Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10—13—ի քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը։ Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2013 թվականի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները 1%—ով ավել են ԿԲ—ի կանխատեսումներից, որը կազմում է 4,7—5,7%։ ԿԲ—ի այդ կանխատեսումը մասնավորապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճի ցածր գնահատականով, որը կազմում է 2—4%, այնինչ իրենք այս ոլորտում նախատեսում են 4,5% տնտեսական աճ։ Ըստ նրա՝ հիմնավորված չէ նաեւ ԿԲ—ի՝ առեւտրի պայմանների վատացման վերաբերյալ կանխատեսումը։ Նախարարը անդրադարձավ նաեւ ճկուն դրամավարկային քաղաքականության անհրաժեշտությանը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկուցման ժամանակ տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ—ի կանխատեսումները պահպանողական համարեց։ Ըստ նրա՝ թեեւ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ գնաճը կարող է բարձրանալ, բայց պետք է այն պահպանել ծրագրով նախատեսված միջակայքում՝ միաժամանակ փորձելով ապահովել ավելի բարձր տնտեսական աճ։ Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ վարվող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունը չի նպաստում տնտեսության մեջ առկա խոչընդոտների հաղթահարմանը, իսկ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը ձեւական բնույթ է կրում։ Նա կոչ արեց վերանայել վարվող քաղաքականությունը՝ այն դարձնելով նպատակային ու հետեւողական։ Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա բնական համարեց հարցի քննարկման ընթացքում պատգամավորների արտահայտած մտահոգությունները, քանզի բոլորն էլ շահագրգռված են երկրի տնտեսության զարգացմամբ, ինչով էլ պայմանավորված են քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումն ու տարբեր ոլորտներում մեր երկրի զարգացման հեռանկարները։ ԱԺ նախագահը երկրի տնտեսության զարգացման գործում կարեւոր դեր վերապահեց ճիշտ վարկային քաղաքականությանը։ Նրա գնահատմամբ՝ եթե ցածր տոկոսով ու երկարաժամկետ վարկեր տրամադրվեն վարկառուներին, դա ուղղակի կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գործազրկությունն ու արտագաղթը։ ԱԺ նախագահը նշեց, որ բոլորն են պատասխանատու տնտեսության զարգացման եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների համար։ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց ՀՀ ֆինանսների նախարարին եւ ԿԲ նախագահին՝ ստեղծված իրավիճակին համարժեք եւ պատասխանատու քայլեր ձեռնարկել եւ համատեղ ուժերով գտնել խնդրի լուծման արդյունավետ միջոցը։ Ազգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը։ Նա տեղեկացրեց, որ Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց։ Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը՝ գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով։ Նախագծով առաջարկվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման համար տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ։ Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման աշխատանքներին, որն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգացմանը։ Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի այսօրվա նիստում։
|