ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 3 » Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
11:31
Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/

Արեւը նոր էր ծագել։
Դրոն տեղեկացրեց, թե Զեմլյակը սպանվել է եւ հարյուրյակը դուրս է եկել շարքից, հրահանգեց անմիջապես շարժման մեջ դնել հարյուրյակը (բաշգառնեցի Մարտիրոսի) եւ ստանձնել Զեմլյակի ճակատը։
Զեմլյակը հերոսական մահ էր ընդունել իր հարյուրյակի հետ...ողջ էր մնացել միայն գնդացիրային կոմանդը, շուրջ 10—ը հոգի։
Հարյուրյակն ամրացնելով դիրքերում՝ սկսեցի ուսումնասիրել շուրջս տեսնելու համար, թե ո՞ր կետից հնարավոր է հարձակում գործել եւ քիչ թվով զոհեր տալով՝ հետ շպրտել թշնամուն։
Ամենից հարմարը խճուղու կողմն էր։
Մեկ ջոկատ եւ երկու գնդացիր աննկատելի կերպով անցկացրի թշնամու աջ թեւը... Առաջին ջոկատը հակառակորդի թեւը հարվածելուն զուգընթաց, մոտեցրի երկու ջոկատ եւս, եւ մեր գնդացիրներն սկսեցին հնձել թշնամու բաց մնացած թեւից։
Երբ թշնամու շարքերը խառնվել էին իրար, մեկեն գրոհեցինք եւ հակառակորդին հարկադրեցինք քաշվել դեպի երրորդ գիծը։
Անհրաժեշտ էր ժամանակ չտալ թշնամուն, որ վերագտնի իրեն։
Գնդացիրները կրկին փոխադրելով նրա թեւը՝ շարունակեցինք հարվածել, որի հետեւանքով հնարավոր եղավ երեկոյան կողմը գրավել երրորդ գիծը։
...Այդ օրը ուժեղ մարտեր տեղի ունեցան բոլոր մասերում»։
—Մայիսի 29 — Երեկոյան ժ. 6—ին մոտ, հետ մղելով հակառակորդի ձեռնարկած մի քանի հակագրոհներ եւ վերջնականապես պարտության մատնելով նրան՝ հայկական ուժերը զբաղեցրին Դանագիրմազ գյուղ–Չնղըլ լեռ գիծը։
Բաշ—Ապարանի ճակատամարտի վերջին երեք օրերին (մայիսի 27—29) կրելով ծանր պարտություն եւ տալով մեծ կորուստներ՝ թուրքերը Շորագյալի (Շիրակի) գյուղերից բերեցին մեծ թվով սայլեր, որոնք մի քանի օր անընդմեջ տեղափոխում էին սպանված ասկյարների դիակները։ Դրանից հետո, ինչպես եւ սպասվում էր, բոլոր հայ սայլապանները հավաքվեցին եւ գնդակահարվեցին։
—Մայիսի 30 — Վաղ առավոտյան թուրքական հրամանատարության կողմից Հաջիխալիլ գյուղից ուղարկված թուրք բանագնացը հայկական կողմին հաղորդեց մայիսի 29—ին Բաթումում կնքված զինադադարի մասին՝ կապված հայկական պատվիրակության կողմից թուրքական եռօրյա վերջնագրի (մայիսի 26—29) ընդունման հետ։ Այդ պահից սկսած՝ ակտիվ մարտական գործողությունները Բաշ—Ապարանի ճակատում դադարեցվեցին։ Նույն օրը հակառակորդը Հաջիխալիլից ետ քաշվեց դեպի Նորաշեն։
—Մայիսի 31 — Հայկական կողմից կատարվեց ուժգին հետախուզություն Դանագիրմազ լեռան ուղղությամբ։
—Հունիսի 1 — Թուրքերի փորձը՝ հրետանային մարտկոց տեղադրել Բաշ—Ապարանից հյուսիս ընկած բարձունքների վրա, կասեցվեց հայկական հրետանու դիպուկ կրակով։
—Հունիսի 13 — Գեներալ Նազարբեկյանը դիմեց Քյազիմ Կարաբեքիր փաշային, խնդրելով ետ քաշել թուրքական ուժերը Բաշ—Ապարանի եւ Ղարաքիլիսայի ուղղություններում՝ դեպի Բաթումի պայմանագրով նախատեսված գիծը։
—Հունիսի 23 — Ռազմաճակատի հյուսիս—արեւմտյան կողմում թուրքերը ետ քաշվեցին դեպի Դուզքյանդ—Գյոզալդարա գիծը։
—Հունիսի 25 — Տեղեկություններ ստացվեցին, որ թուրքական 9—րդ դիվիզիան հայ խաղաղ բնակչության ջարդեր է կազմակերպել Սոգըթլի, Շիրվանջուղ, Մահմուդջուղ, Միրաք եւ Դոնդախսազ գյուղերում։
—Հունիսի 27 — Հակառակորդ կողմերը վերջնականապես ամրապնդվեցին հետեւյալ դիրքերում.
