Բաշ-Ապարանի հերոսամարտը
—Մայիսի 21 — Ալեքսանդրապոլ—Ղարաքիլիսա ուղղությամբ հարձակվող թուրքական զորքերը գրավեցին Համամլուն, որից հետո նրանց մի մասը (9—րդ հետեւակային դիվիզիա, հրամ.՝ Էսադ փաշա) կտրուկ շրջվեց դեպի հարավ՝ Սպիտակի լեռնանցքով դուրս գալով Ապարանի սարահարթ։ Նպատակը՝ օգտագործելով Բաշ—Ապարանի շատ հարմար օպերատիվ ուղղությունը (Համամլու—Բաշ—Ապարան—Աշտարակ—Երեւան), երեւանյան զորախմբին հարվածել թիկունքից՝ հյուսիս—արեւելքից։
Գրեթե միաժամանակ, մայիսի 20—21—ը, հակառակորդի մի այլ զորասյուն Ապարանի սարահարթ դուրս Եկավ Արագածի հյուսիսային լանջերով՝ միանալով Համամլուից հարձակվող ուժերին։ Մայիսի 20—ին հիշյալ զորասյունը գրավեց Հաջիխալիլ գյուղը, որի 77 տղամարդիկ ձերբակալվեցին եւ հաջորդ օրը գնդակահարվեցին մոտակա ձորում։ Նախօրեին գյուղից հեռացած 40 երիտասարդներ միացան Դանագիրմազի աշխարհազորայիններին։ Քյուլուջացի աշխարհազորային Ալեքո Մուրադյանը Հաջիխալիլում ծպտված կերպով մասնակցելով թուրք զորահրամանատարի պատվին կազմակերպված խնջույքին եւ տեղեկանալով թշնամու հետագա պլանների մասին՝ գիշերը սրարշավ հասավ Երեւան եւ այդ ամենի մասին տեղեկացրեց Արամ Մանուկյանին։ Վերջինս անմիջապես հրամայեց Արսեն Աղային (Արսեն Տեր—Պողոսյան, հռչակավոր Խենթի՝ Սամսոն Տեր—Պողոսյանի որդին) Սարդարապատի ճակատից շտապ մեկնել Բաշ—Ապարան՝ կազմակերպելու շրջանի ինքնապաշտպանությունը, մինչեւ կանոնավոր զորքերի տեղ հասնելը։ Մայիսի 22—23—ի գիշերը Արսեն Աղան իր փոքրիկ հեծելախմբով (25 սուր) Ղարաջորանի (Արա գյուղ) վրայով մեկնեց Բաշ—Ապարան՝ ճանապարհին ոտքի հանելով Աշտարակի եւ Ապարանի շրջանների բոլոր գյուղերը։
Հաջիխալիլը գրավելուց հետո, մայիսի 21—ին թուրքերը Ջանգի—թափայի վրայով դուրս եկան եզդիական Մեծ Ջամշլու գյուղը՝ գրավելով այդ շրջանի եզդիական բոլոր 13 գյուղերը։
—Մայիսի 22 — Մինչեւ հայկական կանոնավոր զորքերի ժամանումը Բաշ—Ապարանի ռազմաբեմ, այստեղ սկսվեցին առաջին բախումները հարձակվող թուրքական ուժերի եւ տեղի աշխարհազորային ջոկատների միջեւ։ Մեծաքանակ եւ մարտունակ աշխարհազորի երեւան գալը Բաշ—Ապարանի շրջանում արդյունք էր տեղի բնակչության գովելի խիզախության, բայց նախեւառաջ՝ երեւանյան ռազմաքաղաքական ղեկավարության ցուցաբերած հեռատեսության։ Դեռեւս 1918թ. ապրիլին, նախքան Կարսի անկումը, Արամը եւ գեներալ Սիլիկյանը համապատասխան հրահանգներ էին տվել շրջանի կոմիսար Սեդրակ Ջալալյանին եւ Արսեն Աղային՝ աշխարհազորի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, ինչը եւ բարեխղճորեն կատարվել էր նրանց կողմից։
