
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի է համարում այն, որ որոշ քաղաքացիներ պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու իր կոչին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին։
Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար»,–նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել իրենք իրենց դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ։
«Կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի»,–ասել է ՀՀ վարչապետը։
Նա կոչ է արել աջակիցներին տարածել ուղերձը եւ գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, «իհարկե՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»։
Երեկ լրագրողների խնդրանքով Փաշինյանը անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի իրեն ուղղված բաց նամակին, որտեղ նշված է, թե «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության եւ մեր երկրի համար հղի է ծանր հետեւանքներով»։ Վարչապետն ընդգծել է, որ անթույլատրելի է համարում բռնության սպառնալիքներով եւ բռնության սպառնալիքների ակնարկներով ժողովրդի հետ խոսելը։ «Նախ պետք է նշեմ, որ Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այն կշարունակվի։ Ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, հետեւաբար այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո եւ համերաշխության տրամաբանությունը շարունակել մինչեւ վերջ»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով վերջին օրերին առկա անհնազանդության ակցիաներից՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե դրանք իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն պետք է դադարեցվեն։
«Այդ հարցերը բարձրացնող քաղաքացիները պետք է աշխատեն կառավարության հետ, որովհետեւ սա իրենց կառավարությունն է։ Իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ապա ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժի գործողություններ անել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը թող որեւէ մեկը չփորձի մեկնաբանել թուլության մթնոլորտ»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում դատավորներին հրահանգ տալ։
«Ես նման գործընթացի մեջ ինձ չեմ դնի, որովհետեւ եթե մեկ անգամ դատարանին որեւէ հրահանգ տանք, ապա դա նշանակում է, որ դատարանն այլեւս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի։ Մենք կարեւորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք։ Նախ՝ դատարաններին իշխանական կաբինետներից եւ որեւէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, երկրորդ՝ ապահովենք, որ որեւէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի։ Յուրաքանչյուր դատավոր, ով հավակնել է այդ պաշտոնին, պարտավոր է իր իրավասությունների շրջանակում կայացնել որոշումներ։ Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է, եւ դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»,–շեշտել է նա։
Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, վարչապետի պատկերացմամբ, պետք է անցկացվեն աշնանը. «Բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ։ Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»։
|