Սկսեմ մի պատմությունից, որը պետք է ուսանելի լինի յուրաքանչյուր հայ մարդու համար, հատկապես նրա, ով խորապես համոզված է, որ այսօր հարկավոր է նոր հայացքով նայել ցեղասպանության փաստին, որ այսօրվա թուրքը 1915 թ. թուրքը չէ, որ հարկավոր է փակել պատմության այդ էջը, հաղթահարել հնացած ու կարծր դիրքորոշումները եւ թուրքերին հաճոյանալով նրանց հետ բարեկամանալ։
Հիշատակված պատմությունն հետեւյալն է։ Երիտասարդ հայ աղջիկը ինտերնետային կապի միջոցով արդեն բավականին ժամանակ է, ինչ զրուցում է Գերմանիայում սովորող մի երիտասարդի հետ։ Շփումը երկուստեք հաճելի է, հետաքրքիր, եւ երկու երիտասարդների միջեւ ակնհայտորեն առաջանում է փոխադարձ համակրանք։ Եվ ահա, աղջիկն ուզում է իմանալ, թե երիտասարդն ի՞նչ ազգի է պատկանում։ Տղան պատասխանում է, որ ինքը թուրք է։ «Ես, մի տեսակ, ցնցվեցի,–ասում է աղջիկը,–որովհետեւ չէի պատկերացնում, թե երբեւիցե կարող էի թուրքի հետ այդքան երկար ու մտերմիկ զրուցել»։ Աղջիկը միանգամից ու անկեղծորեն տղային ասում է այդ մասին։ «Ինչո՞ւ»,–հարցնում է երիտասարդը։ Ընտրելով ամենամեղմ բառերը, ամենազգուշավոր տոները, որպեսզի հանկարծ չվիրավորի տղային, աղջիկը պատասխանում է, որ ինքը հայ է եւ շարունակում է. «Դու հավանաբար տեղյակ չես, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել հայերի ու թուրքերի միջեւ դարասկզբին, որովհետեւ ես գիտեմ, որ ձեզ մոտ այդ մասին գերադասում են լռել, ու երիտասարդ սերունդն անտեղյակ է այդ ամենից»։ Հետեւում է թուրք երիտասարդի կարճ պատասխանը. «Շատ լավ էլ գիտենք, թե ինչ է եղել. մենք ձեզ մորթել ենք։ Լավ ենք արել։ Մնացածներիդ էլ դեռ պիտի մորթենք»։ Տղայի եւ աղջկա միջեւ ռոմանտիկ հարաբերությունները միանգամից հօդս են ցնդում, եւ ինտերնետային քաղցր զրույցը դրանով ավարտվում է։
Այո, այսօր թուրքը փոխվել է. նա այսօր յաթաղանը ձեռքին իր պապի կերպարից արտաքուստ դուրս է եկել, նա եվրոպական ոճով է հագնված, նստած է համակարգչի առջեւ, անգլերեն է խոսում... եւ այլն, եւ այլն։ Սակայն չի փոխվել նրա բնույթը, նա ցանկացած պահի հոգեպես պատրաստ է էվոլյուցիոն նահանջ ապրել, հանուն իր երկրի հզորացման ու հեռահար ազգային նպատակների կրկին հոշոտել իր ճանապարհին կանգնածներին։ Դա են վկայում հայերի նորօրյա ջարդը Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, քնած հայ սպայի նենգադավ կացնահարումը Բուդապեշտում, այլ ազգերի նկատմամբ թուրքի նույնօրինակ պահվածքը։ Պետք է նկատի ունենալ, որ թուրքերին բնորոշ է էթնոցենտրիզմը, եւ եթե մեզանից ոմանց թվում է, որ եղեռնը մոռանալով ու թուրքահաճո կեցվածք ընդունելով մենք կնվաճենք թուրքերի սերը, ապա չարաչար սխալվում են։ Եվ, առհասարակ, էթնիկական հոգեկերտվածքը կայուն հոգեբանական կառույց է, եւ, ըստ էության, իրողությունն այն է, որ մենք էլ ենք նույնը, նրանք էլ։