Բաշապարանյան աշխարհազորի ավանգարդը կազմում էին արդեն հիշատակված Սեդրակ Ջալալյանի (200 հոգի, Չամըռլու գյուղ), Դավիթ Մելիքսեթյանի (150 հոգի, Բաշ—Ապարան գյուղ), Քյուլլաջա գյուղի քահանա Տեր—Հովհաննես Մինասյանի (200 հոգի) եւ ռուսական բանակի նախկին սպա, դանագիրմազցի Սարգիս Պողոսյանի (150 հոգի) ջոկատները։
Թուրքական զորքերի եւ հայկական աշխարհազորի միջեւ առաջին բախումը տեղի ունեցավ Դանագիրմազ գյուղի մատույցներում մայիսի 22—ին, ժ. 15—16—ի սահմաններում։ Թուրքական առաջապահ հեծելավաշտն ընկավ լավ քողարկված հայկական ջոկատների կործանիչ կրակի տակ եւ հետ շպրտվեց։ Սակայն հետագայում, չդիմանալով հակառակորդի հիմնական ուժերի ճնշմանը եւ հատկապես հրետանային կրակին, հայկական ջոկատները ստիպված էին մայիսի 22—23—ի գիշերը հետ քաշվել դեպի Բաշ—Ապարան եւ Դավաբոյին լեռ։ Ըստ այդմ, երկուստեք եղան ծանր կորուստներ։
—Մայիսի 23 — Թուրքական ուժերի եւ հայկական աշխարհազորային ջոկատների միջեւ մյուս հիշարժան մարտը տեղի ունեցավ Միրաք գյուղի կամրջի մոտ։ Արսեն Աղայի հրամանատարությամբ կռվող հայ աշխարհազորայինները հարձակվող թշնամուն պատճառեցին ծանր կորուստներ, սակայն նեղվելով զինամթերքի պակասից, մայիսի 23—24—ի գիշերը նրանք ստիպված էին հետ քաշվել՝ թողնելով Բաշ—Ապարանը, Մուլքին, Ղարանլուղը, Հաջիբաղրը։ Մայիսի 24—ին հայկական աշխարհազորի գրաված նոր դիրքերն էին Բուռունի կիրճ—Քյուլլուջա—Բաշ—Ապարանի հարավային մատույցներ՝ մինչեւ Արագած լեռ (Ղազնաֆարի ուղղությամբ)։
Տեղեկանալով Բաշ—Ապարանի օպերատիվ ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման մասին, գեներալ Մ. Սիլիկյանը ստիպված էր երեւանյան զորախմբի կազմից որոշ ուժեր (1 600 սվին եւ սուր), մասնավորապես գնդապետ Դոլուխանյանի 6—րդ գունդը եւ գնդապետ Կորոլկովի հեծյալ գունդը նետել հիշյալ ուղղություն՝ թշնամուն ընդառաջ։ Նոր ձեւավորվող ճակատի հրամանատար նշանակվեց Դրոն, ով անհապաղ մեկնեց Բաշ—Ապարանի ռազմաբեմ։ Սակայն մինչեւ մեկնումը Դրոն Սիլիկյանին խնդրեց նախ՝ ավարտին հասցնել հակառակորդի սարդարապատյան խմբավորման ջախջախումը եւ հետո նոր՝ ուժգին հարված հասցնել նաեւ բաշապարանյան ուղղությամբ հարձակվող թուրքերին։ Դրոյի այս առաջարկը հիմնված էր այն մտավախության վրա, որ միասնական երեւանյան խմբավորման մասնատումը կարող էր խոչընդոտել Երեւանի վրա հարձակվող թուրքական 36—րդ դիվիզիայի լիակատար ջախ—ջախումը։ Իսկ բաշապարանյան ուղղությամբ հարձակվող թշնամուն Դրոն մտադիր էր միառժամանակ կասեցնել միայն աշխարհազորային եւ կամավորական ջոկատների միջոցով, ժամանակ շահել եւ վճռական ճակատամարտ տալ Աշտարակի մատույցներում։ Այս ծրագիրը սակայն պարունակում էր մեծ ռիսկ։ Ինչ խոսք, 36—րդ ԿՀԴ—ի հետ հաշիվները մաքրելու հավանականությունը խիստ մեծանում էր, բայց մեծանում էր նաեւ Երեւանը հյուսիսային կողմից անպաշտպան թողնելու հավանականությունը։ Չէ՞ որ աշխարհազորային ջոկատները կարող էին եւ չդիմանալ հարձակվող թուրքական կանոնավոր ուժերի ճնշմանը, եւ այդ դեպքում թուրքերը կամ հյուսիսից կհարվածեին անպաշտպան մնացած քաղաքին, կամ, որ ավելի հավանական է, դուրս կգային հայկական սարդարապատյան խմբավորման թիկունքը։ Դրոյի հաշվարկները հիմնված էին նաեւ այն չափազանց թերի տեղեկությունների վրա, թե իբր Բաշ—Ապարանի ուղղությամբ հարձակվող թուրքական ուժերն ընդամենը երկու գումարտակ են. հետագայում պարզվեց, որ դրանք կազմում են մեկ լիարժեք դիվիզիա։
Մ. Սիլիկյանը չցանկանալով ռիսկի ենթարկել Արեւելյան Հայաստանի մայրաքաղաքի անվտանգությունը՝ մերժեց Դրոյի առաջարկը։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նա ճիշտ էր։ Բաշապարանյան աշխարհազորը, ինչպես եւ նա կարծում էր, առաջին իսկ մարտերում չդիմանալով հակառակորդի հարվածներին՝ նահանջեց։ Եվ եթե չլինեին սարդարապատյան ռազմաբեմից նետված կանոնավոր ուժերը, ապա թուրքերն իրենց հարձակումը զարգացնելով դեպի հարավ՝ մահացու վտանգ կստեղծեին ողջ երեւանյան խմբավորման համար։ Սարդարապատի եւ Բաշ—Ապարանի հերոսամարտերին վերաբերող այս չափազանց կարեւոր դիպվածը Դրոն իր հուշերում ներկայացրել է հետեւյալ կերպ. «...Էստեղ մի վեճ ունեցանք Սիլիկյանի հետ։ Ինձ ասում ա՝ քեզ նշանակում եմ Բաշ—Ապարանի հրամանատար։ Մոիսեյ Պավլովիչ ուր ուզես կերթամ, մի բաժանիր բանակը։ Թող ամբողջ ուժով հարձակվենք Սարդարապատից գալող բանակի վրա, լավ ջարդենք։ Ի՞նչ տեղեկություն ունենք, մեզ տեղեկացնում են, թե ընդամենը երկու թաբուր ա (գումարտակ)։ Նրանք եթե Աշտարակ էլ իջնեն՝ կը ջարդենք»։
Մեկնելով նոր ձեւավորվող Բաշ—Ապարանի ռազմաճակատ՝ Դրոն իր հետ տարավ ոչ միայն Սիլիկյանի կողմից տրամադրված կանոնավոր զորամասեր, այլ նաեւ բավական մեծ քանակությամբ կամավորական խմբեր։ Տեղում նույնպես մեծ թվով աշխարհազորայիններ համալրեցին Դրոյի նոր ձեւավորվող զորախումբը։ Ահա թե ինչ է գրում այդ մասին իր հուշերում դեպքերի մասնակից, համշենահայ Միսաք Թոռլաքյանը, ով այդ օրերին մարտնչում էր Զեմլյակի հեծյալ ջոկատում, իսկ հետագայում դարձավ «Նեմեսիս» օպերացիայի հերոսներից մեկը. «Անկանոն խումբեր, ոմանք զինյալ, ոմանք կացին ու սուր իրենց ձեռքին, ոմանք ծեր, ոմանք երիտասարդ, իրարու ետեւե կմոտենային ու կասեին.
