«ԱՄՆ–ի մերձավորարեւելյան քաղաքականության շեշտադրումները փոխվել են՝ մտնելով ավելի ակտիվ փուլ։ Թրամփն իր այս քայլով ընդգծեց իր հակառուսական, հակապուտինյան տրամադրությունը»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Սիրիայի տարածքում ԱՄՆ–ի իրականացրած հրթիռային հարձակման մասին։
Նրա խոսքով, Թրամփի, ում Վաշինգտոնում մեղադրում էին ռուսամետության մեջ, համարում են Մերձավոր Արեւելքում ՌԴ քաղաքականությունը ընդունող, հաջորդիվ հայտարարություններն ավելի կտրուկ էին, իսկ պետքարտուղար Թիլերսոնը, ով նույնպես համարվում էր Կրեմլի մարդը, մեղադրեց ՌԴ—ին, որ չի կարողացել վերահսկել ասադյան կողմից քիմիական զենքի կիրառումը։
«Այս ամենի պատրվակը քիմիական զենքի կիրառումն էր։ ԱՄՆ–ի կողմից հրթիռների կիրառման կամ պատասխանատուին պատժելու գործողությունն արդեն երկրորդական է դարձնում հարցը, թե ով է մեղավոր այդ զենքի կիրառման մեջ։ Այդ հարցը մնում է առկախված, որովհետեւ միջազգային փորձագիտական հանրության համար հասանելի չեն այդ տարածքները, որպեսզի կատարվեն համապատասխան չափումներ»,–ասել է արաբագետը։
Հարցին, թե արդյո՞ք քիմիական զենք գործածվել է, թե՞ ոչ, Հ. Քոչարյանը պատասխանել է. «Փաստը, որ այդ տարածքում աշխատել է սիրիական օդուժը, չի հերքվում։ Հաջորդը՝ ինչ է տեղի ունեցել, այդ փաստը պարզ չէ. մի կողմը մեղադրում է, որ կիրառվել է քիմիական զենք, եւ խնդիրը ծագում է հենց այդ պահին, որովհետեւ չենք կարողանում իդենտիֆիկացնել, թե ինչ բաղադրության էր։ Մյուս կողմը, որը ռմբահարել է, ասում է՝ ռմբահարել են պահեստները, որտեղ դա պահվել է։ Խնդիրն այն է, որ այդ տարածքները վերահսկում է մի խմբավորում, որը ոչ նեղություն է տալիս Ասադին, ոչ էլ հայտնի է իր շատ ակտիվ ռազմական գործողություններով, այսինքն՝ իմաստ չուներ, որ այդ տարածքներում նման բան կիրառեր։ Սա է, որ հարց է առաջացում՝ ինչո՞ւ էր պետք նման գործողություններ, այն էլ այս պահին, երբ բոլորը նստած էին սեղանի շուրջ բանակցելու։ Ամերիկյան գործողությունից հետո փաստացի քաղաքական գործընթացը, որ սկսվել էր Սիրիայի շուրջ, մնում է օդից կախված։ Տեսնենք՝ ինչ կտան Լավրով—Թիլերսոն առաջիկա բանակցությունները»։
Պատասխանելով հարցին, թե ԱՄՆ հարվածներն ավելի շատ ում էին ուղղված՝ ՌԴ—ի՞ն, թե՞ Սիրիայի նախագահ Ասադին, արաբագետն ասելէ, որ քաղաքական տեսանկյունից ավելի շատ ՌԴ—ին, իսկ ֆիզիկական վնասներ տարան ասադյան ուժերը։
Հ. Քոչարյանի խոսքով, ՌԴ—ի եւ ԱՄՆ—ի միջեւ հարաբերություններում որոշակի լարում հնարավոր է, սակայն առճակատում չի տեսնում. «Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություն բախվեն»։
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ–ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակաշրջանում Մերձավոր Արեւելքի ճգնաժամը համաշխարհային օրակարգ չէր, ԱՄՆ—ն ավելի լուրջ խնդիրներ ուներ, որոնք փորձում էր լուծել։
«Թրամփի այս գործողությամբ ստացվում է, որ մերձավորարեւելյան ճգնաժամը դառնում է համար մեկ համաշխարհային օրակարգ, որը որոշ ուժերի համար, նաեւ տարածաշրջանի, ձեռնտու է, քանի որ իրենք են կարեւոր դառնում համաշխարհային գլոբալ քաղաքականության մեջ»,–ասել է Հ. Քոչարյանը։
ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ Ռուսաստանի ակնկալիքները չափազանցված էին։ Ռուսաստանում կարծում էին, որ նա կգա իշխանության եւ կկարողանա իրականացնել իր խոստումները՝ նաեւ Սիրիայի մասով, սակայն ԱՄՆ–ն ցույց տվեց, որ առաջնորդվում է սեփական շահերով, կարծիք է հայտնել «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«ՌԴ—ԱՄՆ հաշտեցման քաղաքականությունն, ըստ էության, ձախողվել է։ Ռուսաստանը որդեգրել է դիմակայության եւ հակադրության ճանապարհը, ինչը Հայաստանի համար բոլորովին լավ չէ։ Հայաստանի համար միշտ էլ վնասաբեր է եղել հայտնվել երկու ճակատների մեջտեղում։ Սա մեզ նեղ վիճակի մեջ է դնում, մեզ կարող են առաջ մղել տարբեր գործողությունների եւ հայտարարությունների»,–նկատել է բանախոսը՝ հավելելով, որ հակառակ դրան՝ սիրիական հիմնախնդրից բավական շահեց Թուրքիան։
Արա Պապյանը չի բացառել, որ սիրիական հիմնախնդիրը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնավորապես, ապագայում գործընթացները կարող են ուղղվել Իրանի դեմ։
Նրա համոզմամբ, Ասադին պահող ուժը Ռուսաստանն է։ Պալմիրայում նրա հաջողությունները եւս պայմանավորված էին ռուսական գործոնով։
Ինչ վերաբերում է Իդլիբ նահանգում քիմիական զենքի գործադրմանը, վերլուծաբանն այն կարծիքին է, որ Ասադը դժվար թե նման քայլի դիմեր, մանավանդ՝ դա նրա վարկանիշի օգտին չէր։
|