ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2024, 15:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 17 » Վարչապետի այցը Բելգիա արդյունավետ էր /Այն առանձնանում էր կարեւոր շեշտադրումներով/
12:42
Վարչապետի այցը Բելգիա արդյունավետ էր /Այն առանձնանում էր կարեւոր շեշտադրումներով/

ՆԱՏՕ—Հայաստան հարաբերությունների համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը կարեւոր էր։ Այս կարծիքին են երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ներկա քաղաքագետներ Նարեկ Մինասյանը եւ Գրետա Ավետիսյանը։ Նարեկ Մինասյանը նշեց, որ նախ այն ճանաչողական բնույթ ուներ, հենց այցի շրջանակում ՀՀ վարչապետը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ՆԱՏՕ—ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել ՀՀ—ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս վիճակը, հարաբերությունների խորացման հեռանկարները։
«Եվ, ըստ էության, կարեւորվում էր այն հանգամանքը, որ Հայաստանը, որպես ՆԱՏՕ—ի գործընկեր երկիր, բավական պատշաճ կատարում է իր առջեւ դրված պարտավորությունները։ Մամուլում ուշադրության արժանացան ՆԱՏՕ—ի կոմյունիկեում տեղ գտած ձեւակերպումները։ Պետք է ընդգծել, որ այդ ձեւակերպումներն ինչ—որ առումով հակասություն են պարունակում։ Մասնավորապես, եզրափակիչ այդ փաստաթղթում ֆիքսված է, որ կառույցն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, սակայն մյուս կողմից նշվում է, որ կառույցը կարեւորում է խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված միջազգային նորմերի՝ ՄԱԿ—ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ Իսկ ինքնորոշման իրավունքն ու ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւոր բաղադրիչներից են»,–ասաց Նարեկ Մինասյանը։
Քաղաքագետը նշեց, որ տարբեր տարիների նման ձեւակերպումների պատճառով նախկինում Հայաստանը նախընտրել է չմասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, որոշ դեպքերում մասնակցել է։ Այս տարի եւս բրյուսելյան այցն օգտագործվեց, որ անկախ եզրափակիչ ակտում տեղ գտած ձեւակերպումներից, հարթակն օգտագործվեր հայկական կողմի մոտեցումները բարձրաձայնելու համար։
«Հարցադրում էր շրջանառվում, թե արդյոք պե՞տք էր գնալ Բրյուսել, թե՞ ոչ։ Եթե հաշվի առնենք հանդիպումների այն լայն սպեկտրը, որը տեղի ունեցավ բրյուսելյան այցի շրջանակներում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ անկախ մեր գնալ—չգնալուց, միեւնույնն է, այդ փաստաթուղթն ընդունվելու էր, եւ գոնե ներկա լինելու պարագայում հայկական կողմը հնարավորություն ուներ բարձրաձայնելու սեփական մոտեցումները ղարաբաղյան հակամարտության հետ կապված, ապա կարծում եմ, որ միանշանակ Հայաստանի մասնակցությունն արդարացված էր»,—ասաց Նարեկ Մինասյանը։ 
Գրետա Ավետիսյանը նշեց, որ այս այցը նախ կարեւոր էր հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մի շարք հստակեցումներով։
«Պարզ է, որ իշխանափոխությունից հետո մի շարք եվրոպական պաշտոնյաների մոտ հարցեր ծագած կլինեին երկրում տիրող իրավիճակի մասին, եւ այս այցը կարեւոր էր այդ հարցերին անդրադառնալու տեսանկյունից։ Նաեւ կարեւոր էր ԵՄ—ի հետ հարաբերությունների օրակարգը պարզաբանելու, առաջնահերթություններն ընդգծելու համատեքստում»,—ասաց Գրետա Ավետիսյանը։
Վարչապետի՝ Բելգիա կատարած այցից քաղաքագետն առանձնացրեց Մոգերինիի, Տուսկի, Յունկերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ—ԵՄ հարաբերություններին, կարեւորվեց, որ այդ փոխգործակցությունը պետք է ավելի ամրապնդվի եւ խորացվի։
