Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը եւ ՀՀ ներկայիս տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, ինչպես նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, եւ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով (ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներ)։ Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը եւ բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ։
Մարկ Հորթոնը կարեւորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու եւ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում։
Կողմերն անդրադարձել են ԱՄՀ–ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին եւ քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ–ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները։ Հանդիպմանն արծարծվել են նաեւ ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը եւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր։
|