ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 24 » Անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ /ՀՀ նախագահի հյուրն էին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները/
15:13
Անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ /ՀՀ նախագահի հյուրն էին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները/

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից երեկ նախագահի նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար։ Սերժ Սարգսյանը շնորհավորեց գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղեց նրանց. «Հարգելի՛ գործարարներ,
Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում։ Մենք ավանդաբար հանդիպում ենք յուրաքանչյուր տարեվերջին, որպեսզի ամփոփենք անցնող տարին եւ հաջողություն մաղթենք ձեզ գալիք բոլոր նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։
Առաջին հերթին, իհարկե, հակիրճ խոսենք, թե ուր ենք հասել։
Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանի իշխանությունները մշտապես առանձնացել են իրենց տնտեսական կարգապահությամբ։ Այս առումով մենք շահեկանորեն տարբերվել ենք շատ—շատերից, քանի որ խուսափել ենք արկածախնդրությունից եւ չհիմնավորված քայլերից։ Ավելին, Հայաստանը մշտապես առանձնացել է կայուն մակրոտնտեսական ցուցանիշներով, հենց այդ պատճառով էլ միջազգային ֆինանսական հաստատությունները Հայաստանը մշտապես գնահատել են որպես կայուն ու վստահելի գործընկեր։
2015թ. աշխարհի տնտեսական զարգացումները նշանավորվեցին բազում բացասական երեւույթներով։
Տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի եւ մետաղների գները շարունակեցին դրսեւորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում եւ հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին արժեզրկվել՝ հանգեցնելով բարձր գնաճային միջավայրի ձեւավորման, իսկ որոշ երկրներում տեղական արժույթները մեկ—երկու օրվա ընթացքում թռիչքաձեւ ճշգրտվեցին՝ հանգեցնելով ներքին ֆինանսական շուկաներում խուճապի։ Այս ամենը զուգորդվեց նաեւ աշխարհաքաղաքական հակամարտությունների սրացումներով եւ «տնտեսական պատժամիջոցների պատերազմի» շարունակականության դրսեւորումներով։
Արտաքին աշխարհի վերոնշյալ զարգացումների պարագայում ապահովել մակրոտնտեսական կայունություն՝ ի դեմս ցածր գնաճային միջավայրի եւ հարաբերականորեն կայուն ազգային արժույթի, ինչպես նաեւ գրանցել տնտեսական աճ, ակնհայտորեն, դյուրին գործ չէ։ Այնուամենայնիվ, 2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից։ Այսպես՝ 2015թ. հունվար—նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%՝ այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաեւ բացասական տնտեսական աճի ցուցանիշ։ Աճեր են գրանցվել արդյունաբերությունում՝ 4.6%, գյուղատնտեսությունում՝ 11.6%, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առեւտրի՝ 3.0%։ Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը, այսինքն՝ գների մակարդակը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9%, իսկ միջին գնաճը՝ 4.1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով, այն դեպքում, երբ այն եզակի ժամանակներից է, երբ պետական հատվածի աշխատավարձերն ավելի առաջանցիկ են աճել, քան մասնավոր հատվածինը։ Մենք 8.5% աշխատավարձի աճի պայմաններում ունենք 9.7% աճ պետական հատվածի աշխատավարձերի պարագայում։ Պետք է փաստել նաեւ, որ այս զարգացումներն ուղեկցվել են արժութային շուկայում հարաբերական կայունությամբ. դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի միջինի համեմատ արժեզրկվել է 4.4%—ով։ Ընդ որում, կարեւոր է նշել այն, որ փոխարժեքի նման վարքագիծը համահունչ է եղել տնտեսական հիմնարարների վարքագծին, եւ մակրոտնտեսական քաղաքականության պատասխանատուներն իրենց կշռադատված գործողություններով չեն ստեղծել փոխարժեքի արհեստածին մակարդակ եւ ապագայում կտրուկ ճշգրտման վտանգ։