«Կարող ենք փաստել, որ այդ գործիքակազմը մենք արդեն իսկ ունենք, այն ամրագրվում է ՀՀ—ԵՄ նոր համաձայնագրով, եւ դրա լիարժեք կիրարկումից հետո արդեն մենք կկարողանանք իսկապես խոսել ՀՀ—ԵՄ հարաբերությունների առավել խորացման, ընդլայնման մասին»,—ասաց Գրետա Ավետիսյանը։ Այս համատեքստում նա առանձնացրեց վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում իրականացվող գործընթացների հետ կապված ԵՄ—ից դրական ազդակներ են գալիս, սակայն դրանք դեռ հայտարարությունների մակարդակով են, ակնկալվում են գործնական քայլեր։
«Ինչո՞ւ այդ գործնական քայլերը դեռ չկան։ Դա կապված չէ այն հանգամանքի հետ, որ ԵՄ—ն չի ուզում, կամ ինչ—որ խոչընդոտներ կան, պարզապես այնտեղ կան որոշ բյուրոկրատական գործընթացներ, որեւէ որոշում կայացնելուց առաջ բավական շատ փուլերով է անցնում»,—ասաց նա։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացում պասիվ փուլին գալիս է հաջորդելու որոշակի ակտիվացում։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ 
«Բելգիայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ուղղված էր բանակցային գործընթացի դինամիկայի վերականգնմանը։ Բավական երկար ժամանակ մենք նկատում էինք որոշակի պասիվացում, ինչը, թերեւս, պայմանավորված էր երկու երկրներում ծավալվող ընտրական գործընթացներով։ Այս հանդիպումով, կարծես, համանախագահները փորձում են վերականգնել բանակցային ձեւաչափը, ընթացքը, տեմպը։ Այն հանգամանքը, որ արդեն իսկ կա ձեռքբերված պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ, վկայում է, որ այդ ուղղությամբ կա որոշակի հաջողություն»,—ասաց Նարեկ Մինասյանը։
Նրա խոսքով, պետք է ընդգծել այն ֆոնը, որի առկայության պայմաններում տեղի է ունենում այդ հանդիպումը։ Ադրբեջանի կողմից նկատվում են բավական լուրջ ապակառուցողական քայլեր։ Խոսքը վերաբերում է թե հռետորաբանությանը, թե ռազմական ակտիվացմանը, թե քաղաքական տարբեր հայտարարություններին։ Ըստ Նարեկ Մինասյանի՝ այնուամենայնիվ նման պայմաններում հանդիպման նախաձեռնումը եւ կայացումը բավական կարեւոր է ընդհանուր մթնոլորտի լարվածության թուլացման համար։
«Ամեն դեպքում մենք ականատես ենք լինում, երբ Ադրբեջանը հանդիպմանն ասում է մի բան եւ գործնականում անում այլ բան։ Տվյալ պարագայում կարեւոր է այն շեշտադրումը, որ ԱԳ նախարար Զոհաբ Մնացականյանը կատարեց, մասնավորապես, առկա բանակցային դինամիկայի ապահովումը, ինչը հիմնված է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա։ Դրանք կարեւոր են թե լարվածության թուլացման, թե փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար»,—ասաց Նարեկ Մինասյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող հռետորաբանությունը չի նպաստում բանակցային գործընթացին, եւ որ կազմակերպվող հանդիպումներն ունենան կառուցողական շեշտադրում։ Նա նշեց, որ հայկական կողմն արեց այն կարեւոր շեշտադրումները, որոնք մինչ այսօր բարձրաձայնվել են, դրանք վերաբերում են բանակցային ձեւաչափի լիարժեք վերականգնմանը, խոսքը վերաբերում է բանակցային գործընթաց Արցախի վերադարձին։
Գրետա Ավետիսյանն անդրադարձավ նաեւ ԵՄ—Ադրբեջան հարաբերություններին։ Նա նշեց, որ Բրյուսելում տեղի ունեցավ Ադրբեջան—ԵՄ գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի նախաստորագրումը, որի հետ կապված տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե իբր «փաստաթղթում ԵՄ—ն աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականությանը»։
«Փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, հետեւաբար հստակ չենք կարող ասել այդպես է, թե ոչ, սակայն եթե հիմք ընդունենք ԵՄ—ի մամուլի հաղորդագրությունը, ապա այդտեղ որեւէ անդրադարձ չկա տարածքային ամբողջականությանը, միայն նշվում են այն 4 գերակայությունները, որոնց ուղղությամբ պետք է ընթանա համագործակցությունը»,—ասաց քաղաքագետը։ 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 411 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024