Աթենքում կայացել են հայ—հունական բարձր մակարդակի բանակցությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով երեկ պաշտոնական այցով ժամանել է Հունաստան։
Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել։
Հունաստանի նախագահի նստավայրում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել։ ՀՀ նախագահը եւ Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ նախագահի պաշտոնն ստանձնելը եղել է Հունաստան—Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ եւ բավականաչափ տեղեկացված է Հայաստանի վերաբերյալ կարեւորագույն հարցերին, քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ՝ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, փոխշահավետ մի շարք կարեւոր ոլորտներում հայ—հունական գործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Նախագահներն անդրադարձել են նաեւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի, ներկայացրել դրանց շուրջ երկու երկրների մոտեցումները, խոսել Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների եւ դրանց զարգացման գործում բարեկամ Հունաստանի դերակատարության, Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում ստեղծված ճգնաժամի եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական աղետի, փախստականների ճգնաժամի հետեւանքների մասին, որն այսօր համաեվրոպական խնդիր է դարձել, իսկ Հունաստանի կառավարության համար՝ ամենօրյա լուրջ մարտահրավեր։
Առանձնազրույցից հետո, ի պատիվ պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով՝ անդրադառնալով բարձր մակարդակի հայ—հունական միջպետական հարաբերություններին, դրանց առավել սերտացման եւ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության զարգացման ներուժին, ընդհանուր պատմությամբ եւ ավանդույթներով փոխկապակցված, երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաեւ այդ բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող Հունաստանի հայ համայնքին։ «Բարեկամ հույն ժողովրդի հյուրընկալության մասին վկայությունները հիշատակվում են դեռեւս մեծն Հոմերոսի «Ոդիսականում», այդուհանդերձ, հունական «քսենիան» մեզ՝ հայերիս, քաջածանոթ է ոչ միայն գրականությունից։ Անծանոթին անօգնական չթողնելու պատգամին հավատարիմ՝ հարյուր տարի առաջ հույն ժողովուրդը ապաստան տվեց հայրենազրկված եւ անօթեւան մնացած հազարավոր հայերի։ Եվ այսօր հպարտությամբ եմ նշում, որ արմատներ ձգելով Հունաստանում՝ հայ համայնքն ամրացավ ու ծաղկեց՝ իր ստեղծագործ ներդրումը բերելով Հունաստանի շենացմանն ու նպաստելով հայ—հունական միջպետական համագործակցության ամրապնդմանը։
Հյուրերի նկատմամբ նման վերաբերմունքն անչափ հարազատ է մեզ՝ հայերիս, սակայն հյուրասիրության այս դրսեւորումը մեր ժողովուրդներին կապող միակ ընդհանրությունը չէ։ Հայերն ու հույները ավելին են, քան բարեկամներ։ Նրանք միմյանց փոխկապակցված են ընդհանուր պատմությամբ եւ ավանդույթներով։
Ներկայացնելով երկու հնագույն քաղաքակրթություն՝ հայ եւ հույն ժողովուրդները արարել են կողք կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում։ Պայքարել են կողք կողքի՝ վաստակելով գոյատեւելու իրավունքը։ Այսօր էլ, որպես համանման արժեքների ու բարոյականության կրողներ, հանդես են գալիս կողք կողքի՝ վաստակելով հարատեւելու ու բարգավաճելու իրավունքը։ Այդ ժառանգության հիման վրա ենք այսօր շարունակում ամրապնդել հայ—հունական բարեկամությունը, որն արդեն 24 տարի է, ինչ միջպետական բնույթ է կրում։
Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ՝ քաղաքական գործուն երկխոսությունից մինչեւ համագործակցություն կրթության եւ մշակույթի բնագավառներում։ Սերտորեն փոխգործակցում ենք ռազմական ոլորտում։ Հայաստան—Եվրոպական միություն հարաբերություններում Հունաստանը մեր կարեւորագույն գործընկերներից է։ Պարբերական դարձած բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են տալիս ուրվագծել համագործակցության նոր հնարավորություններ։ Ասածիս վառ վկայությունն իմ այս այցն է, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել մեր տնտեսական համագործակցությունը՝ հիմնվելով առկա ներուժի վրա»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջարկել բաժակ բարձրացնել հանուն հայ եւ հույն ժողովուրդների դարավոր պատմության, հանուն ներկա բարեկամության եւ ապագա սերունդների հարատեւ համակեցության։
