Նիկոլ Փաշինյանը նախօրեին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել եւ կարեւորել այն Հայաստան—Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգեւորիչ են, եւ ԵՄ—ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո։ Ժան Կլոդ—Յունկերի խոսքով՝ ԵՄ—ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության եւ տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան—Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության եւ աջակցության պատրաստակամության համար։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից։ Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը գտնվում է քաղաքական եւ տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, եւ ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ նպաստավոր բիզնես միջավայրի ձեւավորման ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը բարեփոխումների օրակարգի համատեքստում Հայաստանի առաջ չի դնում եւ չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս անկաշկանդ գործակցել եվրոպական կառույցների հետ։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան—Եվրամիություն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ քննարկել գործընկերության խորացման հեռանկարները։ Այս համատեքստում նախեւառաջ կողմերն ընդգծել են ԵՄ—Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ դրա իրականացման ճանապարհային քարտեզի կարեւորությունը, մտքեր փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիների շուրջ։
Նիկոլ Փաշինյանը եւ Ժան—Կլոդ Յունկերն անդրադարձ են կատարել նաեւ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մտքեր փոխանակել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության շուրջ, որոնք հնարավորություն կտան մեր երկրում ընտրական գործընթացները համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափանիշներին։
Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական միության անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության զարգացումը եւ այդ առումով կարեւորել գործարար ֆորում անցկացնելուն ուղղված քայլերի իրականացումը։
ՀՀ վարչապետը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել են նաեւ վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է։ Երկուստեք կարեւորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը։ Ժան—Կլոդ Յունկերը նշել է, որ վիզաների ազատականացումը կնպաստի ոչ միայն պետությունների եւ կառավարությունների մակարդակով համագործակցության խորացմանը, այլեւ կխթանի մարդկային կապերի սերտացումը, եւ ԵՄ—ն պատրաստ է աջակցել այս գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը եւ Ժան—Կլոդ Յունկերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ։ Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշմանը եւ ջանքերին։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին։
Բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, ապա ՀՀ վարչապետը եւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին։
|