ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 24.11.2017, 18:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 2 » Հանրապետականը պատրաստ է քննարկումների
14:57
Հանրապետականը պատրաստ է քննարկումների

Եվ բացերը լրացնելու համար կանի ամենայն հնարավորը

ՀՅԴ—ի համար ընդունելի, հասկանալի եւ բացատրելի է նույնականացման քարտերով քվեարկելու օրենսդրական նախաձեռնության նպատակը։ Կուսակցությունում գիտակցում են, որ քաղաքացուն չի կարելի զրկել ամենակարեւոր իրավունքներից մեկի իրացման հնարավորությունից։
«Մենք հասկանում ենք, որ առաջիկայում շատ կարեւոր հանրաքվե ունենք, որից կախված է մեր երկրի ապագան, քանի որ մենք արմատապես փոխում ենք կառավարման համակարգը։ Ուստի մենք իրավունք չունենք որեւէ մեկին անմասն թողնել այս կարեւոր գործընթացից»,—երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա նկատեց, որ այսօր մոտ 182 հազար քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ, իսկ գործող օրենսդրութամբ նույնականացման քարտերով քվեարկության մասնակցել չի թույլատրվում. «Մենք պետք է լուծում տանք այս խնդրին, սակայն դա պետք է անենք քվեարկության նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու եղանակով»։
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը բարելավելու եւ քվեարկության նկատմամբ վստահություն առաջացնելու համար ՀՅԴ—ն ներկայացրել է առաջարկներ. «Օրինակ, նույն այդ մատները թանաքոտելու տարբերակին, որն առաջարկեցին տարբեր քաղաքական ուժեր, մենք կողմ ենք։ Մեծամասնությունն ասում է, որ դա վերահսկողության այնքան էլ արդյունավետ տարբերակ չէ, սակայն եթե դա կարող է որոշակիորեն բարձրացնել վստահությունը քվեարկության նկատմամբ, ապա մենք պետք է դա ընդունենք եւ առաջ շարժվենք»։
Ռուստամյանը, սակայն, համոզված է, որ ինչ էլ արվի, ընդդիմության կողմից անվստահությունը պահպանվելու է։ «Ենթադրենք, թանաքոտումն էլ անեն, այս անվստահությունը, մեկ է, չի վերանալու»,—ասաց նա՝ նկատելով, որ ընդդիմությունը մինչ օրս չի կարողացել խախտումների ծավալ արձանագրել եւ անվավեր համարել արդյունքները։
Իսկ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունն էլ առաջարկում է մինչեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն միայն նույնականացման քարտեր ունեցող անձանց ապահովել անձնագրերով, որպեսզի նրանք կարողանան մասնակցել քվեարկությանը։ «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել այս հարցի վերաբերյալ, ներկայացրել ենք մեր առաջարկները, թե ինչպես կարելի է լուծում տալ այս խնդրին։ Մենք առաջարկում ենք ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ չանել եւ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Այսինքն, քվեարկության կարելի է մասնակցել միայն անձնագրերով, իսկ այն քաղաքացիներին, ովքեր ունեն միայն նույնականացման քարտ, պետությունը թող ապահովի անձնագրերով»,–ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ պնդում է, որ մատների թանաքոտումը ճիշտ մեթոդ է կրկնակի քվեարկություններից խուսափելու համար. «Մատները թանաքոտելն աշխարհում ընդունված մեթոդ է կրկնակի քվեարկություններից խուսափելու համար։ Եթե մենք նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չենք դնում, ապա պետք է գոնե այս եղանակը կիրառենք, որովհետեւ հակառակ դեպքում լինելու են կրկնակի քվեարկություններ»։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը նույնականացման քարտերով քվեարկելու օրենքի նախագիծը բարելավելու իր տարբերակներն ունի եւ պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ։ ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀԿ—ն լսել է բոլոր առաջարկները եւ առաջիկայում քննարկելու է դրանք մյուս քաղաքական ուժերի հետ։ «Մենք տեսնում ենք, որ այստեղ խնդիրներ կան, եւ պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի լուծում տանք այդ խնդրին։ Մենք դեռ քննարկումների համար ժամանակ ունենք մինչեւ երկրորդ ընթերցում, եւ ես հուսով եմ, որ կկարողանանք լրացնել բացերը»,–ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ 


