Գլխավոր էջ » 2018»Հուլիս»21 » Ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին
12:51
Ընդունել է «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ—Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ— գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նկատի ունենալով կազմակերպության բարձր հեղինակությունը եւ մի քանի տասնյակ տարիների փորձը աուդիտի, հարկային, իրավունքի եւ խորհրդատվության ոլորտներում՝ հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնումը, որը կնպաստի հիշյալ ոլորտների զարգացմանը, միջազգային փորձի տարածմանը եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընկերության գործունեության ծրագրերին, մտքեր փոխանակել մեր երկրի զարգացման համար շահեկան նորարարական հեռանկարային գաղափարների շուրջ։