ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 10:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 12 » Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
14:08
Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/

Ղարաքիլիսայի ճակատամարտի սկզբում՝ մայիսի 24—25—ի գիշերը, թուրքական այդ գնդի հետախուզությունն արդեն հասել էր Միսխանայի ձորը եւ մտել հյուսիս— արեւմտյան կողմից նրա առաջին՝ Նովոմիխայլովկա (Միսխանա) հունաբնակ գյուղը։
Ժ. 15—ին հակառակորդը վճռական հարձակման անցավ նաեւ հայկական աջ թեւի դեմ։ Գյառգյառից առաջացող թուրքական 2000—անոց ջոկատը գրոհեց Բզովդալի լեռնանցքում եւ նրանից հարավ կանգնած տեղական ուժերը եւ 1—ին Հավաքական գնդի զորամասերը (Բզովդալ — 2 վաշտ՝ 2 հրանոթով, Խանջուղազ —1 հետախուզական հեծելավաշտ), որոնք չդիմանալով ուժեղ ճնշմանը, նահանջեցին մասամբ Ահմեդաղյուրտ լեռ, մասամբ էլ՝ Ղշլաղ։ Հակառակորդի մեկ այլ՝ 700 հոգանոց զորասյուն ստիպեց նահանջել Իրխանլի ձմեռոցը պաշտպանող հայկական ուժերին։ Դեպի Ահմեդաղյուրտ լեռ թուրքերի ճեղքումը կասեցնելու նպատակով՝ Ղորղանյանը ուղարկեց իր վերջին պահեստային ուժը՝ 2 վաշտ, զբաղեցնելու համար «Կոտրած եկեղեցուց» հյուսիս—արեւելք ընկած բարձունքները, այդ ընթացքում հակառակորդը գրավեց հայկական աջ թեւում գտնվող 965 բ—ն։
Ողջ օրվա ընթացքում թշնամու ճնշումը շատ ուժեղ էր նաեւ կենտրոնում՝ Դարբաս—Հաջիղարա հատվածում, ուր իրենց հերոսությամբ հատկապես աչքի ընկան Նժդեհի եւ ղշլաղեցի Արմենի խմբերը։
—Մայիսի 27—ի օրվա վերջում հստակ կերպով ուրվագծվեց թուրքական հրամանատարության պլանը՝ հարավից եւ հյուսիսից կատարվող հայկական թեւերի խոր շրջանցումներով լիովին շրջապատել եւ ջախջախել Ղարաքիլիսայի ջոկատը՝ դրանով իսկ բացելով դեպի Ղազախ, Թիֆլիս, ինչպես նաեւ Երեւան (հյուսիս—արեւելքից) տանող ուղիները։ Ստեղծված դրությունը հայկական կողմի համար օրհասական էր դառնում ոչ միայն պահեստային ուժերի իսպառ բացակայության, այլեւ զինամթերքի վերահաս սպառման պատճառով։ Միայն մի հանգամանք կարող էր կանխել մոտեցող աղետը եւ նույնիսկ թեքել հաղթանակի նժարը մեր օգտին՝ Անդրանիկի օգնության հասնելը մայիսի 28—ին։ Ստեղծված ճակատագրական իրավիճակը հետեւյալ կերպ է ներկայացնում Ավ. Ահարոնյանը. «Անդրանիկից լուր չկար։ Առավոտից սկսած (մայիսի 27—ին բոլորի աչքը դարձած էր այն կողմը, որտեղից նա կարող էր հանկարծ հայտնվել իր երեք հազարանոց լավ սպառազինված գնդով։ Եվ նա չկար ու չկար, եւ եթե մինչեւ լուսաբաց Անդրանիկը կամ որեւէ այլ օժանդակ ուժ չհասներ, մերոնց վիճակը օրհասական դառնալու չափ վտանգված կարելի էր համարել»։