Անշուշտ, նույն չարաբաստիկ 1915 թ. նախորդող ժամանակահատվածում էլ կար հայերի մի որոշակի շերտ, որը չէր հավատում, չէր պատկերացնում, որ կարող էր կատարվել այն, ինչ կատարվեց. նրանք հավատում էին երիտթուրքերի քաղաքակրթվածությանը։ Նրանք էլ, ինչպես շատերն այսօր, կարծում էին, թե սուլթան Համիդի ժամանակներն այլեւս անցյալում էին, եւ ունեին «թուրքը փոխվել է» ոչնչով չարդարացված ու կարծրատիպացված համոզմունքը։
Այս պարզունակ մոտեցումը հաշվի չի առնում այն փաստը, ու էթնոգենեզը շատ տեւական ու բարդ գործընթաց է, եւ որեւէ ազգի հոգեկերտվածքի ու էթնիկական բնավորության մեջ փոփոխությունների համար մի քանի տասնամյակն անգամ ընդամենը վայրկյան է, եւ այդ կարճ ժամանակահատվածում ազգի կերպարի մեջ կտրուկ փոփոխություններ ակնկալելն առնվազն միամտություն է. մանավանդ եթե հաշվի առնենք, որ նրանց էթնոքաղաքական ընդհանուր միտումների, նպատակադրումների եւ սոցիալական դիրքորոշումների մեջ որեւէ շրջադարձային փոփոխություն չի գրանցվել։ Ուստի «թուրքը փոխվել է» դիքորոշումը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր ընդամենը ինքնախաբեություն է, իրականության ժխտման վրա հիմնված հոգեբանական ինքնապաշտպանական բարդույթ, ցանկալին իրական համարելու պարզունակ մղում, որը թեեւ տվյալ պահին բավականաչափ հանգիստ ու լարվածություններից զերծ է դարձնում իրադրության ընկալումը, սակայն հանգեցնում է զգոնության կորստի, օբյեկտիվ իրողությունների խեղաթյուրված ընկալումների եւ էապես թուլացնում է ազգի հոգեբանական պաշտպանվածությունը՝ դրանից բխող հետեւանքներով։ Պատմական փաստերն, ի դեպ, ցույց են տալիս, որ ցեղասպանության առաջին զոհերը եղել են հենց այս դիրքորոշումն ունեցողները։
Այնուամենայնիվ, որո՞նք են այն գիտական փաստարկները, որոնք հիմք են ծառայում մեր այս պնդման համար։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է դիտարկենք այսօրվա իրողությունները։
Իսկ իրողությունն այն է, որ թուրքերը ժխտում են ցեղասպանության փաստը։ Եվ ոչ միայն ժխտում են, այլեւ խորանալով կեղծիքի մեջ, մի քայլ էլ առաջ են գնում եւ ասում, որ մենք ենք իրենց կոտորել։ Հասկանալի է, որ սա քաղաքական ու քարոզչական նպատակներ հետապնդող աճպարարություն է։ Սակայն տվյալ դեպքում մեզ համար շատ կարեւոր է նաեւ եղեռնի փաստի ժխտման զուտ հոգեբանական կողմը։
Այստեղ մենք կրկին պետք է անդրադառնանք ագրեսորի հոգեբանական կերպարին։ Որեւէ անձ կամ նույնիսկ խմբային ինքնագիտակցությամբ միավորված հանրույթ զերծ չէ ագրեսիվ մղումներից եւ տարբեր հանգամանքների բերումով կարող է ագրեսիվ գործողություններ կատարել։ Տվյալ անձի կամ խմբի հոգեբանական լիարժեք բնութագրի տեսակետից շատ կարեւոր է այն, թե ի՞նչ է տեղի ունենում ագրեսորի հետ իր սեւ գործը կատարելուց հետո, այն, թե ի՞նչ գնահատական է տալիս իր արարքին եւ ինքն իրեն՝ այդ արարքն իրականացնողին։ Միանգամայն այլ անձնային կամ խմբային հոգեկերտվածքի հետ գործ ունենք, երբ ագրեսորը սթափվում է եւ մեղքի զգացում է ունենում իր արածի համար, ամաչում է, խղճի խայթի եւ ինքնամեղադրանքի ապրումներ է ունենում. ագրեսորի կերպարը միանգամայն ուրիշ է, երբ նա ոչ միայն չունի այդ բարոյական եւ ինքնամաքրման