Սա է ներկա պատկերը։ Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի եւ մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող։ Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր, երկարաժամկետ ու կայուն աճ, որը չի լինի խոցելի արտաքին բացասական ազդակներից։ Միայն այդ կերպ մենք կգտնենք եւ կզբաղեցնենք մեր արժանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ։
Անցած տարի մենք շարունակել ենք բարեփոխումների ակտիվ իրականացման քաղաքականությունը, ինչը չի վրիպել միջազգային կառույցների ուշադրությունից։ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» արձանագրումով Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել եւ 189 երկրների շարքում զբաղեցրել է 35—րդ հորիզոնականը։ Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում։
Հայաստանը նաեւ առաջընթաց է արձանագրել ՄԱԿ—ի զարգացման ծրագրի «Մարդկային ներուժի զարգացման» եւ Համաշխարհային տնտեսական համաժողովի «Համաշխարհային մրցունակություն» ցուցանիշում։
Իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում, իմ կարծիքով, կարեւորագույն աշխատանքը միտված է եղել արտահանման խրախուսմանը։ Այս ուղղությամբ արդեն լավ հիմքեր ենք դրել, եւ դրա արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Գալիք տարվա ընթացքում պետք է հետեւողականորեն շարունակենք մեր աշխատանքն այս ուղղությամբ։
Կառավարությունը, անշուշտ, մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է եւ պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար։ Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք եւ աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ։ Հանքարդյունաբերություն, սննդի արտադրություն ամենալայն իմաստով՝ ներառյալ ողջ գյուղատնտեսությունը, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահական եւ կրթական ծրագրերի արտահանում՝ սա ոչ լրիվ ցանկն է բոլոր այն ոլորտների, որոնցով թե՛ իշխանությունները, թե՛ մեր գործարար հանրությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեն նոր գաղափարների ու նոր ծրագրերի իրականացման համար։ Մենք նոր հնարավորություններ ենք ստեղծել առաջ գնալու համար եւ միասին պետք է առավելագույնս իրականացնենք այդ հնարավորությունները։
Հարգելի՛ գործարարներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Մաղթում եմ սեր եւ համերաշխություն ձեր ընտանիքներին, հաջողություններ՝ ձեր ձեռնարկներին։ Վստահ եմ, որ դուք ունակ եք ամենահամարձակ ծրագրերն իրականացնելու եւ առաջ տանելու»։


Դրական արդյունքներ՝  տնտեսական բարդ պայմաններում
 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար անցնող տարին հրաշալի է եղել։ Ոլորտը ոչ միայն 20 տոկոսանոց աճ է արձանագրել, այլեւ Հայաստանը իր տեղն է զբաղեցրել ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա։ ՀՀ նախագահի մոտ ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Հատկանշական է այն հանգամանքը, որ 2015—ին ոլորտում 60 նորաստեղծ կազմակերպություններ են ձեւավորվել։ Մի շարք հայկական արտադրանքներ, լուծումներ լավագույնն են համարվում աշխարհում։ Ինչպես այսօր նշեց նաեւ հանրապետության նախագահը, մասնավոր հատվածի դերը շատ կարեւոր է երկրի ընդհանուր տնտեսության զարգացման համար»,–ասաց Բ. Ենգիբարյանը։
Նա հիշեցրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ողջ տնտեսության շարժիչ ուժն է, որը նաեւ ապագայում լինելու է Հայաստանի մրցակցային առավելությունը։ Նա տեղեկացրեց, որ գալիք՝ 2016—ը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համար կլինի մասշտաբային ծրագրերի տարի. «Այդ ծրագրերն իրականացվելու են պետություն—մասնավոր հատված համագործակցության սկզբունքի հիման վրա։ Ինչպես նշել է հանրապետության նախագահը, պետությունն այս նախագծերում իր լուրջ մասնակցությունը կունենա, որովհետեւ հավասարակշռված երկարաժամկետ քայլերով մենք կարող ենք արձանագրել ավելի ու ավելի մեծ հաջողություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»։
Գործարարն ամեն ինչ պետք է անի, որպեսզի իր ապրանքը նոր շուկաներ գրավի։ Նման համոզմունք հայտնեց «Գյումրի» գարեջրի եւ «Սեւան» հանքային ջրերի գործարանների սեփականատեր Միսակ Բալասանյանը։ Նա ընթացիկ տարում կարողացել է երկու նոր գործարան բացել եւ լավատեսորեն է տրամադրված իր բիզնեսի զարգացման հարցում։