թուրքեր՝ Հայի—Գյոզալդարա — Ախկուլա — Մունջուխլի — Քեշիշքենդ — Չոբան Կարաքմազ
հայեր՝ Չընղըլ լ. — Դուզքյանդ — Ղոնդախսազ — Շողակաթ լ. — Դեւետաշ լ.։
Այս դրությունը պահպանվեց մինչեւ առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունը եւ նրա կողմից Անդրկովկասի ու Արեւելյան Հայաստանի պարպումը՝ 1918թ. նոյեմբերին։
Բաշ—Ապարանի ճակատամարտում հայկական զորքի տարած հաղթանակի նախադրյալները.
—    Գեն. Մ. Սիլիկյանի կողմից բաշապարանյան օպերատիվ ուղղության կարեւորության հստակ գիտակցումը, որի արդյունքում նա Բաշ—Ապարանի ճակատամարտի ամբողջ ընթացքում Սարդարապատի զորախմբից նորանոր ուժեր էր տրամադրում Դրոյին, ուժեր, որոնք շատ անհրաժեշտ էին նաեւ Սարդարապատի ճակատում։
—    Հայկական զորախմբի բարձր հրամանատարության (գնդ. Դոլուխանյան, գնդ. Զալինյան, գնդ. Կորոլկով եւ այլն) եւ հատկապես Դրոյի (Դրաստամատ Կանայան) ցուցաբերած ռազմական բարձր պրոֆեսիոնալիզմը, որով նա անառարկելիորեն գերազանցեց թուրքական հրամանատարությանը։
—    Սարդարապատի հերոսամարտում հայկական զորքերի տարած հաղթանակը, որով կանխվեց բաշապարանյան զորախմբին թիկունքից՝ հարավից հասցվելիք հնարավոր հարվածը։
—    Կանոնավոր զորքերի եւ աշխարհազորի ամբողջ անձնակազմի, շարքային մարտիկից մինչեւ բարձր հրամանատարություն, ցուցաբերած անձնազոհ խիզախությունը։
—    Բաշ—Ապարանի եւ Աշտարակի շրջանների հայ գյուղացիության հայրենասիրական պոռթկումը, որն արդյունք էր հետագա նահանջի կործանարարության գիտակցման։
—    Արամ Մանուկյանի՝ Արսեն Աղայի եւ Սեդրակ Ջալալյանի միջոցով Բաշ—Ապարանի շրջանում կատարված նախապատրաստական լայն աշխատանքը։ Օրհասական պահին շատ արագ կազմավորվեց հզոր աշխարհազոր, որը հերոսամարտի առաջին օրերին (մայիսի 22—23) միայնակ դիմագրավեց հարձակվող թշնամհւն, իսկ հետագայում էլ ուս ուսի տված մարտնչում էր կանոնավոր զորքերի հետ միասին։ Ճակատամարտի ընթացքում հայկական զորամասերը համալրվեցին մեծաթիվ աշխարհազորայիններով։
1918թ. մայիսյան երեք հերոսամարտերից (Սարդարապատ, Բաշ—Ապարան, Ղարաքիլիսա) հայ աշխարհազորը եւ կամավորական ջոկատներն առավել լայնամասշտաբ մասնակցություն ունեցան հենց Բաշ—Ապարանի հերոսամարտին։
—    Ռազմաճակատ—թիկունք միասնությունը։ Ճակատամարտի ամբողջ ընթացքում հայկական զորքերը պարենի եւ տրանսպորտային միջոցների որեւէ պակաս չզգացին՝ շնորհիվ հայ զորքի հանդեպ հայ գյուղացիության ունեցած արտակարգ ջերմ վերաբերմունքի։
