Այս տարի լրանում է (հուլիսի 29) հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200—ամյակը։ Այդ առիթով դեռեւս նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպվել էր մեծամասշտաբ ցուցահանդես. չորս ամսվա ընթացքում ցուցադրությունն ունեցել էր մոտ 600 հազար այցելու։
Հայաստանի ազգային պատկերասրահը ծովանկարչի 200—ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես եւ գիտաժողով։ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պատասխանել է «Panorama.am»—ի հարցերին՝ կապված մշակութային այդ միջոցառումների հետ։
«Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200—ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու ազգային պատկերասրահի կողմից։ Ե՞րբ են լինելու այդ միջոցառումները» հարցին նա պատասխանել է. «Ինչպես գիտեք, նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահն էր կազմակերպել աննախադեպ ցուցադրություն, որին իր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահը։
Ազգային պատկերասրահը եւս այս տարի, սեպտեմբեր ամսին կազմակերպելու է ցուցահանդես։ Ամսաթիվն ավելի ուշ կբարձրաձայնենք։ Սա եւս մոտեցման մի ձեւ է հանրությանը անակնկալ մատուցելու համար։ Բացի ցուցահանդեսից, կկայանա միջազգային կարգի գիտաժողով, որը կնախորդի ցուցահանդեսի բացմանը»։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են ցուցադրվելու, եւ հնարավո՞ր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը ասել է. «Նախատեսել ենք ցուցադրությանը ներկայացնել Այվազովսկու այն գործերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել, այսինքն ոչ միայն մեր մշտական ցուցադրության գործերն են, այլ նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերում է դրսից գործեր բերելուն, այո, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ մեր թանգարանի ջանքերով Հայաստան է բերվելու Հովհաննես Այվազովսկու հայտնի «Քաոս» աշխատանքը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, եւ մեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնել այդ հանճարեղ կտավը։
Ես հավատացնում եմ, որ սեպտեմբեր ամսին բոլորիս սպասվում է մեծ իրադարձություն, եւ ակնկալում ենք թե մեդիայի մեծ ուշադրությունը, թե հասարակության հետաքրքրվածությունը»։
Ա. Ծատուրյանը խոսել է նաեւ գիտաժողովի մասին, որը կոչվում է «Ծովանկարչության սահմանները. նվիրված Այվազովսկու 200—ամյակին», եւ ցուցահանդեսի, որը կկրի «Արարում» խորագիրը. «Անշուշտ, հյուրերն արդեն հրավիրված են, եւ այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Այս պահին աշխատանքներ են ընթանում նաեւ զեկուցողների, նրանց ելույթների, թեմաների հետ կապված։ Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրված են անվանի արվեստաբաններ։ Շատ հագեցած ծրագիր ենք կազմել, բայց կան մանրամասներ, որոնք դեռ պատրաստ չեն հրապարակման։ Բավական մեծ աշխատանք է ընթանում, հավատացնում եմ՝ դյուրին աշխատանք չէ, եւ որքան ժամանակը մոտենա, այնքան տեղեկատվության տարածումը կակտիվացնենք»։
|