ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 20:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 1 » Սկսվում է լայնածավալ բարեփոխումների փուլը /Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը/
14:37
Սկսվում է լայնածավալ բարեփոխումների փուլը /Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Կառավարության, այսպես ասած, ադապտացիոն շրջանը համարում եմ ավարտված, եւ առաջիկայում մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք, իրենց հերթին, տնտեսական եւ քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք եւ ալիք կբերեն Հայաստան։ Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները։
Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են։ Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, որովհետեւ բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ եւ հանրության շրջանում համաձայնության հաստատումն այս կամ այն բարեփոխման վերաբերյալ, այս կամ այն բարեփոխման ուղղությամբ, որովհետեւ կարծում եմ, որ եթե մենք որեւէ բարեփոխում իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել ենք ինքներս մեզ, ուրեմն, այդ նույն փաստարկներով պետք է ներկայանանք նաեւ հանրությանը, ամենայն մանրամասնությամբ նրան ներկայացնենք մեր մոտիվացիաները, պատճառահետեւանքային կապերը։ Ես համոզված եմ, որ այս ճանապարհով մեր գործողությունները եւ բարեփոխումները կլինեն առավել արդյունավետ։ Ի վերջո, չմոռանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք կառավարման բոլորովին նոր համակարգ, որը մենք պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, եւ դա այդպես կոչվում է պատմականորեն։ Մենք պետք է կառավարման այս համակարգի տրամաբանությունից բխող գործողություններ անենք։
Կարծում եմ՝ մյուս շաբաթվանից արդեն կարող ենք սկսել հանրության հետ երկխոսությունը հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ։ Այդ երկխոսությունը կիրականացնենք տարբեր ծավալներով, տարբեր ֆորմատներով, եւ մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, հանրային ըմբռնում եւ հանրային ընկալում ձեւավորելը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հարկային ոլորտի բարեփոխումներին։ Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, այդ բարեփոխումները չպետք է լինեն հապշտապ, ափալ–թափալ, չմտածված, թելադրված։ Դրանք պետք է ուղիղ եւ օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, մեր առաջադրած խնդիրների եւ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության առաջադրած խնդիրների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ բոլորս պետք է այս առումով ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը, եւ բոլորիս այս աշխատանքն իրականացնելիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն եւ, իհարկե, հաջողություն»։


Հրազդան քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի
 

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման եւ կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով «ԷԿՈՍ» ՓԲԸ–ի մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը։ Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում մինչեւ 2043 թ. ներգրավել շուրջ 200 շահագործողի։ Սկզբնական շրջանում նախատեսվում է ստեղծել 22 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ ԱՏԳ շահագործման արդյունքում կանխատեսվում է 300 նոր աշխատատեղի ստեղծում։ Կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչեւ 4 մլն դոլարի ներդրում։ Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կլինի 4–րդը Հայաստանում։ 
Վարչապետը հետաքրքրվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու զարգացմանն ուղղված քայլերից, ինչին ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։ «Մենք այնտեղ ունենք 2 տարածք, որոնք պետք է անպայման գերակա հանրային շահ ճանաչելու սկզբունքով տրամադրենք կազմակերպչին՝ որպես պետական սեփականություն։ Արդյունքում կկարողանանք սահմանային գոտին ավելի հստակ գծել եւ շահագործողներին ավելի լավ տարածքներ առաջարկել»,–ասել է նախարարը։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ–ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագիր՝ մասնավորապես, գյուղմթերքի պահպանման համար։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Ակնկալվում է 3 տարվա ընթացքում ստեղծել 100 նոր աշխատատեղ՝ 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
«ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների՝ ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման եւ հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Արծվիկ Մինասյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականով հարցը լրացուցիչ ուսումնասիրվել է։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով։ Գործարանի կառուցման համար նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ՝ 220 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։