—    Հայ հոգեւորականության անուրանալի դերը հայ զորքին ոգեշնչելու, իսկ մի շարք դեպքերում էլ նրան մարտի առաջնորդելու գործում։ Բաշ—Ապարանի հերոսամարտին մասնակցեցին զգալի թվով հոգեւորականներ, իսկ 5 աշխարհազորային ջոկատներ ղեկավարվում էին հենց անմիջականորեն նրանց կողմից։
—    Բաշ—Ապարանի հերոսամարտում նվաճված հաղթանակում, այնուամենայնիվ, հատուկ պետք է ընդգծել Դրոյի բացառիկ ներդրումը։ Այս առումով մեծ հայրենասերի ու զորավարի հանդեպ ապարանցիների հատուկ վերաբերմունքի արտահայտություն է մայիսյան հաղթանակներից ուղիղ մեկ տարի հետո տեղի ունեցած հետեւյալ ուշագրավ դիպվածը։ 1919թ. մայիսի 28—ին, Հայաստանի անկախության հռչակման մեկամյա տարեդարձին նվիրված տոնակատարության կապակցությամբ, երկրի տարբեր վայրերից կառավարությանը հղված խնդրագրերում եւ շնորհավորանքներում կար մեկը՝ ուղարկված ապարանյան հասարակության կողմից։ Այդ խնդրագրով կառավարությանն առաջարկվում էր Բաշ—Ապարանը վերանվանել Դրոբերգ՝ ի պատիվ Դրոյի։ Դրանով ապարանցիները ցանկանում էին արտահայտել իրենց երախտագիտությունը տաղանդավոր զորավարին ու նաեւ ընդգծել այն մեծ դերակատարությունը, որ նա ունեցավ Բաշ—Ապարանի հաղթական հերոսամարտում։
1918—ի ճակատագրական մայիսից տասնամյակներ անց՝ 2000թ., մեծ հայրենասերն ու մեծ զորավարն իր վերջին հանգրվանը գտավ ապարանյան հերոսական հողում։ 1956թ. մարտի 8—ին հեռավոր Բոստոնում վախճանված եւ այնտեղ հանգչող Զորավարի աճյունը տեղափոխվեց Հայաստան ու զինվորական արտակարգ պատիվներով ամփոփվեց Ապարանի 1915թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի, Բաշ—Ապարանի ու Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող փառահեղ հուշակոթողի ստորոտում։ Դա մեծ հայի կտակն էր, վերջին ցանկությունը՝ ընդմիշտ լինել հանուն Հայաստանի՝ Բաշ—Ապարանի հերոսամարտում ընկած իր զինվորների կողքին։


Ղարաքիլիսայի հերոսամարտը
 

—Մայիսի 18 — Հայկական կորպուսի 1—ին դիվիզիայի հրամանատար, գեներալ Մ. Արեշյանը զեկուցում է կորպուսի հրամանատարությանը, որ զանգվածային դասալքության հետեւանքով Ալեքսանդրապոլից Ղարաքիլիսա նահանջող իր դիվիզիայում մնացել է ընդամենը 800 հոգի։
Կանխատեսելով գալիք վտանգները եւ ձգտելով խուսափել պատասխանատվությունից, պարտվողական դիրքորոշում ունեցող եւ լիակատար խուճապի մատնված այդ փոքրոգի գեներալը՝ ձեւանալով հիվանդ, հրամանատարությունը փոխանցեց գնդ. Ալ. Բեյ—Մամիկոնյանին։ Հայրենիքի համար այդ օրհասական պահին, նա արձակուրդ խնդրեց գեն. Թ. Նազարբեկյանից, ստացավ այն եւ մեկնեց Թիֆլիս։ Հայկական կորպուսի շտաբի պետ, գեն. Ե. Վիշինսկին պահանջեց տրիբունալով դատել գեներալ դասալիքին, բայց անարդյունք...