հույսեր ներշնչող ապրումները, այլեւ, ընդհակառակը, գոհ է իրենից, շրջապատին այնպես է ներկայացնում, որ ինքը դա չի արել եւ ավելին, որ ինքը զոհ է եւ ոչ թե հանցագործ։ Սա այն քստմնելի հանցագործն է, որը դեռ շարունակում է ատամները կրճտացնել զոհի վրա, քանի որ, թեեւ նրա հետ հաշվեհարդար է տեսել, բայց այդ զոհը, իր շարունակող գոյության փաստով վտանգ է ներկայացնում, քանի որ խանգարում է իրեն հանգիստ կրել բարեպաշտի դիմակը եւ այդպես ներկայանալ բանից անտեղյակներին, հարցերի մասին մակերեսային պատկերացում ունեցողներին կամ բոլոր նրանց ում համար տեղի ունեցածը հեռավոր, անկարեւոր եւ իր հետ կապ չունեցող մի բան է։ Ընդ որում, ինչպես ցույց են տալիս հոգեբանների հետազոտությունները, թշնամական դիրքորոշումները ժամանակային տեսակետից խիստ կայուն են (Թ. Նյուքոմբ, Ա. Տեսսեր, Լ. Բերկովից եւ այլք)։
Թուրքերի պարագայում, ցավոք, մենք գործ ունենք հանցագործի՝ մեր նկարագրած երկրորդ կերպարի հետ։ Եվ սա լրջորեն մտորելու եւ համապատասխան եզրակացություններ կատարելու տեղիք է տալիս. մի բան, որին պետք է ականջալուր լինեն հատկապես պացիֆիստներն ու կոմֆորմիստները։ Բանն այն է, որ ինչպես ցույց են տալիս հետազոտությունները (Ք. Է. Իզարդ, Մ. Լեվիս, Ս. Ս. Թոմկինս, Ա. Նալչաջյան եւ այլք), ամոթի զգացում ապրելու համար անհրաժեշտ է բարոյական հասունացման որոշակի մակարդակ։ Մյուս կողմից, առողջ ինքնաքննադատության վրա հիմնված ամոթի ապրումը կոնֆլիկտները դեպի լուծում տանող կարեւոր հոգեբանական ուղի է. մի բան, որի նշանները չեն նկատվում խնդրո առարկա պարագայում։ Ինչպես նշում են հիշյալ մասնագետները, եթե չկա մեղքի ընդունում, ապա թշնամանքի խորացումն ու երկուստեք մեկուսացումն անխուսափելի է, միջանձնային ու միջխմբային բնականոն փոխհարաբերություններն այս պայմաններում գրեթե բացառվում են. խանգարողը չընդունված մեղքի բեռն է։
Եվ, առհասարակ, homo sapiens–ի ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում նրա մարդկայնացման ու քաղաքակրթման հիմքում, մասնագետների վկայությամբ, ընկած է հիշյալ երկու մտահուզական կառույցների՝ ամոթի ու մեղքի զգացումների ձեւավորումը։ Հենց այս զգացումներն են ընկած սոցիալական պատասխանատվության հիմքում։ Այսօր կան տվյալներ այն մասին, որ ամոթի եւ մեղքի զգացումների առկայության կամ բացակայության նկատմամբ կա գենետիկական հակվածություն (Ք. Է. Իզարդ)։ Թուրքի կերպարը եւ հայի հանդեպ նրա իրական վերաբերմունքը ճիշտ հասկանալու համար պետք է հիշել այս հոգեբանական օրինաչափությունների մասին։ Վերջին շրջանի թուրք—ադրբեջանական պահվածքը քաղաքական, քարոզչական ոլորտներում, ինչպես նաեւ մշակութային ավազակության փաստերը վկայում են այն մասին, որ հոգեւոր տիրույթում, փաստորեն, Հայոց ցեղասպանությունը շարունակվում է։
Ահա, ամենաընդհանուր գծերով այն փաստարկները, որոնք մեզ թույլ են տալիս պնդել, որ թուրքի կերպարը չի փոխվել, եւ չի կարելի տրվել նրա՝ ժամանակակից դառնալու մասին խաբկանքին։