Ողջունելով ՀՀ նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստան եւս մեկ անգամ ցույց է տալիս բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ համագործակցության բարձր մակարդակն ու բացառիկ կարեւորությունը։ Նշելով, որ հայերը եւ հույները միմյանց հետ կապված են ամուր պատմական, բարեկամական կապերով, նախագահ Պավլոպուլոսը շեշտել է, որ այսօրվա միջպետական հարաբերությունների հիմք դարձած այդ պատմական կապերն ամրապնդվել են դարերի ընթացքում՝ դժվարին պայմաններում։ «20—րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միեւնույն պատճառով տառապալից պահեր են ապրել, ինչպես վկայում է պատմությունը՝ թե՛ հայ ժողովրդի, թե՛ Պոնտոսի հույների, թե՛ Փոքր Ասիայի հույների նկատմամբ տեղի ունեցածը։ Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ օթեւան տվեց տարագիր հայերին, նաեւ Հունաստանն առաջին երկրներից էր, որ ճանաչեց հայերի դեմ գործված ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի խորհրդարանը ճանաչեց պոնտոսցիների դեմ գործված ցեղասպանությունը։ Պետք է հիշենք, պարո՛ն նախագահ, որ պատմական հիշողությունը կարեւոր է մարդկության հավաքական գիտակցության համար, կարեւոր է նաեւ մարդկության ապագայի տեսանկյունից։ Հատկապես ներկայիս ճգնաժամային պայմաններում, երբ սեւ, մութ ամպեր են հավաքվել համաշխարհային հորիզոնում, պետք է հիշենք անցյալը, ոչ թե որպես ատելություն սերմանելու միջոց, այլ որպեսզի կարողանանք ապագայում խուսափել նման ողբերգություններից»,–ասել է Հունաստանի նախագահը, ում տեսակետի հետ ՀՀ նախագահն այս հարցում համակարծիք է եղել՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը հիշելը եւ դատապարտելը հետագա ցեղասպանությունների կանխարգելման նպատակ ունի եւ փաստելու, որ մեր թշնամիներին չի հաջողվել իրականացնել մի ամբողջ ժողովրդի ոչնչացնելու իրենց ծրագիրը։
Հունաստանի նախագահը խոսել է զարգացման լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեցող հայ—հունական երկկողմ կապերի մասին, որոնք, նրա համոզմամբ, ավելի կամրապնդվեն ՀՀ նախագահի պաշտոնական այցի արդյունքում։
Նախագահ Պավլոպուլոսը բաժակաճառում հանգամանորեն անդրադարձել է իր երկրի արտաքին քաղաքականության մի շարք կարեւորագույն հարցերի՝ Հունաստան—Թուրքիա հարաբերությունների, Կիպրական հարցի, տարածաշրջանի մարտահրավերների, փախստականների խնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումներին։ Այդ համատեքստում նա ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը, նշելով, որ Հունաստանն իր արտաքին քաղաքականության մեջ հետապնդում է միջազգայնորեն ընդունված օրենքների եւ նորմերի հիման վրա բոլոր հարցերի խաղաղ կարգավորման սկզբունքը եւ, անշուշտ, նույն տեսակետին է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը այդ հիմնախնդրի լուծման ամենահարմար հարթակն է։ Հունաստանի նախագահի խոսքով, իր երկիրը կարեւորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը նաեւ տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից։
«Վստահ եմ, պարո՛ն նախագահ, որ նկատի ունենալով այս մարտահրավերները, բոլորս մեր հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դիմագրավենք այս ճգնաժամները։
Ցանկանում եմ բաժակ բարձրացնել ու խմել անձամբ Ձեր եւ բարեկամ հայ ժողովրդի կենացը՝ մաղթելով ազգային իղձերի եւ նպատակների իրականացում, առաջընթաց բոլոր ոլորտներում»,–ասել է Հունաստանի նախագահը։
Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նաեւ հարցազրույց է տվել Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը։
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը Աթենքում այցելել է Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարան, որտեղ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը՝ բրոնզե դարից մինչեւ 20—րդ դարը։ Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության եւ ծեսի եզակի իրեր, ինչպես նաեւ ձեռագրեր եւ կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական—ազգագրական շրջաններից։ Թեմատիկ բաժանմամբ ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից՝ «Հայկական քաղաքակրթության հմայքն ու ուժը», «Հայաստանը փոփոխվող աշխարհում», «Կոչեմ ապրողաց (Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի առթիվ)»։