«2015թ. բացել ենք «Սեւան» հանքային ջրերի գործարանը եւ հրուշակեղենի ֆաբրիկա՝ ստեղծելով մոտավորապես 200 նոր աշխատատեղ։ Հանքային ջրերի գործարանի արտադրության արտահանման առումով, հաշվի առնելով, որ գործարանը նոր է բացվել, արտադրանքը նոր է, ծավալները գոհացուցիչ են։ Հանքային ջրեր հիմնականում արտահանել ենք Ռուսաստան եւ ԵԱՏՄ անդամ այլ երկրներ»,–ասաց Մ. Բալասանյանը։
«Գյումրի» գարեջրի արտահանման ծավալները 2014թ. համեմատությամբ չեն փոփոխվել։     «Լիահույս ենք, որ հաջորդ տարին ավելի բարենպաստ կլինի մեզ համար։ Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է գործարարից։ Այսօր ՀՀ նախագահն էլ ասաց, որ մեր խոշոր բիզնեսն արդեն որոշակի չափով իր շուկաները գրավել է եւ նոր շուկաներ մտնելու խնդիր ունի։ Այս իմաստով, մեր երկրի իշխանություններին մնում է միայն խաղաղությունն ապահովել, իսկ մնացածը գործարարները պետք է իրենց վրա վերցնեն»,–նշեց նա։
Վահե Բադալյանը եղբոր հետ միասին հիմնադրել եւ ղեկավարում է «Ֆասթ կրեդիտ» գրավատների ցանցը, «Կովկաս» ռեստորանային համալիրը եւ «Բեթ կոնստրակտ» ընկերությունը. վերջինը ստեղծում եւ արտահանում է համակարգչային ծրագրեր. ընկերությունն ունի 200 աշխատող։ Գործարարի խոսքով՝ անցնող տարին բիզնեսի համար դժվարին, սակայն, միեւնույն ժամանակ, զարգացման տարի է։
«Ընթացիկ բարդ տնտեսական տարվա ընթացքում մեզ հաջողվել է ընդլայնել «Ֆասթ կրեդիտ» գրավատների ցանցը. բացվել է ցանցի եւս երկու մասնաճյուղ, իսկ երկու մասնաճյուղի շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։ 2015թ. Եվրասիական տնտեսական տարածքում առկա ճգնաժամի պայմաններում Հայաստանը կարողացել է իրավիճակը հաղթահարել նվազագույն ցնցումներով»,–ասաց Վ. Բադալյանը։
Ըստ գործարարի՝ ամենակարեւորն այն է, որ Հայաստանը կարողացավ խուսափել ՀՀ դրամի արժեզրկումից, ինչի արդյունքում հնարավոր եղավ զերծ մնալ տնտեսության մեջ խոշոր ցնցումներից, ինչը, օրինակ, չկարողացան անել Ադրբեջանը եւ Ռուսաստանը, որտեղ ազգային արժույթների լուրջ արժեզրկում է եղել, եւ լուրջ խնդիրների առաջ են կանգնած. «Խիստ կարեւոր են յուրաքանչյուր տարվա վերջում ՀՀ նախագահի հետ ավանդական հանդիպումները, որոնց ընթացքում անկեղծ քննարկումներ են ծավալվում բիզնես միջավայրում առկա խնդիրների, գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ»։
Տարին բարդ էր նաեւ հանքարդյունաբերության ոլորտի համար՝ կապված նավթի համաշխարհային գների անկման հետ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանի խոսքով՝ դա պայմանավորված է այն պատժամիջոցներով, որոնք միմյանց նկատմամբ կիրառում են մի քանի խոշոր պետություններ։ 
«Անգամ այս բարդ պայմաններում կարողացել ենք պահպանել մեր ընկերության տնտեսությունը։ Այս տարի որեւէ մեկին աշխատանքից չենք ազատել, իսկ արտերկրում գործող մի շարք խոշոր կազմակերպություններ կրճատումներ են արել, որպեսզի կարողանան հաղթահարել տնտեսական դժվարությունները։ Ավելին՝ ընկերությունը 2016—ին պատրաստվում է շահագործման հանձնել Լիճքի հանքավայրը, ինչի շնորհիվ կստեղծվի 200—250 լրացուցիչ աշխատատեղ»,–տեղեկացրեց Վ. Հակոբյանը։
Գործարարի խոսքով՝ անհրաժեշտ է առաջիկա 1—2 տարիներին դիմանալ, իրականացնել նոր ֆինանսական ներարկումներ, ինչից հետո, նրա կարծիքով, իրավիճակը կշտկվի։
Չնայած տնտեսական բարդ պայմաններին, Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերներին, շատ ընկերություններ Հայաստանում տարին ամփոփում են դրական ցուցանիշներով։ Նրանց թվում է Հայաստանում գործող «Պեպսի» զովացուցիչ ըմպելիքների գործարանը։ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի—Կոլա Բոթլեր» ընկերության տնօրեն Արշավիր Մինասարյանը նշեց, որ իրենց բիզնեսը բավականին մեծ կախվածություն ունի արտարժույթի, մասնավորապես՝ ԱՄՆ դոլարի տատանումներից. չնայած դրան, տարին դրական միտումով են փակում. «Մենք կարողացանք կանխել նաեւ գների աճը մեր ապրանքատեսականու համար ու այդ պայմաններում բարելավել մեր ֆինանսական ցուցանիշները»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 422 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024