Թուրքերի նկատմամբ իրատեսական դիրքորոշումներ մշակելու եւ փափուկ առօրյա խոստացող ինքնախաբեությունից խուսափելու համար այսօր մեզ անհրաժեշտ է կանոնավորապես իրականացնել թուրքական ու ադրբեջանական մամուլի, նրանց պետական, քաղաքական, մշակութային գործիչների, երիտասարդական եւ այլեւայլ կազմակերպությունների տեսակետների, հրապարակումների, ելույթների հոգեբանական փորձաքննություն՝ հոգեբանության մեջ մշակված համապատասխան ճշգրիտ մեթոդների կիրառմամբ։ Մյուս կողմից, այսօր դրված է նաեւ ինքներս մեզ լավ հասկանալու, մեր հավաքական ազգային կերպարի յուրահատկությունները իմանալու խնդիր. սա մեզ կօգնի խուսափել ենթադրությունների վրա հիմնված ինքնանկարագրից եւ ճիշտ պատկերացում կազմելու մեր հոգեկերտվածքի, դիրքորոշումների, ակնկալվող զարգացումների եւ հեռանկարների մասին։
Եվ վերջապես, փորձենք անդրադառնալ նաեւ այն հարցին, թե զուտ հոգեբանական տեսակետից ի՞նչ կտա մեզ՝ հայերիս, աշխարհի կողմից եղեռնի փաստի ընդունումը։ Այս հարցում կողմնորոշվելու համար մեզ կօգնի սգո ապրման վերաբերյալ ներկայումս բացահայտված հոգեբանական օրինաչափությունների իմացությունը։ Բանն այն է, որ մարդուն պատուհասած ծանր վիշտը նրան համակում է մելամաղձությամբ (մելանխոլիա), որը հաղթահարելը հոգեկան մեծ ուժեր եւ համապատասխան հոգեբանական պայմաններ է պահանջում։ Այս վիճակից հոգեպես առողջ դուրս գալը երբեմն դառնում է անհնար. այս դեպքում մասնագետները խոսում են, այսպես կոչված, «մելանխոլիկ կանգի» մասին, որը լուրջ ախտաբանական վիճակ է (Զ. Ֆրոյդ, Է. Լինդեման եւ այլք)։ Սգո ապրումը բաղկացած է որոշակի փուլերից, որոնցից մեկը շրջապատող մարդկանց, հարազատների ու ծանոթների տեղեկացումն է մահվան մասին, նրանց կողմից այդ փաստի արձանագրումը եւ սգակիր մարդուն ցավակցություններ ուղղելը։ Ինչ—ինչ հանգամանքների բերումով այս փուլի ձախողումը խանգարում է սգակիր մարդուն լիարժեք կերպով հաղթահարել վիշտը, դուրս գալ մելամաղձությունից։
Նկատի ունենալով այս օրինաչափությունը, մենք պետք է արձանագրենք, որ հայոց մեծ վիշտը՝ եղեռնի վիշտը, մեր հավաքական հոգեկանում դեռեւս լիովին ապրված չէ. մենք դեռ լիովին դուրս չենք եկել վերոհիշյալ փուլից ու դեռեւս վերջնականապես չենք ապաքինվել մեր վշտից։
Եթե աշխարհը վերջնականապես ընդունի Հայոց ցեղասպանության իրողությունը (թուրքերի ընդունել—չընդունելն այս տեսակետից մեզ համար առաջնային չէ. դա ավելի շատ իրենց խնդիրն է), ապա մենք հոգեպես ավելի կայուն կդառնանք եւ առավելագույնս կհաղթահարենք զոհին բնորոշ մեր թերարժեքությունները։ Երբեք չմոռանալով մեր պատմության այդ ողբերգական փաստը, միշտ խոնարհվելով մեր նահատակների հիշատակի առաջ, միաժամանակ դասեր քաղելով Մեծ եղեռնից եւ ըստ արժանվույն գնահատելով ցեղասպանությունից հետո տարած մեր ռազմական հաղթանակները՝ մենք կարող ենք հպարտ ու արժանապատիվ շարժվել առաջ։ hhpress.am
Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆ
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի
հոգեբանության ամբիոնի վարիչ
|