— Բարեւ, Դրո ջան, ահա՝ եկանք, հրամայ։
Եվ Դրոն անհրաժեշտ կարգադրությունները կըներ, բոլորին ծառայությունը ի սպաս դնելու հայրենիքի փրկության գործին։ Պատմական, ճակատագրական օրեր էին։ Հին Ավարայրը վերակենդանացած էր։ Դարավոր հայությունը հարություն էր առած մարտական կեցվածքով»։
—Մայիսի 24 — Միրաքի կամրջի մոտ տեղի ունեցած շատ ծանր մարտից հետո թուրքերը ժամանակավորապես դադարեցրին ակտիվ հարձակողական գործողությունները՝ սպասելով նոր համալրումների։ Մայիսի 24—ի ցերեկվա ժամը 2—3—ին Աշտարակի խճուղով Ալիքուչակ հասավ 6—րդ հետեւակային գունդը։ Զորքի հետ միասին ճակատ էին եկել նաեւ Սարդարապատի հերոս Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը եւ նշանավոր գրող (ալիքուչակցի) Լեւոն Սաղաթելյանը։ Նրանք այստեղ մնացին մինչեւ Բաշ—Ապարանի հերոսամարտի հաղթական ավարտը։
Ալիքուչակում 6—րդ գնդին ցույց տրվեց բացառիկ հանդիսավոր ընդունելություն։ Դիմավորելու էին եկել Բաշ—Ապարանի քաջարի աշխարհազորի աշխարհիկ եւ հոգեւոր բոլոր առաջնորդները՝ Արսեն Աղայի գլխավորությամբ, տեղի գյուղացիությունը եւ բազմահազար գաղթականներ ցնծության որոտընդոստ աղաղակներով դիմավորեցին հայ փրկարար զորքին։
Տեղի ունեցած միտինգում կրակոտ ելույթներ ունեցան Գարեգին եպիսկոպոսը, Արսեն Աղան, գրողներ Հ. Հովհաննիսյանն ու Լ. Սաղաթելյանը եւ ամենավերջում՝ գնդ. Դոլուխանյանը, որն իր խոսքն ավարտեց մահապարտի երդումով. «... Երդվում եմ ասածով, զինվորականի ազնիվ խոսքով, որ ես էլ ձեզ հետ միասին կմեռնեմ, առաջինը ես, բայց Արագածս չեմ տա թուրքերին»։
Միտինգից հետո Դրոն իր շտաբը տեղակայեց Ալիքուչակում եւ կատարեց ուժերի համապատասխան դասավորումներ՝ առաջիկա հարձակման համար։
—Մայիսի 25 — Վաղ առավոտյան Սարդարապատի հերոս, կապիտան Վ. Սակելյարիի մարտկոցի ինտենսիվ կրակով սկսվեց հայկական առաջին հարձակումը Բաշ—Ապարանի ճակատում։ Հայկական հրետանին հարվածում էր Բաշ—Ապարանի, Ղարանլուղի եւ Հաջիբաղրի թուրքական դիրքերին։ Ղազնաֆարի ձորից մինչեւ Քյուլլուջա ձգվող ճակատում Դրոն իր փոքրաթիվ ուժերով (1 600 սվին եւ սուր) անցավ հարձակման՝ փորձելով հենց սկզբից եւեթ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։
Սրընթաց հարձակումով հայկական ուժերը հասան մինչեւ Ղոնդախսազ եւ գրավեցին այն, բայց հաջորդ օրն իսկ, թեւերից շրջանցման վտանգի տակ, նրանք ստիպված էին նահանջել մինչեւ Ղազնաֆար—Շիրակալա—Ղարաքիլիսա գիծը։ Ալիքուչակի եւ Չամըռլուի մատույցներում թուրքերը կասեցվեցին Կուռոյի (Սուրեն Թարխանյան) եւ բաշգյառնեցի Մարտիրոսի վաշտերի կողմից։ Իր առաջին հարձակման մասին տասնամյակներ անց ահա թե ինչ է պատմում Դրոն. «Մի խորհրդակցություն կազմեցինք, ասինք՝ եկեք մենք հարձակում գործենք, մի քանի օր վաստակենք։ Առաջին անգամ մի հարձակում գործեցինք, հաջող, բայց հաջող էլ հետ շպրտեցին մեզ... Էնպես հետ շպրտեցին, որ Բաշ—Ապարանն էլ ձեռքիցս առան»։
