Գլխավոր էջ » 2015»Հունվար»13 » Զարհուրելի ոճրագործություն Գյումրիում /Բոլոր միջոցներն ուղղված են հանցագործին հայտնաբերելուն/
10:16
Զարհուրելի ոճրագործություն Գյումրիում /Բոլոր միջոցներն ուղղված են հանցագործին հայտնաբերելուն/
Երեկ Գյումրիում տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն։ Այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ եւ գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը։
Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։ Գործը գտնվում է հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության ներքո։
Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը։
Իր եւ Ազգային ժողովի կողմից զոհվածների հարազատներին ցավակցել է ԱԺ նախագահը։
Կատարված ողբերգության կապակցությամբ իրենց հայ պաշտոնակիցների հետ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը։ ՀՀ—ում ՌԴ դեսպանատունը ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի առթիվ, իսկ արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելել է ՀՀ ԱԳՆ։