Ընդդիմությունն  իմիտացիայի է դիմում
 

Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունն ուռճացնում է ընտրական ցուցակները, որպեսզի կարողանա անհրաժեշտ 700 հազար «այո»—ն ապահովել։ Արմեն Ռուստամյանը սրա հետ համաձայն չէ. «Ցուցակները ուռճացնելը հանրաքվեին ձեռնտու չէ, որովհետեւ «այո»—ի մակարդակն էլ պետք է բարձրանա։ Մեխանիկորեն ասում են՝ առանց մտածելու, որ սա ուրիշ ընտրություն է։ Ամեն մի թիվ ավելացնելը այստեղ բարդացնում է «այո»—ի շեմը հաղթահարելը»։
Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ 40 օր առաջ ցուցակները հայտնվում են, որպեսզի բոլոր հետաքրքրվող մարդիկ, քաղաքական ուժերը, ՀԿ—ները ստուգեն ցուցակները, ճշտումներ կատարեն. դրա համար են վստահված անձերը, հանձնաժողովի անդամները։
Ընդդիմությունը նաեւ ահազանգում է, թե ՀՀԿ—ն արդեն սկսել է ամբողջությամբ վարչական ռեսուրսի կիրառումը, քանի որ գիտեն՝ այդ 700 հազար «այո»—ն չեն կարող ապահովել։ Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դեռեւս ընդամենը շտաբում քննարկվում է մարտավարությունը։ Մենք որեւէ քարոզարշավ չենք սկսել, որեւէ գյուղապետի հետ չենք հանդիպել։ Այդ ենթադրություններն ինձ համար շատ հետաքրքիր են։ Եթե պատմական էքսկուրս կատարեք՝ յուրաքանչուր ընտրությունից մեկ տարի առաջ արդեն ընդդիմությունը թմբկահարում է՝ ընտրությունները կեղծված են, ծախված են։ Դա իմիտացիա է. եթե իրենք 6 ամիս առաջ հայտարարում են, որ չեն մասնակցելու գործընթացին, բայց տեսնում եք, որ երբ տեսախցիկ են տեսնում, անմիջապես այդ բոլոր հայտարարողները մտնում են ակտիվ քննարկման։ Եթե նրանք արդեն վստահ են, որ ընտրությունները կեղծված են, էլ ինչո՞ւ են այսքան աղմուկ բարձրացնում նույնականացման քարտերով քվեարկելու հարցի շուրջ»,– ասաց Բաղդասարյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ եթե իշխանությունները մարդկանց թույլ չտան նույնականացման քարտերով քվեարկության գնալ, ընդդիմադիրներն ասելու են, թե այդ 180 հազարից ավելի քաղաքացիները իրենց ընտրողներն են, «ոչ»—ի կողմնակիցներն են, եւ պետք չէ նրանց զրկել քվեարկելու իրավունքից. «Քարոզարշավը կսկսենք, երբ կզգաք լրագրողներդ, որ մենք վարչական ռեսուրսն օգտագործում ենք, այն ժամանակ մենք կխոսենք դրա մասին»։
Բաղդասարյանի խոսքով, այն քաղաքական ուժը, մարդկանց խումբը, որը կձգտի խախտումներ անել, խախտումներով մայր օրենքն անցկացնել, կնշանակի կվտանգի նաեւ մեր երկրի կերպարը. «Ամբողջ միջազգային հանրությունը կտեսնի դա, եւ այդ դեպքում մենք հետագայում խնդիրներ կունենանք։ Հանրաքվեն պետք է անցնի ամենաթափանցիկ ձեւով»։
Դաշնակցությունն էլ պատրաստվում է հանրաքվեի օրը պատշաճ վերահսկողություն իրականացնել։
«2000 ընտրատեղամասում Դաշնակցությունը չի թողնելու մի տեղամաս, որտեղ իր ներկայությունը չլինի։ Մենք բոլոր տեղերում լինելու ենք ու վերահսկելու ենք, որ այս քվեարկությունը լինի իսկապես ժողովրդավարական»,–ասաց Արմեն Ռուստամյանը։ Սա արվելու է, քանի որ ՀՅԴ—ի համար «այո»—ից ոչ պակաս կարեւոր է, որ այս հանրաքվեն անցնի լեգիտիմ, ավելի վստահելի պայմաններում. «Մենք պետք է վստահ լինենք, որ հանրաքվեն անցել է բաց, ազատ»։
Եթե, այնուամենայնիվ, «այո»—ն չանցնի, ժողովուրդը ոչ ասի փոփոխություններին, Վահրամ Բաղդասարյանն այդտեղ խնդիր չի տեսնի։
«Ամեն ինչի պատասխանը պետք է տա ժողովուրդը, բայց այս վերջին երեք—չորս ամիսների քննարկումների տպավորությունն այնպիսին է, որ հիմնական քաղաքացիական հասարակությունը, ՀԿ—ները, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հակված են բարեփոխումներին «այո» ասելու։ Չշտապենք, դեպքերից առաջ չընկնենք։ Դեկտեմբերի 7—ին, 8—ին այդ մասին կխոսենք»,—նշեց խմբակցության ղեկավարը։
