Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սեւերինոյին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է ԵԱՀԿ—ի հետ համագործակցության հետագա զարգացումը տարբեր հարթություններում, այդ թվում՝ հակակոռուպցիոն ոլորտում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է, եւ այդ ուղղությամբ գործադիրը հաստատակամորեն շարունակելու է հետեւողական քայլերը։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը։
Պաոլա Սեւերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները եւ համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ—ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կխթանի բիզնես միջավայրի բարելավումն ու արտաքին ներդրումների ներգրավումը։
|