—Մայիսի 28 — Լուսաբացին, համաձայն Բեյ—Մամիկոնյանից գիշերը ստացված հրամանի՝ Ն.Ղորղանյանը զբաղեցրեց Ահմեդաղյուրտ լ. — դրանից հարավ—արեւմուտք ընկած բարձունքներ — Ղշլաղ բնագիծը։ 5—րդ լեռնային մարտկոցը Դարբասի իր դիրքերից ետ բերվեց մասամբ Ղշլաղ (1 հր.), մասամբ էլ Ղարաքիլիսա (3 փչացած հրանոթներ)։ Ղշլաղ բերվեց նաեւ 6—րդ մարտկոցը։
Վաղ առավոտից վերսկսելով հարձակումը, թուրքական հրամանատարությունը շտապում էր զարգացնել նախօրեին ձեռք բերված խոշոր հաջողությունները՝ դրանք հասցնելով ցանկալի վախճանի։ Ժամը 9—ին հակառակորդը գրավեց Շորադաղ լեռը՝ խոր կերպով շրջանցելով Ղորղանյանի եւ ամբողջ հայկական պաշտպանության աջ թեւը։ Ղշլաղից հայկական հրետանու կրակը ի վիճակի չեղավ կասեցնելու թուրքերի այդ զորաշարժը։ Որպես ուշադրություն շեղող քայլ, վերջինները ցուցադրական հարձակում կազմակերպեցին նաեւ ճակատի կենտրոնում՝ 750 բ ի եւ Ղշլաղի վրա։
Հայտնվելով կիսաշրջապատված վիճակում, գնդապետ Ն.Ղորղանյանը ետ չքաշեց իր ուժերը՝ հույսը դնելով մայիսի 27—28—ի գիշերը Բեյ—Մամիկոնյանից ստացված այն հրամանի վրա, որով տեղյակ էր պահվում Անդրանիկի կողմից սպասվող օգնության մասին.
«Գնդապետ Ղորղանյանին.
Վաղը առավոտյան գեներալ Անդրանիկի ջոկատը Քոլագերանից շարժվում է Ղարաուլ—թափա լեռան, Դաշքեսանի վրայով, հարվածելու համար Ձեր աջ թեւի վրա հարձակվող թուրքերի խմբավորման թիկունքին։ Ընդունեք դա ի գիտություն՝ կոորդինացնելու համար ձեր գործողությունները եւ հայտարարեք այդ մասին ջոկատին (Հավաքական հեծյալ ջոկատին)։ Ամուր դիմացեք, մինչեւ Անդրանիկի հասնելը»։
Անդրանիկը, ինչպես արդեն ասվել է, իր բրիգադով (3 000 սվին եւ սուր) 1918թ. մայիսի 15—ից, այսինքն՝ Ալեքսանդրապոլի անկումից հետո, թուրքական 5—րդ դիվիզիայի ճնշման ներքո՝ Ախուրյանի ափին գտնվող Բանդիվան գյուղից նահանջել էր մինչեւ Ջալալօղլի։ Երկօրյա մարտերում (մայիսի 21—22–ը) չկարողանալով հակառակորդին կասեցնել նաեւ այդ բնագծում, նա անցել էր Դսեղ, որտեղ եւ մնաց Ղարաքիլիսայի ճակատամարտի ամբողջ ընթացքում։
Մայիսի 28—ի առավոտյան թշնամին վճռական հաջողության հասավ նաեւ ռազմաճակատի հարավային թեւում. Գյադա—Մայմեխից հասցված ուժեղ հարվածով թուրքերն ընկճեցին հայկական ձախ թեւի դիմադրությունը եւ խորը շրջանցումով դուրս եկան Ղարաքիլիսայի թիկունքը՝ Դիլիջանի խճուղու վրա գտնվող Վարդանլու գյուղը. դրանով դեպի Դիլիջան հայկական զորքերի մի զգալի մասի նահանջի ճանապարհը փակվեց։ Ձախ թեւում մարտնչող հայկական ուժերը ետ քաշվեցին գյուղաքաղաքին ավելի մոտ գտնվող Վանա ձոր — «Բոլոր քար» վայրը։