Հայաստանի եւ Հունաստանի նախագահները երկու երկրների մշակույթի նախարարների, պաշտոնական պատվիրակությունների անդամների ուղեկցությամբ՝ թանգարան այցելած բազմաթիվ հյուրերի հետ շրջել են ցուցահանդեսի սրահներում, ծանոթացել հարուստ ցուցադրանյութին։
Հանդիպում Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ
Սերժ Սարգսյանը երեկոյան հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման սկզբում նախագահը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում հերթական անգամ հաղորդակցվելու հնարավորության համար եւ տեղեկացրել բարեկամ Հունաստան իր պաշտոնական այցի հագեցած օրակարգի, նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ կայացած բանակցությունների արդյունքների, քննարկված հարցերի մասին, պատասխանել նաեւ ներկաներին հետաքրքրող հարցերին։
Սերժ Սարգսյանը ուրախությամբ է փաստել, որ հայ—հունական դարավոր ջերմ հարաբերությունները ոչ միայն պահպանվել են, այլեւ պետական եւ քաղաքական հարաբերությունների փուլ են թեւակոխել, ինչում, նախագահի համոզմամբ, ակնհայտորեն կարեւոր դերակատարում ունի հունահայ համայնքը։ «Անթաքույց հպարտության պահեր եմ ապրում, երբ ամեն անգամ մեր հույն գործընկերներն անդրադառնում են հայ համայնքի ունեցած ներդրմանը հունական պետության զարգացման գործում, երբ առանձնակի ջերմությամբ է խոսվում հայերի աշխատասիրության ու նվիրվածության, համայնքի կազմակերպվածության մասին»,—ասել է նախագահը։
Հայ—հունական հարաբերություններից բացի, նախագահն անդրադարձել է այս տարի իր անկախության անկախության 25—ամյակը նշող մեր պետության ներքին եւ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, Հայաստանի զարգացման ընթացքին, միտումներին եւ գերակա ուղղություններին, Հայաստանի եւ սփյուռքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին, տարածաշրջանային եւ միջազգային արդի մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում Հայաստան—սփյուռք համակարգված աշխատանքի արդյունքում իրականացված բազմաթիվ միջոցառումներին, այդ թվում՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ «Հունաստանը այն երկրներից է, որ ոչ միայն առաջիններից մեկը (1996թ.) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24—ը պաշտոնապես հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, այլեւ 2014թ. օրենքի ուժով քրեականացրեց Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանության ժխտումը։
Երբեք չենք մոռանա Հունաստանի եւ հույն ժողովրդի անգնահատելի աջակցու—թյունը հայերին, ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ դրան հաջորդած տարիներին, երբ հայ գաղթականներով լի նավերը խարիսխ գցեցին հունական Պիրեա նավահանգստում։ Հույների օգնությամբ մեր պապերը հաստատվեցին Աթենքում, Սալոնիկում, Թեսալիայի, Մակեդոնիայի եւ Թրակիայի ընդարձակ տարածքներում եւ այլուր՝ ստանալով Հունաստանի իշխանությունների անվերապահ աջակցությունն ու օժանդակությունը։
Այսօր նույնպես մենք ականատեսն ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների գործուն մասնակցությանը Հայոց ցեղասպանության հիշատակմանը, մասնավորապես 100—րդ տարելիցի միջոցառումներին։ Մենք ուշի ուշով հետեւում էինք համայնքում իրականացված աշխատանքներին եւ, այս առումով, կցանկանայի առանձնակի շնորհակալություն հայտնել տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբին, նրա աջակիցներին, բոլոր կառույցներին, անհատներին՝ ձեռնարկներն այդչափ բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Մենք քաջ գիտակցում ենք, որ 100—րդ տարելիցը մի հանգրվան է, որտեղից մեր պայքարը նոր թափ է առնելու։ Այս փորձառությունն ու ձեռքբերումները պետք է օգտագործենք Հայ դատն առավել կազմակերպված եւ համակարգված առաջ տանելու համար։
Սիրելի՛ ներկաներ,