Ամեն դեպքում, իշխանությունները կողջունեն «ոչ»—ի ճամբարի ցանկացած գործողություն, որը կլինի օրենքի սահմաններում. «Եթե կլինեն գործողություններ, որոնք կլինեն ոչ օրենքին համապատասխան, բնականաբար, իրավապահները պետք է արձագանքեն կարգ ու կանոն հաստատելու համար»։ Իսկ թե ի՞նչ նկատի ունի ոչ օրինական գործողություններ ասելով՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ օրինական գործողություն ասելով՝ ես նկատի ունեմ, հակապետական, հեղափոխական կոչերը։ Այն, ինչը տեղավորվում է օրենքի սահմաններում, մենք ողջունում ենք։ Դուք նաեւ վերջին հավաքների ընթացքում տեսաք, որ ոստիկանությունն աջակցում էր, որ հանրահավաքներն անցնեն պատշաճ մակարդակով։ Եթե օրենքի սահմաններում է արվում ամեն ինչ, այդտեղ որեւէ խնդիր չկա, եւ խոչընդոտ չի կարող լինել։ Սական գիտեք, թե ինչն է օրենքի սահմաններից դուրս, եւ իրավապահները կարգ ու կանոն պետք է հաստատեն նման դեպքերում»։
Նա հավելեց, որ իրավապահներն իրավունք չունեն ձեռքերը ծալած կանգնել պատի տակ եւ լուռ հետեւել, թե ինչ է կատարվում։ Իրավապահները պետք է հետեւեն, որպեսզի, օրինակ, խաղաղ ցույցերի ժամանակ սադրիչներ չհայտնվեն։
Իսկ «ոչ»—ի ճամբարը շարունակում է պայքարը։ Ինչպես ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասաց, ՕԵԿ—ն իր բացասական դիրքորոշումն արդեն քվեարկությամբ արտահայտել է։ ՕԵԿ—ը, նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված «Հայկական վերածնունդ» միավորումը սահմանադրական փոփոխություններին դեմ են քարոզելու. «Մենք կանցկացնենք «Հայկական վերածնունդ» նախաձեռնության նիստը, որի ժամանակ էլ հայտնի կդառնա շտաբի կազմը, ղեկավարը եւ հետագա գործունեության ծրագիրը»։ Իսկ քարոզը լինելու է հանդիպումների, հեռուսատահաղորդումների եւ օրենքով նախատեսված այլ միջոցներով։
«Մենք ամեն ինչ կանենք «ոչ»—ի հետ կապված մեր հիմնավորումները ներկայացնելու համար»,–ասաց նա։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «ոչ»—ի ճակատում գտնվող ուժերի առանձին գործունեության մասին ասաց, որ այդ բազմազանությունն իրեն ուրախացնում է։ Նա կարծում է, որ դա իրենց պայքարը չի թուլացնում. «Ինչ մեթոդով, ինչ ագրեսիվությամբ, ինչ մոտիվացիայով էլ քաղաքացուն բերեն այս նոր Սահմանադրության դեմ, ոչ մի վատ զգալու բան չի լինի այստեղ»։ Իսկ ինքն անձամբ ոչ մի քաղաքական ուժի համոզելու ճանապարհով չի գնում. «Ես գյուղեր եմ գնում։ Իմ խնդիրն է «ոչ» քվեարկողների դաշտը մեծացնել»։


Փողոցից իշխանության  չեն գալիս
 

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ անդրադարձավ իշխանափոխության խնդիրներին, ասաց, որ փետրվարից հետո քաղաքական դաշտը հանդարտվեց, եւ պարզ է դարձել մի բան՝ իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնող ընդդիմադիր ուժ այժմ չկա։ Հայաստանի քաղաքական կյանքը ցույց է տվել, որ «փողոցից իշխանության չեն գալիս». «Դրա համար միակ գործիքը ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելն է»։
Նա նշեց, որ ԲՀԿ—ն այս պահին իրեն շատ լավ է զգում. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մենք պետք է շարունակենք աշխատել եւ փետրվարյան հայտնի իրադարձությունները չեն նշանակում, որ մենք օտարվել ենք քաղաքականությունից»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 33 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017