ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 05:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 24 » Հատվածական լուծումներն արդյունք չեն տա /Միասնական ռազմավարական մոտեցման անհրաժեշտություն կա/
09:57
Հատվածական լուծումներն արդյունք չեն տա /Միասնական ռազմավարական մոտեցման անհրաժեշտություն կա/

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեծանում է նաեւ ռիսկը՝ կապված դրանց ոչ գրագետ օգտագործման հետ։ Այդ պատճառով պետությունն իրազեկվածության ավելացմանը միտված քայլեր է կատարվում։ Դրանցից մեկ էլ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներք՝ին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ կազմակերպված միջազգային սեմինարն էր «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով։ Սեմինարին հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, հեռահաղորդակցական ընկերությունների, ՓՄՁ—ների, գիտահետազոտական հաստատությունների եւ բուհերի, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախքան սեմինարի մեկնարկը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչությունների ժամանակ զոհվածների հիշատակը։
Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ Կորյուն Նահապետյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ—ում Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ ԵԱՀԿ երեանյան գրասենյակին՝ միջոցառմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ սեմինարը կիբերանվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով միջազգային եւ ներպետական փորձը համադրելու, անվտանգության այդ բաղադրիչի առաջնային հարցերի վերաբերյալ համատեղ քննարկում կազմակերպելու եւ հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակ ունի։ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը նախկինում եւս ոլորտի խնդիրները քննարկման առարկա է դարձրել, կիբերանվտանգության ոլորտում օրենսդրության կատարելագործման նպատակով ստեղծել է աշխատանքային խումբ։ Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ կիբերանվտանգության ոլորտը մեր պետության անվտանգության համակարգի ամրապնդման տեսանկյունից առանձնակի կարեւորություն ունի եւ հավելել, որ որքան արագ զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, նույնքան արագ աճում են մարտահրավերներն ու սպառնալիքները։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման, անձնական տվյալների եւ տեղեկատվության հուսալի պաշտպանության, ոլորտի ռիսկերի կանխարգելման գործնական մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Գնահատելով ոլորտում իրականացվող աշխատանքը՝ պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ կիբերանվտանգության ոլորտի միջոցառումները մեզանում կրում են հատվածական բնույթ, ուստի պետական մակարդակով միասնական ռազմավարական մոտեցման անհրաժեշտություն կա։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ողջույնի խոսքում կարեւորել է սեմինարի կազմակերպումը եւ ընդգծել երկրների միասնական պայքարը կիբերհանցագործություն սպառնալիքի դեմ։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Բեռնհարդ Ֆրանկլն ընդգծել է, որ նման միջոցառման կազմակերպումը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են ոլորտի խնդիրների բարձրաձայնումը։ Նրա խոսքով՝ կիբերհանցագործությունները սպառնալիք են պետությունների զարգացման համար եւ գործուն քայլեր են անհրաժեշտ դիմակայելու այդ չարիքի դեմ։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2005 թվականից սկսած կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ եւ պատրաստ է այսուհետեւ եւս աջակցել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։ Այս համատեքստում նա առանձնակի կարեւորել է ԱԺ մշտական հանձնաժողովի դերը։