Ստեղծված ճգնաժամային իրադրությունում, ուղիղ կեսօրին (ժ. 12—00) Ն.Ղորղանյանը Բեյ—Մամիկոնյանից ստացավ հրաման (ստորագրված 27 մայիսի, ժ. 17—ին)՝ ետ քաշվել 829 բ. — Յաղուբլի—Վարդանլի գիծը։ Այս հրամանի իրագործումը, սակայն, մեկ ժամով ուշացավ՝ «շնորհիվ» Ղարաքիլիսայի ջոկատի (նաեւ 1—ին դվզ.—ի) շտաբի պետ՝ փոխգնդ. Մացնեւի, որը հենց առաջավոր գծում Ղորղանյանին հավաստիացրեց, թե շուտով հայկական աջ թեւը շրջանցող թուրքերը հակահարված կստանան օգնության շտապող Անդրանիկի, իսկ ձախ թեւը՝ գնդ. Սամարցյանի կողմից։ Այդ մասին Ավ. Ահարոնյանը գրում է. «Իզուր սպասեցինք Անդրանիկին, նա չկար եւ չպիտի հայտնվեր։ Նրա ունեցած մի քանի հազար զինվորների (3—3,5 հազ.) մեկ յոթերորդն անգամ բավական պիտի լիներ, կտրելով երկաթուղու գիծը, գալ ու թառել Ղարաքիլիսան եզերող արեւելյան բարձունքներին։ Այդ անելով՝ նա ոչ թե միայն ձախողանքի մատնած կլիներ մեր զորքերը Ղարաքիլիսայի մեջ շրջապատելու թշնամու հարցը, այլեւ մեզ հնարավորություն կընձեռեր, ռազմագիտական աքցանի մեջ առնելով թշնամուն, դեպի Ալեքսանդրապոլ շպրտել նրան»։
Ժ.13—ին արագորեն ետ քաշվելու հրամանը կրկնվեց Բեյ—Մամիկոնյանի կողմից, բայց դրանից մոտ 1 ժամ առաջ արդեն Վարդանլուի ճանապարհը գրավվել էր թշնամու կողմից, մինչ այդ դեպի Նիկիտինո—Դիլիջան էր նահանջել գնդ. Սամարցյանը՝ իր հավաքական գնդի մնացորդներով եւ ձախ թեւի մի քանի այլ ստորաբաժանումներով։ Իրադրությանը անտեղյակ, Ղորղանյանը իր շտաբով ետ քաշվեց Ղարաքիլիսա, բայց հայկական 1—ին հրետանային դիվիզիոնի հրամանատար գնդ. Վլադիմիրովից իմանալով, որ դեպի Դիլիջան նահանջի ուղին արդեն փակ է, ստիպված էր իր եւ այլ զորամասերի մնացորդների հետ (հրետանային մարտկոցներ, 4—րդ գունդ, գնդ. Եֆրեմովի ռուսական սպայական ջոկատ եւ այլն) երկաթգծով նահանջել դեպի հյուսիս՝ Շահալի կայարան։
Նահանջի ճանապարհին, քաղաքից 2.5 կմ—ի վրա, փոխադրման անհնարինության պատճառով, գվարդիայի շտաբս—կապիտան Վեքիլյանի հրամանով՝ բոլոր հրանոթները փչացվեցին եւ նետվեցին գետը։
Օրվա վերջում հայկական նահանջող զորամասերը կենտրոնացան Շահալի գյուղում, ուր հեռագրով տեղեկացվեց, որ նահանջողների հետեւից շարժվում է թուրքական հեծելազորը։
Դարաքիլիսայից դեպի Շահալի Ղորղանյանի ջոկատի մեծ մասի նահանջից անմիջապես հետո, երկաթգիծը նույնպես կտրվեց թշնամու կողմից, որով Ղարաքիլիսան ամբողջությամբ հայտնվեց շրջապատման օղակում։ Շրջապատման մեջ մնացած հայ զինվորները եւ սպաները 3—4 ժամյա կատաղի մարտում լրիվ սպառելով զինամթերքը, մասամբ զոհվեցին, մասամբ էլ գերի ընկան (1000 հոգի)։ Մայիսի 28—ի երեկոյան ժ.4—ին, թուրքական 11—րդ դիվիզիայի առաջապահը մտավ Ղարաքիլիսա։
Հետագա 3 օրերի ընթացքում (մայիսի 29—31) գյուղաքաղաքը եւ նրա շրջակա գյուղերը դարձան թուրքական աներեւակայելի գազանությունների զոհը։ Մեծ թվով խաղաղ բնակչության հետ միասին գնդակահարվեց նաեւ ամբողջ հայ գերի զինվորականությունը։