—Մայիսի 26 — Մայիսի 25—26—ի հանդիպակաց մարտերից հետո Բաշ—Ապարանի ճակատում տիրեց հարաբերական դադար, որի ընթացքում Սիլիկյանի կողմից Դրոյի ջոկատը զգալիորեն ուժեղացվեց նոր համալրումներով։ Հայկական երկրորդ հարձակման նախօրեին, մայիսի 26—ի երեկոյան Բաշ—Ապարանի ջոկատն ուներ հետեւյալ կազմը. 6—րդ հրաձգային գունդ (հրամ. գնդ. Դոլուխանյան), 2—րդ հեծյալ գունդ (հրամ. գնդ. Ն. Զալինյան), պարտիզանական հեծյալ գունդ (հրամ. գնդ. Կորոլկով), սասունցիների գունդ (հրամանատարներ Մուշեղ Ավետիսյան, Մորուք Կարո, Չոլո, Փեթարա Մանուկ), սահմանապահ գումարտակ (հրամ. գնդ. Սակեն), Մակեդոնի, բուլանխցի Մուրադի, Սեդրակ Ջալալյանի, Զեմլյակի, Կուռոյի, Դալի Ղազարի, Յապոնի, մակվեցի Մեսրոպի, բաշգյառնեցի Մարտիրոսի եւ մի շարք այլ կամավորական խմբեր, ինչպես նաեւ եզդիական աշխարհազորը (1000—ից ավելի հետեւակ եւ հեծյալ)՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ, ընդամենը՝ 5—6 հազ. սվին եւ սուր։ Ջոկատի հրետանին կազմված էր 4—րդ (հրամ. պորուչիկ Սուլթան—Շահ), 1—ին (հրամ. կապ. Խ. Իգիթխանյան) եւ 6—րդ (հրամ. կապ. Վ. Սակելյարի) մարտկոցների մի մասից, ընդամենը՝ 10 հրանոթ։
Բաշապարանյան խմբավորման հիմնական հարվածային ուժը կազմում էր լիարյուն 6—րդ հրաձգային գունդը (մոտ 2000 սվին), որը դիրքեր էր զբաղեցրել ճակատի ձախ թեւում, այն է՝ խճուղուց մինչեւ Արագած լեռն ընկած հատվածում։ Մյուս երկու առավել հզոր զորամասերը՝ 2—րդ հեծյալ եւ պարտիզանական հեծյալ գնդերը դիրքավորվել էին խճուղուց աջ ընկած հատվածում։
Բաշ—Ապարանի ռազմաճակատում գործող թուրքական խմբավորումը (9—րդ ԿՀԴ, հրամ. Էսադ փաշա, թուրքական անկանոն ուժեր) իր կազմում ուներ 6—7 հազ. սվին եւ սուր, 12 հրանոթ։
Բաշապարանյան աշխարհազորի 1200 մարտիկներից 700—ը մտան կանոնավոր զորքերի շարքերը։ Այսպես, երբ գնդ. Ն. Զալինյանի 2—րդ հեծյալ գունդն ուղեւորվում էր Բաշ—Ապարան, Եղվարդ գյուղում նրան միացան տեղի 100 զինված հեծյալ կամավորներ։
—Մայիսի 27 — Վաղ լուսաբացին, արդյունավետ հրետանային նախապատրաստությունից հետո սկսվեց հայկական զորքերի երկրորդ եւ վճռական հարձակումը։ Մի քանի ժամյա կատաղի մարտից հետո հակառակորդը Ալիքուչակի մատույցներից ետ քաշվեց Բաշ—Ապարան—Մուլքի հատվածը։ Չդիմանալով կռվի լարվածությանը՝ թուրքերը նահանջեցին նաեւ Ղազնաֆարի ճակատում։ Օրվա ընթացքում նրանց ձեռնարկած բոլոր հակագրոհները ձախողվեցին։
Մայիսի 27—ին ծավալված մարտերի կատաղի բնույթի մասին է վկայում արդեն հիշատակված Մ. Թոռլաքյանը, ով հենց այդ օրը ծանր վիրավորվեց եւ տեղափոխվեց Աշտարակ. «Կռիվի տաք պահուն, Դրոն հրամայեց մեզի, որ ձիերը նստինք, անցնինք գնդացիրներու տարափին տակեն փոքր դաշտե մը եւ գրավենք թշնամիին առաջին դիրքը։ Ձիավորներս՝ շուրջ 300 հոգի՝ նստանք ձիերը եւ քշեցինք կրակի տարափին տակ։
Դրոն սաստկացուց թնդանոթային կրակը։ Մտանք թշնամիին դիրքին տակ, վերի կրակեն ապահով։ Հոս ձիերը թողուցինք, սկսանք կռիվով բարձրանալ եւ գրավել առաջին դիրքերը՝ փախուստի մատնելով թշնամին»։