«Կիբերանվտանգության հիմնախնդիրները եւ ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության եւ սպորտի նախարարության «Մելանի» գործառնական եւ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Մարկ Հենաուերը եւ Միացյալ Թագավորության ներքին գործերի գերատեսչության կիբերհանցավորության քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Ֆայզա Թայաբ Ջոունսը։ Նրանք խոսել են կիբերանվտանգության սպառնալիքների եւ կիբերհանցավորության վերաբերյալ, կիբերռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերից, մեկնաբանել կիբերհասկացությունները, ներկայացրել կիբերհանցագործությունների դեմ պայքարում իրենց երկրների ռազմավարությունը, փորձն ու մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել նաեւ կիբերհանցագործությունների վիճակագրական տվյալներին, տեղեկատվական համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցագործություններին, հեռահաղորդակցության միջոցներով պատշաճ ու անվտանգ աշխատելու վերաբերյալ հասարակությանն իրազեկելու անհրաժեշտությանը։
Ֆայզա Թայաբ Ջոունսը խորհուրդ է տվել հասարակությանը կրթել, որպեսզի կարողանան իրենց տվյալների անվտանգությունը պաշտպանել։ Նա ասել է, որ պետք է զգուշանալ մանավանդ անվճար WiFi—ներից օգտվելիս, որը շատ ռիսկային է։
Ըստ նրա, պետք է լուրջ աշխատանք տարվի հատկապես երեխաների, դեռահասների հետ, որոնք հաճախ ինտերնետում «չարաճճիություններ» են անում ու առանց գիտակցելու՝ լուրջ հանցագործություններ անում։ «Բուհերում որոշակի աշխատանք պետք է տարվի, որ երեխաները, որոնք լուրջ գիտելիքներ ունեն, դա ի չարս չօգտագործեն»,—ասել է նա։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է մեր երկրում կիբերանվտանգության հիմնախնդիրներին եւ հանրության իրազեկվածությանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի իր առանձնահատկությունները։ Փորձագետն իր մտահոգությունն է հայտնել անձնական տվյալների արտահոսքի, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրության իրազեկվածության պակասի, կրթական համակարգում ծրագրերի թարմացման հետ կապված։ Պարոն Մարտիրոսյանն այս համատեքստում կարեւորել է անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեությունը, որը Հայաստանում ստեղծվել է 2015 թվականին. «Խորհրդային ժամանակներում անձնական տվյալները լրիվ ուրիշ կերպ էին դիտվում եւ դրանց պահպանությունը հանրության կողմից խնդիր չէր։ Հանրությունը պարզապես տեղյակ չէ, թե ինչ վտանգների դեմ կարող է կանգնել անձնական տվյալների կորուստների պատճառով։ Եթե նայենք պաշտպանվածության տեսանկյունից, ՀՀ—ն տարիներ շարունակ մի երկիր է, որը համակարգիչների վարակվածության տեսանկյունից առաջին տեղերում է։ ՀՀ—ում 3 համակարգիչներից 2—ը վարակված է։ Բնակչության մեծ մասը համակերպվում է վարակված համակարգչի հետ, քանի որ դրա մեջ չի տեսնում լուրջ վտանգ»։
Սամվել Մարտիրոսյանը կարեւորել է դպրոցներում, համալսարաններում կրթությունը. «Դպրոցներում բավականին տարօրինակ վիճակ է։ Մի կողմից՝ երեխաներն ավելի շատ են առնչվում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, բայց մյուս կողմից՝ երեխաները չեն ստանում համապատասխան կրթություն՝ կապված անձնական տվյալների անվտանգության հետ։ Այսինքն՝ մենք մեր երեխաներին մտցնում ենք կիբերտարածություն՝ չտրամադրելով ինքնապաշտպանության համապատասխան գիտելիքներ»։ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է նաեւ վերջերս կատարված ՎՏԲ—Հայաստան բանկի այն կիբերհանցագործությանը, որի ժամանակ հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետեւանքով դուրս էին բերվել զգալի գումարներ։ Նրա խոսքերով. «Հանրությունը չիրազեկվեց, թե ինչ տիպի հարձակում էր դա։ Սա բավականին նոր բան է Հայաստանի համար։ Մարդիկ տեղյակ չեն, որ բանկոմատներն ունեն իրենց կիբերհանցագործները, բանկերն էլ չեն տեղեկացնում, թե ինչ է եղել։ Նույն բանը կարող է կատարվել, որովհետեւ մենք փորձ չենք ձեռք բերում՝ մեր սխալներից ելնելով։ Բացակայում է ընդհանուր մոտեցումը, թե հանրային իրազեկումն ինչպես պետք է կատարվի եւ որ հատվածներում»։
Կիբերանվտանգության ոլորտի համակարգային եւ ինստիտուցիոնալ հիմնախնդիրները ՀՀ—ում թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանը։ Նա նշել է, որ թեպետ մեր երկրում իրականացվում են նպատակաուղղված միջոցառումներ տվյալների եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության ուղղությամբ, այդուհանդերձ, դրանք դեռեւս կրում են տեղային եւ մասնակի բնույթ, չեն լուծում ոլորտի բոլոր խնդիրները։ Հայաստանում դեռեւս ընդունված չէ կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ միասնական քաղաքականություն, իսկ օրենսդրությամբ սահմանված նորմերը չեն ներառում կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների ողջ շրջանակը։