Կբարձրանա ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը
 

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Ըստ հիմնավորման՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՎԻՎՕ) 40.10–րդ հոդվածով նախատեսված արարքների քրեականացումը եւ դրանց համար համարժեք պատժի նախատեսումը, ինչպես նաեւ մի շարք այլ արարքների համար պատիժների խստացումը թույլ կտա ոչ միայն ապահովել պատժի համարժեքությունն արարքի հանրային վտանգավորությանը, այլեւ առավել արդյունավետորեն կանխարգելել նման արարքները։ Բացի այդ, օրենսդրական առաջարկության ընդունմամբ ակնկալվում է, որ անբարեխիղճ թեկնածուները եւ կուսակցությունները կզրկվեն ընտրակաշառքի բաժանումը բարեգործության անվան տակ քողարկելու դեպքում առավել մեղմ, վարչական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից։ Փոփոխությունների արդյունքում էականորեն կավելանան ընտրական տեղամասերում կարգուկանոնը, օրինականության մթնոլորտը։ Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար եւ այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով։ Փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձեւավորումն էապես մոտեցնելով ժողովրդավարության չափանիշներին։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարեւորությանը, նշել է. «Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչեւ այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երեւույթները։ Երեւանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարեւոր քննություն են մեզ համար, եւ պետք է այդ քննությունն ստանանք գերազանց»։
Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ, մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ–ի 40.10–րդ հոդվածով նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլեւ ազատազրկումը՝ որոշակի ժամկետով։ Նշված վարչական իրավախախտման քրեականացման հետ մեկտեղ առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համաձայն՝ հանցագործության առարկա չեն համարվի կուսակցության անվանումը եւ (կամ) խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը եւ (կամ) պատկերը բովանդակող եւ որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները։ Վերոնշյալի առնչությամբ վարչապետ Փաշինյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշել է. «Ձեր ձեւակերպման մեջ ասվում է, որ արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անուն–ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների։ Մեր «պատմական» փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավարար գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ պարկի մեջ 3000 դրամ դնելու եւ կուսակցության նշանով բաժանելու համար։ Ձեւակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը։ Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը, պարոն Զեյնալյան։ Իմ կարծիքով՝ պետք է կոնկրետ նշվի՝ գրիչ, նախընտրական բուկլետ, գլխարկ, շապիկ եւ այլն, որովհետեւ այս ձեւակերպումը ես մի քանի անգամ կարդացել եմ եւ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այդ նույն տրամաբանությամբ այդ ապրանքները բաժանվեն»։ Արծարծված խնդրի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ։ Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ եւս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել ներկայացված մտահոգությունները։ «Նախագիծն Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում դեռ 2 ընթերցմամբ քննարկվելու է, եւ պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող եւ առանց անորոշությունների»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության օրակարգից հանվել է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Ամփոփելով հարցի շուրջ ծավալված քննարկումը՝ վարչապետը նշել է, որ այդ թեմայով կանցկացվի աշխատանքային քննարկում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին սեպտեմբերի 6–ին, ժամը 11։00–ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան։


Երեւանի օրն այս տարի կնշվի հոկտեմբերի 20–21–ը
 

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ եւ հաշվի առնելով ս.թ. հոկտեմբերի 7–12–ը ՀՀ–ում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17–րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանք պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը եւ պահանջվող ժամանակը՝ որոշել Երեւանի օրը նշել ոչ թե սեպտեմբերի 29–30–ը՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ հոկտեմբերի 20–21–ը։ Հիմնավորման համաձայն՝ Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800–ամյակն այս տարի կնշվի մեծ շուքով, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից։


Շարունակվում է շտապ բժշկական օգնության բազայի վերազինումը
 

Գործադիրն ընդունել է «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները եւ պահեստամասերը նվիրաբերելու մասին» որոշում։ Շտապ օգնության 10 ռեանիմոբիլ՝ օժանդակ սարքավորումներով հանդերձ, կամրացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հետագայում ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով։ ՀՀ մարզերում շտապ օգնության ծառայության համաչափ զարգացման նպատակով հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությունը կապահովվի տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց տրանսպորտային միջոցներով։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ այսպիսի կարեւոր եւ անհրաժեշտ աջակցության համար. «Կարծում եմ՝ այս օգնությունը, այսպիսի աջակցությունը եւս մեկ անգամ ընդգծում է հայ–չինական հարաբերությունների բարձր մակարդակը։ Համոզված եմ, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության մակարդակը եւ նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները առաջիկայում էականորեն կզարգանան»։


Միջազգային համագործակցություն
 

Կառավարությունն ընդունել է «Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում։ Արդյունքում՝ Ալբանիայի քաղաքացիները կարող են այցելել եւ մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում՝ ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։ Ըստ հիմնավորման՝ որոշումը կնպաստի զբոսաշրջության խթանմանը, ժողովուրդների փոխճանաչմանը, երկկողմ գործակցության նոր ոլորտների ուրվագծմանը եւ զարգացմանը։ Հիմնավորման համաձայն՝ Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010թ. ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին։ Ալբանիան դեռեւս 2013թ. ազատել է ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից։
Գործադիրը հավանություն է տվել նաեւ 2014թ. հուլիսի 7–ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Համաձայնագրի նպատակն է կողմերի միջեւ դյուրացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը 2 պետությունների երիտասարդներին, ովքեր մտադիր են մուտք գործել եւ մնալ կողմերի պետությունների տարածքներում արձակուրդի կամ զբոսաշրջության նպատակով։ Յուրաքանչյուր կողմ, իր ազգային օրենսդրության համաձայն, կտրամադրի մյուս կողմի քաղաքացիներին բազմակի մուտքի աշխատանքային արձակուրդային ժամանակավոր մուտքի արտոնագիր, որը վավեր է 3 ամսվա ժամանակահատվածում՝ սկսած տրման ամսաթվից եւ 12 ամսվա օրինական կեցության համար՝ մյուս կողմի տարածք առաջին անգամ մուտքի օրվանից։ Արձակուրդի եւ աշխատանքի վավերական մուտքի արտոնագիր ունեցող անձինք իրավունք կունենան աշխատել իրենց այցելության 12 ամիսներից 6 ամսվա ընթացքում։
Հավանության է արժանացել նաեւ 2018թ. փետրվարի 16–ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման եւ պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու մասին» հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին։ Նկատի ունենալով կենտրոնի հնագիտական ֆոնդում պեղումների արդյունքում կուտակված հսկայական քանակի պատմամշակութային արժեքների վերականգնման հրատապությունը եւ ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու համար նյութաբանական հետազոտությունների անհրաժեշտությունը՝ նախարարությունն առաջարկել է ՀՀ եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ կնքված JICA դրամաշնորհի շրջանակում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 307 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024