Նույն օրը ռազմաճակատի ձախ թեւում ծավալված մարտերի մասին 6—րդ գնդի 1—ին գումարտակի 4—րդ վաշտի հրամանատար, պոդպորուչիկ Մամիկոն Տեր—Սարգսյանը պատմում է հետեւյալը. «Մայիսի 26—ին (պետք է լինի մայիսի 27—ին — Ռ. Թ.) թշնամին մի այնպիսի հարված ստացավ, որ անկարող եղավ՝ սպանված իր զինվորների դիակները հավաքելու։ Ամենածանր կռիվները գնում էին առաջին գումարտակից աջ գտնվող մեր երկու գումարտակների ճակատում։ Թշնամին ամբողջ իր հնարավորությունները գործադրեց կոտրել կասեցնել մեր առաջխաղացումը, բայց իզուր, նա պաշտպանությունից անցավ գլխակորուստ նահանջի»։
—Մայիսի 27—28—ի գիշերը թուրքական հրամանատարությունը պահեստային ուժեր տեղափոխեց Միրաք եւ Ղոնդաղսազ՝ համալրելով իր թուլացած զորամասերը։ Նույն գիշեր Դրոյի զորախումբն իր հերթին ստացավ 2 հրանոթ Քանաքեռից, ինչպես նաեւ զգալի քանակությամբ զինամթերք։
—Մայիսի 28 — Վաղ առավոտյան վերսկսվեց հայկական հարձակումը։ Դրան ի պատասխան թուրքերն անընդմեջ հակագրոհում էին, փորձելով վերականգնել նախօրեին կորցրած դիրքերը։
Հայկական զորքերը հարձակվում էին աջ թեւում՝ Քյուլլուջայի եւ ձախ թեւում՝ Չնղլ լեռան ուղղություններով։ Քյուլլուջայի ուղղությամբ հարձակվող ուժերը գրավեցին Հաջիբաղր եւ Ղարանլուղ գյուղերը։ Նշված գյուղերի միջեւ ընկած դաշտում բաշապարանյան աշխարհազորը ոչնչացրեց թուրքական մեկ գումարտակ։ Արագածի արեւելյան լանջերով հարձակվող 6—րդ գնդի մեկ գումարտակ եւ եզդիական աշխարհազորը, ետ մղելով թշնամու մի քանի կատաղի հակագրոհներ՝ նրան հետ շպրտեցին մինչեւ Դանագիրմազի բարձունքները։ Սակայն մայիսի 28—ի ճակատամարտի բախտը որոշվեց ոչ թե թեւերում, այլ կենտրոնում իրականացված հայկական հեծելազորի ճեղքումով։ Այս հատվածում (Բաշ—Ապարան—Մուլքի) կենտրոնացնելով մեծ ուժեր, թուրքերը համառ դիմադրությամբ խոչընդոտում էին հայկական հարձակման զարգացմանը։ Որոշելով շեշտակի հարվածով կիսել թուրքական ճակատը եւ ճակատամարտի նժարը վերջնականապես թեքել իր կողմը, Դրոն այստեղ կենտրոնացրեց իր զորախմբի բոլոր հեծյալ ուժերը։ Հեծելազորային հենց այդ բռունցքն էլ, Սարդարապատի հերոս գնդ. Կորոլկովի հրամանատարությամբ, իրականացրեց ճակատային փայլուն ճեղքում՝ որոշելով ճակատամարտի ելքը։ Ահա թե ինչպես է ներկայացնում հեծելազորային այդ գրոհը Դրոն. «Էստեղ էր, որ Կորոլկովն իր պատմական ճարն արեց։ Ասի՝ կավալերիան (հեծելազորը) մեռցնելու եմ ուղարկում։ Եզդիներին էլ ուղարկեցի, Ջհանգիր աղան։
Ամբողջ ատակի (գրոհի — Ռ.Թ.) շպրտեցի։
... 700 հոգի կավալերիայից 160—ը թափեցին։ Բայց՝ ճղեց։ Զեմլյակն էլ սպանվեց, ահագին տղաներ սպանվեցին։ Ճղեց, պատռեց ու անցավ դրանց թիկունքը։
Բայց այդպես արագ փախուստ ես չէի սպասում թուրքերի կողմից»։
Խուճապահար փախուստի դիմած մեծ թվով թուրք ասկյարներ սեղմվեցին Քասաղ գետին։ Փորձելով լողալով անցնել նրա ձախ ափը, նրանք գրեթե բոլորը խեղդվեցին անձրեւից հորդացած գետում։
