] Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին. «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու եւ Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար։ Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար։ Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են։ Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք։ Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ—երկու օր կազդուրվեք, եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը։
Հարգանքով՝ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 26—ին գրավոր կպատասխանի նախագահ Սերժ Սարգսյանի նամակին։ Այս մասին հայտարարել է նա Ազատության հրապարակում։ Նա նշել է, որ մարտի 27—ին էլ կպատասխանի լրատվամիջոցներին հուզող բոլոր հարցերին։ hhpress.am
|