Լոռու արեւելյան հատվածի եւ Փամբակի թուրքական 6—ամսյա օկուպացիայի ընթացքում ոչնչացվեց մոտավորապես 7000 մարդ, նյութական վնասը կազմեց 30.5 մլն ռուբ.՝ 1914թ. գներով։ Ի հավելումն այդ ամենի՝ Լոռի—Փամբակից 8000 տղամարդ քշվեց Էրզրում՝ տաժանակիր աշխատանքի. Ա աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանցից վերադարձավ ընդամենը 600—ը։
—Մայիսի 29 — Քոլագերան կայարանում գնդ. Ն.Ղորղանյանին ներկայացավ Անդրանիկի սուրհանդակը՝ նրան իր ջոկատով հրավիրելով Դսեղ՝ Անդրանիկի մոտ։ Նահանջող զորքերին հրամայելով կանգ առնել կայարանում, Ղորղանյանն իր շտաբով բարձրացավ Դսեղ՝ Անդրանիկի մոտ։ Այդ հանդիպման մասին հայրենասեր գնդապետը հետագայում գրել է. «Իհարկե, իմ առաջին հարցը Անդրանիկին եղավ՝ թե ինչո՞ւ նա դուրս չեկավ իմ աջ թեւը։ Անդրանիկն ինձ ցույց տվեց գեն. Նազարբեկովի հեռագիրը, որի համաձայն նա պետք է պաշտպաներ երկաթուղին։
Փաստը մնում է փաստ, որ Մեծ Ղարաքիլիսայի արեւմտյան մատույցներում հայկական մոտ 7000—անոց զորախումբը 4 օր շարունակ դաժան ճակատամարտ էր մղում կենդանի ուժով եւ սպառազինությամբ իրեն զգալիորեն գերազանցող թուրքական ուժերի դեմ, իսկ Անդրանիկն իր 3000—անոց բրիգադով, շատ մոտ գտնվելով ճակատամարտի վայրին, մնաց անհաղորդ այդ ամենին։
Վերադառնալով Ղորղանյան—Անդրանիկ հանդիպմանը՝ նշենք, որ վերջինս որոշ տատանումներից հետո, որոշեց անցնել Դիլիջան։ Անդրանիկի հետ հանդիպումից հետո գնդ. Ղորղանյանն իր ջոկատի հիմնական մասով (փոքր մասը միացավ Անդրանիկի զորքին) հասավ Սանահին կայարան, ուր կուտակված հայ զինվորականության թիվը կազմում էր մոտ 2000 հոգի։ Ստեղծված իրադրությունում (չկար զինամթերք եւ պարեն), ջոկատի՝ որպես մարտական միավորի հետագա գոյությունը համարելով աննպատակահարմար, Ն.Ղորղանյանը ազատ արձակեց այն, կարգադրելով հայ զինվորներին ցրվել եւ տարրալուծվել հայկական գյուղերում, իսկ ինքն անձամբ՝ 30 սպաների հետ անցավ լեռները եւ մոտ երկշաբաթյա դեգերումներից հետո հասավ Դիլիջան։
Դեպի հյուսիս շարժվող հայ զինվորականության հիմնական մասը ունեցավ ողբերգական վախճան։ Մայիսի 31—ին նրանցից մոտ 800 հոգի Աղքեորփի եւ Քափանակչի գյուղերի մոտ շրջապատվեցին թուրքական զորքերի եւ տեղի թուրք բնակչության հրոսակախմբերի կողմից եւ ամենադաժան կերպով ոչնչացվեցին։
—Մայիսի 30 — Հայկական կորպուսի շտաբը Դիլիջանից տեղափոխվեց Ն.Ախտա։
Անդրանիկն իր բրիգադի եւ 20000—ի հասնող գաղթականության հետ միասին Դսեղից անցավ Դիլիջան եւ Նազարբեկյանի հրամանով ստանձնեց Դիլիջանի եւ նրան հարող շրջանի պաշտպանությունը, նահանջ թույլատրվում էր միայն թշնամու կողմից ուժեղ ճնշման դեպքում։
Սակայն դեպի Դիլիջան թուրքերի առաջխաղացում տեղի չունեցավ։ Չնայած Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին, բայց թուրքական զորքերն իրենց հերթին տվեցին շատ մեծ կորուստներ եւ չհամարձակվեցին այլեւս շարունակել հարձակումը Դիլիջան—Ղազախ ուղղությամբ, որը դեպի Գանձակ—Բաքու նետվող թշնամու համար գլխավոր ուղղությունն էր։ Հենց այդ ծանր կորուստները եւ Անդրանիկի կողմից Դիլիջանի մատույցները ամուր կերպով փակելը, ինչպես նաեւ Բաշ—Ապարանի ճակատում թուրքերի կրած պարտությունը (Դրոն կարող էր դուրս գալ Համամլու՝ թուրքական 11—րդ դիվիզիայի թիկունքը) եղան այն հիմնական պատճառները, որոնք ստիպեցին թուրքերին կտրուկ կերպով փոխել հարձակման ուղղությունը՝ Շուլավեր—Թիֆլիսից դեպի Ղարաքիլիսա։ Այս տեսանկյունից գնահատելով ճակատամարտի արդյունքները, կարելի է ասել, որ թուրքական կողմը շահեց ճակատամարտը, բայց չկատարեց իր առջեւ դրված գլխավոր խնդիրը, այն է՝ ճեղքում իրականացնել Ղարաքիլիսա—Դիլիջան գլխավոր օպերատիվ ուղղությամբ եւ դուրս գալ դեպի Ղազախ։
Կողմերի կորուստները ճակատամարտի ընթացքում կազմեցին, հայեր — ընդամենը՝ 2500, որից 1500 սպանված եւ վիրավոր, 1000 գերի։ Թուրքեր — գրեթե նույնքան, միայն սպանված 1000—ից ավելի։
—Հունիսի 1 — Նիկիտինոյի մոտ հայտնաբերվեց թուրքական հետախուզություն։ Հետագա օրերին, ընդհուպ մինչեւ Թուրքիայի պարտությունը 1—ին աշխարհամարտում, թուրքական առաջապահը կանգնած էր Վոսկրեսենկայից արեւելք, իսկ հայկականը՝ Համզաչիմանում եւ Նիկիտինոյում. թուրքերը Լոռի Փամբակից սկսեցին հետ քաշվել հոկտեմբերի 18—ին։
Թուրքական 11—րդ դիվիզիայի հրամանատարի կողմից Անդրանիկը ստացավ նամակ՝ զինադադարի վերաբերյալ, գեն. Նազարբեկյանը թուրքական առաջարկին պատասխանեց համաձայնությամբ։
—Հունիսի 4 — Անդրանիկը զեկուցագիր ներկայացրեց Հայկական կորպուսի հրամանատարությանը այն մասին, որ Բաթումի ամոթալի հաշտության հետեւանքով ինքը թողնում է ռազմաճակատը, որի արդյունքում նրա բրիգադը հեռացվեց կորպուսի կազմից։
Երեւանի Հայոց ազգային խորհրդին Անդրանիկի ուղարկած մեղադրական հեռագրում ասված էր. «Վեց հարյուր տարվան ստրկության շղթան դարձյալ ձեր վիզն ու ոտքը կանցնեք ձեր ձեռքով։ Չեմ կրնար այս պայմաններուն հանդուրժել, մոռանալ մեր երեսուն տարվան զոհերը եւ մեկ միլիոն նահատակները։ Ստացեք ինձմե Տիլիճանը, որպեսզի ես մեկնիմ ուր որ կուզեմ»։
—Հունիսի 6 — Անդրանիկն իր բրիգադի եւ բազմահազար գաղթականության գլուխ անցած Դիլիջանից անցավ Ելենովկա։ Դիլիջանի ուղղությունը պաշտպանող Անդրանիկի զորամասին Նազարբեկյանի հրամանով (մայիսի 29—ի) փոխարինեց Վանի բրիգադը (հրամ. գնդ. Տ.Բաղդասարյան)։
—Հունիսի 14 — Վրաց—գերմանական զորքերի առաջխաղացումը Սադախլո—Սանահին երկաթգծով, թուրքերը նահանջեցին Սանահինից զգալիորեն հարավ՝ Քոբեր եւ Քոլագերան կայարանների միջեւ ընկած շրջանը։ Այսպիսով Լոռու թուրքական գրավման տակ գտնվող մասը վերաբաժանվեց երկու՝ թուրքական եւ վրաց—գերմանական օկուպացիոն գոտիների, որոնց սահմանագիծը դարձավ Կամենկա (Չորագետ) գետը։ Կամենկայի աջ՝ թուրքական ափի սահմանային բնակավայրերն էին Նովոպոկրովկա, Ջալալօղլի, Նիկոլաեւկա, Վարդաբլուր, Կուրթան, Դարաքենդ գյուղերը՝ մինչեւ Մարց։ Իսկ ձախ՝ վրաց—գերմանական ափի սահմանային գյուղերն էին Վորոնցովկա, Հայդարբեկ, Ալեքսանդրովկա, Մաղարթ, Ծաթեր՝ մինչեւ Քարինջ։ Լոռու մնացած՝ արեւելյան մասը գտնվում էր հայկական վերահսկողության տակ։ Այս դրությունը պահպանվեց մինչեւ հոկտեմբերի վերջը՝ թուրքերի կողմից Լոռու պարպումը։
Ղարաքիլիսա—Համամլուից դեպի Բաթումի սահմանագիծը թուրքական ուժերը ետ քաշելու գեն. Նազարբեկյանի մի շարք խնդրանք—հիշեցումները (հունիսի 13 եւ 30, հուլիսի 12 եւ 29) հակառակորդ կողմին՝ մնացին անհետեւանք։
«Բաթումի դաշնագրությունից հետո էլ տաճիկները շարունակեցին մնալ մեր տերիտորիայում՝ Լոռի, Փամբակ, Ղարաքիլիսայում։ Շատ անգամ բողոքներ են եղել մեր կողմից տաճիկ կառավարությանը՝ մաքրելու մեր տերիտորիան, սակայն նա ռազմական որոշ նկատառումներ մեջ բերելով, շարունակել է մնալ իր տեղում, հայտարարելով, որ ժամանակավոր է լինելու իրենց մնալը» (հատված Հայաստանի խորհրդարանի 1918թ. հոկտ. 27—ի նիստի արձանագրությունից)։
Այդ «ժամանակավոր մնալը» թուրքերի կողմից շարունակվեց մինչեւ 1918 թ. հոկտեմբերի 19–ը, երբ նրանք պարպեցին Լոռին եւ ետ քաշվեցին դեպի Ջաջուռ։ Չորս ամիս շարունակ, ապօրինաբար իրենց ձեռքում պահելով Լոռի—Ղարաքիլիսայի պլացդարմը՝ թուրքերը հետապնդում էին հետին նպատակ։ Այն է՝ մշտական սպառնալիքի տակ պահել Բաշ—Ապարանի եւ Դիլիջանի օպերատիվ ուղղությունները՝ չհրաժարվելով իրենց հարմար պահին Երեւանին հյուսիսից եւ, հնարավոր է, հյուսիս— արեւմուտքից (Սեմյոնովկայի լեռնանցք) հարվածելու հնարավորությունից։
Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական զորքի պարտության պատճառները.
—Թուրքական կողմի կենդանի ուժի եւ սպառազինության մեծ գերակշռությունը։
—Հայկական զորքերի զինամթերքի լրիվ սպառվելը՝ հրամանատարության հանցագործ անփութության հետեւանքով։
—Հայկական հրամանատարության շատ վատ մարտավարությունը, թեւերը մնացել էին գրեթե անպաշտպան։ Չկար անհրաժեշտ մակարդակի փոխգործողություն Ղարաքիլիսայի ջոկատի տարբեր զորամասերի միջեւ։ Դրան հակառակ, թուրքական հրամանատարությունը լիովին տիրապետում էր իրադրությանը՝ ժամանակին կատարելով մի շարք հմուտ զորաշարժեր, մասնավորապես խորը թեւանցումներ, ճիշտ է՝ այդ ամենը իր ունեցած ուժերի մեծ գերակշռության շնորհիվ։
— Ճակատամարտի ամբողջ ընթացքում, ի տարբերություն հակառակորդի՝ հայկական ուժերը չթարմացվեցին եւ չհամալրվեցին՝ պահեստային ուժերի բացակայության հետեւանքով։
—Ճակատամարտի ամբողջ ընթացքում Անդրանիկն իր բրիգադով մնաց Դսեղում՝ դիտողի դերում։

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 508 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024