ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Ա. Մարգարյանի շիրմաքարի պատվանդանը ծածկված է մայիսյան ալ վարդերով ու ճերմակ մեխակներով։ Նրա շիրիմին այցելել էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ա. Մարգարյանի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, զինվորականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի քահանայից խումբը՝ թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ «Անդրանիկ Մարգարյանը պատմության մեջ մտավ որպես մեր երկրի տնտեսական ենթակառուցվածքներն արդիականացնող վարչապետ՝ էներգետիկայից, ճանապարհաշինությունից սկսած մինչեւ ջրամատակարարման համակարգերի նորացում ու քաղաքաշինություն, մինչեւ աղետի գոտու խնդիրների լուծում ու երկնիշ տնտեսական աճ։ Ամենակարեւորը՝ արտագաղթը նվազեց, իսկ 2004 թվականին մենք ունեցանք դրական տեղաշարժ։ Այս ամենի կողքին փայլուն էին նրա մարդկային դիմանկարը, մարդկանց հետ նրա շփումները՝ մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Այդ հատկությունները ստեղծեցին նրա՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի մնայուն դիմանկարը»,–սրանք ՔԴՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքերն էին։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հիշելով Անդրանիկ Մարգարյանին՝ պետք է արձանագրել, որ մեծ էր նրա ներդրումը պետականության կայացման հարցում։ «Նրա դերակատարումը մենք ի վիճակի կլինենք գնահատել տարիներ հետո միայն։ Տարիներ հետո՝ հետադարձ հայացք նետելով մենք կկարողանանք հականալ, թե ինչպիսի կարեւորագույն խնդիրներ կարողացավ լուծել Մարգարյանը եւ ինչպիսի դժվար իրավիճակներում կարողացավ գտնել ճիշտ լուծումներ»,–նշեց Հարությունյանը։ «Թեեւ բազմաթիվ անգամ վիճել ենք տարբեր հարցերի շուրջ, ունեցել ենք տարբեր մոտեցումներ, սակայն այդ առումով զարմանալի ճկուն մարդ էր, քանի որ փորձում էր միշտ հասնել նրան, որ կամ ինքը քեզ համոզի, կամ դու իրեն համոզես, եւ ի պատիվ իրեն՝ նա բացարձակապես չէր վախենում ընդունել, որ ինքը սխալ մոտեցում էր ցուցաբերել մինչ այդ, ճիշտ պահին կանգ առնել եւ գտնել այդ իրավիճակում լավագույն լուծումը։ Սա խոսում է ոչ միայն ուղեղի ճկունության մասին, այլեւ լայնախոհ լինելու։ Իսկապես շատ ցավում եմ, որ մենք կորցրինք այդպիսի պետական գործչի, որի կարիքը հատկապես ես այսօր զգում եմ»,–պատմեց Հարությունյանը։ Ըստ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի, Անդրանիկ Մարգարյանի ուշադրությունից չէին վրիպել նաեւ Ջավախքի տնտեսական ծանր խնդիրները։ «Նա ոչ միայն հետաքրքրվում էր երկրամասով, այլեւ աշխատանքի բերումով՝ որպես Հայաստանի կառավարության ղեկավար, գործուն աջակցություն էր ցուցաբերում։ 2005 թվականին Վահան Տերյանի ծննդյան 125—ամյակի հանդիսություններին անձամբ այցելեց Տերյանի ծննդավայր Գանձա, այնտեղ հրավիրելով նաեւ Վրաստանի՝ այդ շրջանի վարչապետին, եւ տեղում հայությանն օգնելու ծրագրեր մշակվեցին։ Քննարկվեցին դպրոցների, ճանապարհների խնդիրները։ Անուրանալի է Անդրանիկ Մարգարյանի ներդրումը Ջավախքում»,–ասաց նա։ hhpress.am
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
|