—Մայիսի 21 — Թուրքերն առանց կռվի գրավեցին ճանապարհային կարեւոր հանգույց Համամլուն եւ շարունակեցին առաջխաղացումը։ Հայկական ուժերը նահանջեցին դեպի Ղարաքիլիսա. նրանց հրամայվեց ետ քաշվել դեպի Դիլիջան։ Մայիսի 21—22—ի ընթացքում հայ զորքը, խառնված բազմահազար գաղթականությանը, անկանոն կերպով ետ քաշվեց Դիլիջան. դեպքերի ականատես Մուշեղ Ղազարյանը հետեւյալ կերպ է ներկայացնում ստեղծված իրավիճակը. «Փախստական կարավանի հանգրվանը սկսվում էր Համամլվից մինչեւ Համզաչիմանի բարձունք — շուրջ 30 վերստ (32 կմ) տարածություն։
...Համամլու գյուղն առանց դիմադրության անձնատուր եղավ։ Այս լուրը կայծակի արագությամբ անցավ փախստական կարավանի մի ծայրից մինչեւ մյուսը, համակեց ամենքին ահ ու սարսափ, խուճապն ու լքումն ավելի սաստկացավ»։
Որպես այդ խուճապի լավագույն վկայություն՝ մայիսի 22—ի առավոտյան ժ. 9—ին Ղարաքիլիսայից ստացվեց կեղծ հաղորդագրություն, որ իբր այն գրավված է թշնամու կողմից, իրականում թուրքական առաջապահը հասել էր մինչեւ Ղշլաղ գյուղ, այլ տվյալներով՝ մինչեւ Արջուտ։
Ղարաքիլիսայից դեպի Դիլիջան նահանջի ժամանակ հայկական հրամանատարությունը Ղշլաղի մոտ, բաց դաշտում թողել էր 2000 ռազմագերի ասկյարներ... որպես «նվեր» հարձակվող թշնամուն, որին ի պատասխան վերջինս լիուլի «հատուցեց» ճակատամարտի վերջում՝ գլխովին ոչնչացնելով հայ ռազմագերիներին։
—Մայիսի 22 — Երկօրյա մարտերից հետո Անդրանիկը թողեց Ջալալօղլին եւ նահանջեց Դսեղ, ուր հասավ մայիսի 23—ին։ Ջալալօղլու անկումով իրական սպառնալիք ստեղծվեց հյուսիսից դեպի Ղարաքիլիսա թշնամու հնարավոր հարձակման համար։
— Մայիսի 23 — Կրկնվեց դեպի Դիլիջան Ղարաքիլիսայի ջոկատի նահանջի հրամանը եւ նույն օրն էլ այն վերացվեց. որոշվեց հակառակորդին կանգնեցնել... Ղարաքիլիսայի տակ, երբ հայկական զորքն արդեն իսկ կուտակվել էր Դիլիջանում։ Մինչ այդ, Ղարաքիլիսայի ջոկատին տրվել էր եւս մեկ՝ դեպի Շահալի կայարան նահանջի հրաման, որը չէր կատարվել։ Ուշացած եւ իրար հակասող այդ հրամանները հայկական հրամանատարության՝ որեւէ քննադատությունից ցածր գործելակերպի վկայությունն էին։
—Մայիսի 24 — Գեներալ Նազարբեկյանի հրամանով (մայիսի 16) Դիլիջան ժամանեց Ղազախի տարածքային գունդը՝ համալրելու համար Ղարաքիլիսայի քայքայված ջոկատը։
Սարդարապատի ռազմաճակատում սկսված հայկական զորքերի հաջող հակահարձակման եւ այդ կապակցությամբ մայիսի 23—ին գումարված միտինգում շտաբս—կապիտան Գուրգեն Մովսիսյանցի եւ Գարեգին Նժդեհի բոցավառ ելույթների ազդեցությամբ՝ Ղարաքիլիսայի ջոկատը վերակազմակերպվեց եւ մայիսի 24—ին մարտական կարգով վերադառնալով՝ վերագրավեց 2—3 օր առաջ իր կողմից լքված Ղարաքիլիսան։ Ահա թե ինչ է ասում այդ պատմական միտինգի մասին իրադարձությունների մասնակից, կապիտան Սրտավազդ Հարությունյանը. «Նժդեհը շատ անգամ ոգեշունչ խոսք ուղղած էր բազմության, ի մասնավորի մարտական ուժերուն։ Բայց Ղարաքիլիսեի ճակատամարտի նախօրեին արտասանած ճառով ինքն իրեն գերազանցեց։

Շարունակելի

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, 
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Դիտումներ: 417 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024