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման, զարգացման եւ վիճակագրության վարչության նախագծերի իրականացման բաժնի մասնագետը ներկայացրել է ինտերնետային բանկային ծառայության եւ ՀՀ գնումների համակարգի անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրներն ու սպառնալիքների նվազեցման մեխանիզմները։
Սեմինարի երկրորդ մասում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում ռազմավարությանը եւ իրավական շրջանակի մշակմանը վերաբերող խնդիրներ։ Թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Մարկ Հենաուերը եւ Ֆայզա Թայաբ Ջոունսը։ Պարոն Հենաուերը ներկայացրել է մի շարք երկրներում կիբերանվտանգության ներդրման փորձերը, իսկ տիկին Ջոունսն անդրադարձել է ազգային առանձնահատկությունների վրա հիմնված ռազմավարության մշակման խնդիրներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը խոսել է ՀՀ—ում կիբերանվտանգության ռազմավարության մշակման հիմնադրույթների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ ՏՏ ոլորտում ճիշտ քարոզչության իրականացման եւ հստակ տեղեկատվության ներկայացման խնդիր կա։ Նա անդրադարձել է կրթության ոլորտում համապատասխան մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման խնդրին, կարեւորել կրթական համակարգի մոտարկումը տեղեկատվական համակարգին եւ կիբերանվտանգությանը, վերլուծական եւ կրթական կենտրոնների ստեղծումը։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այս հարցում համագործակցում է վերազգային կազմակերպությունների հետ։ Պարոն Տարասյանի համոզմամբ՝ ռազմավարության մշակման հարցում համակարգված մոտեցում է անհրաժեշտ։
ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Արման Գրիգորյանը ներկայացրել է կիբերանվտանգության ռազմավարության մշակման հարցում ինստիտուտի իրականացրած աշխատանքները եւ հետազոտությունները, իսկ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման եւ իրավական վերլուծությունների վարչության պետ Բագրատ Ղազինյանն անդրադարձել է առկա իրավակարգավորումները ռազմավարության հետ համաձայնեցնելու խնդիրներին եւ նոր օրենսդրական մեխանիզմների մշակման գործընթացին։
Սեմինարի երրորդ մասում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում կառավարման եւ համակարգման հիմնախնդիրները, որոնց վերաբերյալ եւս ելույթ են ունեցել միջազգային փորձագետներ Մարկ Հենաուերը եւ Ֆայզա Թայաբ Ջոունսը։ Զեկուցողներն անդրադարձել են կիբերճգնաժամին եւ դրա դեմ արձագանքման պետական արդյունավետ մեխանիզմներին, կիբերանվտանգության գործողությունները համակարգող մարմնի ստեղծման անհրաժեշտությանը, կիբերսպառնալիքների նվազեցման հարցում պետության բոլոր օղակների համագործակցված աշխատանքի կարեւորությանը եւ այդ շրջանակում ներկայացրել Անգլիայի ու Շվեյցարիայի փորձը։
Այնուհետեւ Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի կառավարման եւ համակարգման խնդիրներն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարարի խորհրդական Արթուր Թունյանը։
Հարց ու պատասխանի ձեւաչափում միջազգային փորձագետները եւ զեկուցողները մտքեր են փոխանակել տեղեկատվության անվտանգության, բանկային եւ տեղեկատվական բազաների վրա հաքերային հարձակումների դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության չափորոշիչների մշակման, կիբերանվտանգության ռազմավարության մեթոդաբանության եւ ռիսկերի ու ոլորտի այլ հիմնախնդիրների վերաբերյալ։
Ամփոփելով սեմինարի արդյունքները եւ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն արդյունավետ է համարել սեմինարի անցկացումը կիբերանվտանգության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները բարձրաձայնելու տեսանկյունից։ Ընդգծելով, որ կիբերանվտանգության ոլորտը մեր ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչն է եւ գերակայություն է կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման տեսանկյունից՝ պարոն Նահապետյանը նշել է, որ ոլորտում լուծման կարիք ունեցող բազմաթիվ խնդիրներ կան։ Նա եւս մեկ անգամ փաստել է, որ մեր երկիրն այս բնագավառում միասնական ազգային ռազմավարության կարիք ունի։ Նա կարեւորել է կրթական արդյունավետ համակարգի ձեւավորումը, անդրադարձել իրավական հստակեցման անհրաժեշտություն ունեցող որոշ խնդիրների։ Կորյուն Նահապետյանը նշել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024