Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ—տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը։
Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ—տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու եւ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Այդ առումով, կողմերը կարեւորել են Երեւանում հայ—տաջիկական գործարար համաժողովի անցկացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը։