Աշխարհը մտել է այնպիսի փուլ, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգն այլեւս չի գործում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով անկախությունների մասին հանրաքվեներին՝ Իսպանական Կատալոնիայի հոկտեմբերի 1—ին նախատեսվող անկախության հանրաքվե, սեպտեմբերի 25—ին՝ Իրաքի տարածքում Քրդական պետության անկախության հանրաքվե եւ այլն։
Խոսելով այն մասին, թե ինչ զուգահեռներ կարող ենք անել նման հանրաքվեների ֆոնին ԼՂ հակամարտության հարցում, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե աշխարհակարգն այլեւս չի կարող ապահովել այն ստատուս քվոն, որին ինքը ձգտում էր։ Իսկ հիմնական քաղաքական վեկտորները, ըստ նրա, երեքն են՝ ԱՄՆ—ն է, Չինաստանը եւ Ռուսաստանը։
«Ի տարբերություն «սառը պատերազմի» ժամանակ, երբ ուժի երկու կենտրոնները լիովին իշխում էին աշխարհը, հիմա դա հնարավոր չէ, եւ փոքր ու միջին պետություններն ազատ գործելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում»,–ասաց նա։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ դա բերում է նաեւ նրան, որ փոքր պետություններն ազգային խնդիրներ են դնում եւ կարողանում են համախմբվել այդ խնդիրների շուրջը եւ հնարավորություն են ստանում հասնել իրենց նպատակներին. «Այս առումով Արցախի պայքարն անկախության համար ստրատեգիական առումով ունի մեծ հնարավորություններ՝ հասնելու աշխարհի կողմից ճանաչման»։
Հարցին, թե Հայաստանի անվտանգության տեսանկյունից ինչ զարգացումներ կարելի է տեսնել Մերձավոր Արեւելքի փոփոխությանը զուգահեռ, քաղաքագետը պատասխանեց, որ մեզ նման պետություններն ստանում են ե՛ւ վտանգներ, ե՛ւ հնարավորություններ։
Ըստ նրա՝ Թուրքիայի եւ Իրանի հակասությունները մեծանում են, եւ հիմնական պատճառն այն է, թե ով է ստանալու տարածաշրջանում իշխողի դերը։ «Երկու երկրների ամբիցիաներն էլ բավական մեծ են։ Այս առումով, եթե որոշակի համագործակցության եզրեր էլ նկատում ենք, ապա դրանք տակտիկական են»,–ասաց նա։
Իսկ Հայաստանի համար հնարավորությունները, ըստ նրա, կապված են այն վերաձեւավորումների հետ, որ պետք է մոտակա շրջանում լինեն. «Քրդական պետության ստեղծումը նշանակում է, որ սահմանները փոխվում են, իսկ այս նոր աշխարհակարգը տարածաշրջանային առումով, որպես քննարկումների հիմք պետք է ընդունի Սեւրի պայմանագիրը, որովհետեւ միակ միջազգային փաստաթուղթն է, որը 20—րդ դարի սկզբում ընդունվել է եւ հիմք պետք է ձեւավորի նոր վերաձեւավորումների համար։ Ուզած–չուզած պետք է վերադառնան այս պայմանագրին, եւ այս առումով մենք պետք է պատրաստ լինենք»։
Դա ոչ միայն Մերձավոր Արեւելքին է վերաբերում, այլ նաեւ ՀՀ—ին։ «Մենք պետք է կարողանանք մեկ անգամ եւս արդիական դարձնել ներկա քաղաքականության օրակարգային խնդիրը»,–ասաց նա եւ հստակեցրեց, որ հեռու է այն մտքից, թե Հայաստանին սկուտեղի վրա կմատուցեն Սեւրի պայմանագրով հաստատված սահմանները, բայց որ հաշվի կառնեն, ըստ նրա, հնարավոր է։
|