտահերթ ընտրությունները՝ ամենաուշը 2019թ. մայիսին
Որոշ քաղաքական վերլուծաբաններ ասում են՝ որքան ժամանակն անցնում է, մարդկանց էյֆորիան նվազում է։ Լրագրողներից մեկի այս դիտարկմանը վարչապետը չհամաձայնեց. «Հավաստիացնում եմ, որ ինչքան ժամանակը գնա, մարդկանց էյֆորիան մեծանալու է»։ Եվ ամենաուշը, որ տեղի կունենան արտահերթ ընտրությունները, 2019թ. մայիսն է։ Ընտրությունների անցկացման ժամկետը կախված է քաղաքական իրավիճակից, հնարավոր է՝ մի ամսում անգամ անհրաժեշտություն առաջանա եւ ընտրություններ անցկացվեն։ Վարչապետի խոսքով՝ իրենց համար կարեւորն այն է, որ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը լինի լիարժեք լեգիտիմ։
Այնուամենայնիվ, բարդ է, ինչպե՞ս են ապահովելու, որ ընտրությունների ժամանակ նախկին ընտրախախտումները չկրկնվեն։ «Նախկին ընտրախախտումների կապակցությամբ հարուցված է քրեական գործ»,–ասաց վարչապետը։
Զարգացում կանենք այնպես, ինչպես արեցինք հեղափոխությունը
Եվ վերջում՝ քանի դեռ ընտրությունները չեն եղել, ժամանակավոր այս կառավարությանը կհաջողվի՞ արդյոք հասնել այն կետին, որ քաղաքացին զգա տնտեսական օգուտներն իր առօրյա կյանքում։
Վարչապետը կրկնեց, որ իրենց նպատակը ներառող տնտեսական համակարգ ձեւավորելն է։ «Իմ ասածն արդեն քաղաքացիները պետք է զգան, որ տեղի է ունեցել տնտեսական իրավիճակի, պայմանների էական փոփոխություն։ Մենք պետական եկամուտների աճ ենք ապահովում։ 2018թ. պետբյուջեով սուբվենցիաների համար գումար նախատեսված չի եղել, իսկ այսօր արդեն 10 միլիարդ ենք պատրաստվում տրամադրել համայնքներին, որպեսզի դրանք ծախսեն իրենց կարիքների համար... Մենք կոռուպցիայի դեմ պայքարում 20 միլիարդ դրամ գեներացրել ենք, այդ գումարները մտնելու են բյուջե եւ ծախսվելու են պետական կարիքների համար։ Պարտադիր չէ, որ դա մարդիկ զգան հինգ հազար դրամ ավելացնելով։ Մենք այսօր արդեն 207 հազար քաղաքացու աշխատավարձը 5000 դրամով ավելացրել ենք, եթե նրանք այդ փոփոխությունը չեն զգում, նշանակում է, որ խնդիրը 5 կամ 10 հազար դրամով աշխատավարձը բարձրացնելը չէ, այլ տեւական եւ կայուն զարգացում ապահովելը, եւ մենք այդ ճանապարհով ենք գնում,–նշեց վարչապետը՝ միաժամանակ եզրափակելով.–Ո՞նց ենք մենք պատրաստվում ապահովել տնտեսական զարգացումը, այնպես, ինչպես արեցինք հեղափոխությունը»։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|