Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի նախաքննությունն ու հետաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, կողմերը քննարկել են գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102—րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա. Հովսեփյանը Ալ. Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել է, եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահը երեկոյան ժամանել է Երեւան։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության հարցում։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Երեկ Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյումրեցիներին կոչ է արել չտրվել էմոցիաներին եւ քաղաքում շրջանառվող վարկածները հիմք չընդունել։
«Ես հույս ունեմ եւ կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով, քանի որ թե՛ մեր իրավապահները, թե՛ ռուս իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են։ Իրավիճակը էլ ավելի սրել պետք չէ։ Չի կարելի մի ճիվաղի պատճառով սեպ խրել երկու երկրների միջեւ։ Վարկածներին հավատալ պետք չէ, այլ պետք է թողնել հետաքննությունը պարզի, թե ինչ է տեղի ունեցել»,–ասել է Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ բոլորի խնդիրը այս պահին պարզելն է, թե Ավետիսյանների ընտանիքն ինչու է սպանվել։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ զրուցել է ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը։ Նա ցավակցական խոսքով է հանդես եկել, այնուհետ հետաքրքրվել է կատարվածից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի ու հետագա իրադարձությունների, ինչպես նաեւ հայ—ռուսական հարաբերությունների մասին։
Սամվել Բալասանյանն իր խոսքում նշել է, որ ամբողջ քաղաքը վրդովված է տեղի ունեցածից եւ չի կարողանում ուշքի գալ։ Անդրեյ Մալախովի հետ ունեցած զրույցի ժամանակ Գյումրու քաղաքապետը շեշտել է՝ գյումրեցիները պահանջում են, որ հանցագործը մնա Հայաստանի սահմաններում եւ պատժվի ՀՀ օրենքով։ Ռուս հաղորդավարը նաեւ ներողություն է խնդրել իր նախորդ հաղորդման մեջ հայերի հասցեին հնչեցրած ոչ կոռեկտ արտահայտությունների համար։
Գյումրիի քաղաքապետարանը ուղերձով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ուր մասնավորապես ասված է.
«Ակնկալում ենք Ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը եւ թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում։
Հուսով ենք՝ արդարադատությունը կհաղթանակի եւ մեղավորները կստանան արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ»։
Հայաստանի կոմունիստական եւ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում դիմել են Հայաստանի եւ Ռուսաստանի զինվորական պատկան մարմիններին, միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի շրջանակներում ծառայության ներկայացվող զինվորականներին ենթարկելու հոգեբանական լրջագույն ստուգումների՝ հնարավորինս կանխատեսելի դարձնելով նրանց վարքագիծը ողջ ծառայության ընթացքում։ «Մեր ժողովրդի համար փորձության այս պահին կոչ ենք անում բոլորին պահպանել զգոնությունը, տեղի չտալ կրքերին, չտրվել սադրանքներին եւ զերծ մնալ տարատեսակ մեկնաբանություններից»,–նշված է հայտարարության մեջ։
Մայր տաճարում մատուցված սուրբ եւ անմահ պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն հունվարի 12—ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի 6 անդամների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Երեւանի Ս. Զորավոր եկեղեցում էլ տեղի է ունեցել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդի ենթարկված անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն։
Աթենքում Պերիստերիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան պատարագ՝ հունվարի 12–ին սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների խաղաղության համար։
Երեկ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ հնչել են բազում ցավակցական խոսքեր, եւ տեղի են ունեցել մոմավառության արարողություններ Գյումրիում, Հայաստանի այլ քաղաքներում, Արցախում ու արտերկրում։
7 օր կյանքի ու մահվան համար պայքարած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը իր երկրային կյանքի վերջին օրերին, դեպքից անմիջապես հետո մկրտվել է։
«Գոնե լավ է՝ մկրտեցինք երեխային եւ հիմա ուզում ենք մխիթարված լինել, որ երկնքում մի հրեշտակ ավելացավ»,–«Tert.am»—ին ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազան Աջապահյանը։
Սերյոժայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|