Մենք իսկապես ունենք միայն երկու մնայուն արժեք՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մնացած ամեն ինչ ածանցվում է սրանից։ Հետեւաբար մեր ռազմավարական խնդիրներից է կազմակերպված եւ ուժեղ սփյուռք ունենալը, իսկ սփյուռքի գերխնդիրը՝ հայապահպանությունն է, ուծացման եւ լեզվամշակութային կորստի դեմ պայքարը ապագա բոլոր սերունդների համար։ Մենք պետք է համատեղ հետեւողական ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, մշակենք ու կյանքի կոչենք առավել նպատակային եւ հեռահար ծրագրեր։ Համոզված եմ, որ ազգապահպանության բանալին նախեւառաջ հզոր Հայրենիքն է։ Ազգի ներուժի մեկտեղմամբ պետք է կառուցենք ամուր ու ապահով Հայաստան։
Հայաստանի եւ Սփյուռքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելը։ Ավելի քան 17 հազար սիրիահայ է տեղափոխվել Հայաստան, եւ Հայրենիքը բոլոր հնարավոր միջոցներով ջանում է նեցուկ կանգնել նրանց։ Ուրախ եմ, որ սիրիահայության աջակցության կոչին միացան նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքները, այդ թվում նաեւ դուք, ինչի շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն թեթեւացնել նրանց առօրյա խնդիրները՝ հատկապես Սիրիայում։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարի մենք ազգովի եւ մեծ շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25—ամյակը։ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, նվաճումներ ու կորուստներ։ Անցած 25 տարիները լի էին բազում դժվարություններով եւ անելանելի թվացող իրավիճակներով։ Մենք անկախացանք իսկապես դժվարին պայմաններում՝ երկրի հյուսիսը պատուհասած ավերիչ երկրաշարժը, մեզ պարտադրված պատերազմը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակումը, դրան գումարած քաղաքական ու տնտեսական համակարգի արմատական բարեփոխումների հրամայականը բազում մարտահրավերների առաջ էին կանգնեցրել մեզ։ Բայց մենք չընկրկեցինք, հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում ու մտանք պետականաշինության ու զարգացման ուղի։
Այսօր էլ կան մեր բնակոն զարգացումը խոչընդոտող մի շարք գործոններ, բացասական երեւույթներ, բայց այս համատեքստում պետք է շեշտեմ մի շատ կարեւոր բան՝ պետությունը բացարձակ արժեք է, պետականությանը պետք է հավատալ, նվիրվել։ Պետությունը, ինչպես մեր ընտանիքները, ամենօրյա հոգածության կարիք է զգում։ Մեր պետության մեջ դրականն էլ ենք մենք, բացասականն էլ, չենք կարող մեզ վերագրել դրականն ու օտարել բացասականը, կամ խոսել միայն բացթողումներից՝ չնկատելով ձեռքբերումները։ Պետության կերտողները մենք ենք, յուրաքանչյուրս՝ իր անմնացորդ նվիրումով, եւ բոլորս՝ մեր միասնական ու համատեղ աշխատանքով։
Չնայած դժվարություններին՝ անկախության այս մեկ քառորդ դարում մենք հաջողություններ ենք արձանագրել, որոնք մեր զարգացման ուղին անդառնալի են դարձնում։ Ձեւավորել ենք ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքացիական հասարակություն, տնտեսության զարգացման կարեւոր նախադրյալներ։ Այս 25 տարիների ընթացքում մեր երկիրը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ՝ իր համեստ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում։ Հավասարակշռված, թափանցիկ եւ հետեւողական արտաքին քաղաքականության շնորհիվ մենք կարողացանք խուսափել լուրջ աշխարհաքաղաքական վայրիվերումներից՝ փոխշահավետ համագործակցային հարաբերություններ հաստատելով մեր տարածաշրջանում ներգրավված տարբեր ուժերի հետ։
Այդուհանդերձ, պետականաշինությունը շարունակական գործընթաց է. ժողովրդավարական ինստիտուտները, օրենսդրական դաշտը պետք է մշտապես կատարելագործվեն՝ լավագույնս ծառայելով մեր քաղաքացիներին ու մեր նպատակների ձեռքբերմանը։ Դուք գիտեք, որ վերջերս մենք կարեւորագույն փոփոխություններ կատարեցինք Հայաստանի Մայր օրենքում՝ Սահմանադրությունում։ Այս գործընթացով մենք թեւակոխում ենք զարգացման որակական նոր փուլ, որն իմ խորին համոզմամբ մեծապես նպաստելու է առավել բաց, առավել արդար հասարակության կառուցմանը, երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական միավորումների առավել լայն ընդգրկմանը, հող է նախապատրաստելու մեր գալիք սերունդների կյանքն ավելի բարենպաստ ու անվտանգ դարձնելու համար։ Քսանհինգամյա անկախությամբ ամրացած՝ մենք այսօր հավատով ենք առաջ նայում, տեսնում ու չենք թաքցնում մեր արատներն ու առաջ գնալու հստակ քայլեր ենք անում»,— Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|