Հյուսիսային ուղղությամբ թուրքերը ետ քաշվեցին դեպի Դավաբոյին լեռ, Միրաք, Ղոնդախսազ։ Միրաքի ուղղությամբ ծավալված մարտերում թշնամին կրեց նոր, ծանր պարտություն։
Մայիսի 28—ի բախտորոշ ճակատամարտի ընթացքում հակառակորդը կիրառեց իր սիրած տակտիկան՝ ոտքի հանելով տեղի, հայաստանաբնակ թուրք—թաթարական գյուղերի բնակչությանը։ Դավաբոյին լեռան արեւելյան անտառապատ լանջի կողմից հայկական ուժերի թիկունքին փորձեցին հարվածել Միսխանայի ձորի (Ախտայի շրջ.) մի շարք թուրքաբնակ գյուղերի (Արզաքյանդ, Ուզունլար, Աղվերան եւ այլն) զինված հրոսակախմբերը։ Սակայն վերջիններս Սեդրակ Ջալալյանի աշխարհազորային ջոկատի կողմից ջախջախիչ հակահարվածով հետ շպրտվեցին։
Մայիսի 28—ի վճռական հաղթանակը ձեռք բերվեց թե՛ կանոնավոր զորքերում եւ թե՛ աշխարհազորում մարտնչող հայ զինվորների անհատական եւ զանգվածային հերոսության շնորհիվ։ Այսպես, երբ Դավաբոյին լեռան մատույցներում հայկական հարձակումը ժամանակավորապես կասեցվեց, սամադարվեշցի գնդացրորդ Հովհաննես Սիմոնյանը, արհամարհելով մահացու վտանգը, իր գնդացրով բարձրացավ լեռան լանջը եւ այնտեղից դիպուկ կրակահերթերով ճանապարհ հարթեց հարձակվողների համար, թշնամին ստիպված էր նահանջել՝ նոր դիրքեր զբաղեցնելով Ղոնդախսագի մոտ։
Մարտի թեժ պահին, երբ ճակատի հատվածներից մեկում թուրքական հակագրոհի հետեւանքով հայկական պաշտպանությունը սկսեց երերալ, Բաշ—Ապարանի աշխարհազորի լեգենդար առաջնորդ Արսեն Աղան, գնդացրով նետվելով առաջ, անընդմեջ կրակահերթերով թույլ չտվեց հակառակորդին զարգացնել հաջողությունը։ Հայ զինվորները, ովքեր պատրաստվում էին հետ քաշվել, հուժկու գրոհով նետվեցին թշնամու վրա եւ ստիպեցին նրան նահանջել։
Միրաքի կամրջի մոտ տեղի ունեցած մարտում իր անձնական խիզախությամբ եւ խելամտությամբ փայլեց չամռլեցի աշխարհազորային Սարգիս Սարգսյանը։ Երբ թուրքերը, 4 «Մաքսիմ» գնդացիրներ, բարձած 1 ուղտի եւ 1 էշի վրա, պատրաստվում էին դրանք տեղադրել առաջավոր գծում, հայ աշխարհազորայինը ոչնչացնելով ուղեկցող ասկյարներին՝ մինչեւ հայկական դիրքերը քշեց—բերեց թանկարժեք բեռով բեռնավորված ուղտին եւ էշին։
Մայիսի 28—ին ամբողջ ճակատով մեկ ծավալված արյունահեղ մարտերի մասին ահա թե ինչ է պատմում բաշգառնեցի հայտնի խմբապետ Մարտիրոս Աբրահամյանն իր հիշողություններում. «Լույսը նոր էր բացվում, երբ մեր կողմից ուժեղ հարձակում սկսվեց ամեն կողմից։ 6—րդ գնդի երկու գումարտակները եւ Կուռոյի հարյուրյակը առաջացան բավական։ Զեմլյակը մեկ հարձակումով գրավեց թշնամու առաջին դիրքերը։
Տաճիկները նահանջեցին եւ տեղափոխվեցին ավելի ամուր դիրքերում։ Զեմլյակի երկրորդ հարձակման ժամանակ թշնամին գնդացիրային ուժեղ կրակ բաց արեց նրա վրա։
Շարունակելի
Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր,
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան
|