Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու եւս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր եւ դաշնակից, դա վերաբերում է ե՛ւ տնտեսական փոխգործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը։ Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առեւտրաշրջանառության 25 տոկոսի աճ, եւ առաջանցիկ տեմպերով աճում են ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս։ Սա շատ լավ դինամիկա է, եւ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլեւ բազմապատկել։ Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում եւ հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ։ Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով ե՛ւ անվտանգության ոլորտում, ե՛ւ տնտեսական զարգացման»,–նշել է Վլադիմիր Պուտինը։ «Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ խոսքերի համար։ Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպելու Ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին, քննարկման ենթակա չէ։ Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսուս, եւ հայ—ռուսական հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը ոչ ոք երբեւէ չի դրել եւ, կարծում եմ, չի դնի կասկածի տակ։ Մենք տրամադրված ենք եւ լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին ե՛ւ քաղաքական, ե՛ւ առեւտրատնտեսական ոլորտներում։ Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում եւ այլ բնագավառներում։ Այժմ Ռուսաստանից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է։ Կարծում եմ՝ Հայաստանը դուր է գալիս ռուս զբոսաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկներ Երեւանում։ Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում, եւ ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաեւ հայ հասարակության կողմից։ Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքիր էր հետեւել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին։ Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմարդյունաբերական համալիրը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
***
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ—ում դիտորդ—պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ։
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ—մոլդովական հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել հետագա զարգացման ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը։
Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը եւ ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին։ «Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ։ Այդ առումով, կարեւորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,–ասել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Մոլդովայում դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը պատրաստ է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին։
Իգոր Դոդոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում։ Մոլդովայի առաջնորդը նշել է, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը դինամիկ զարգանում է, եւ հույս հայտնել, որ փոխշահավետ կապերը կշարունակեն ամրապնդվել եւ ընդլայնվել։
Նիկոլ Փաշինյանը եւ Իգոր Դոդոնը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հայ—մոլդովական համագործակցության օրակարգը։ Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը՝ մինչ այժմ երկու երկրների միջեւ ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը։
***
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին։ Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր։
***
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Բելառուսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել. «Հաճելի է հանդիպել, շնորհավորում եմ, որ պատվով եւ ճիշտ դուրս եկաք ստեղծված իրավիճակից, ինչի համար ուրախ ենք։ Շատ կարեւոր է, որ Դուք ինձնից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսի՝ եղբայրական հայ ժողովրդի ու պետության հետ հարաբերություններին։ Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որեւէ խնդիրներ։ Պատասխանատու պաշտոն եք ստանձնել, եւ մաղթում եմ հաջողություններ»,–ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը կարեւորել է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել կառուցողական ու բարեկամական մթնոլորտում։ Լուկաշենկոն ավելացրել է, որ վերջերս Հայաստանի նախագահի հետ քննարկել է հայաստանյան իրադարձությունները, եւ բելառուսական ԶԼՄ—ները ժամանել են Երեւան դրանք օբյեկտիվ ներկայացնելու համար։ «Շնորհակալ եմ ե՛ւ նրան, ե՛ւ Ձեզ։ Մեր լրագրողները շփվել են Ձեր շտաբի ներկայացուցիչների հետ եւ ստացել իրական պատկեր»,–ասել է պարոն Լուկաշենկոն։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ մաղթանքների համար եւ նկատել, որ բելառուսական կողմը, այդ թվում՝ ԶԼՄ—ները, մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով։ Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բելառուսի նախագահի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ի շահ երկու պետությունների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Բելառուսի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության կարեւորությունը եւ նշել, որ անհրաժեշտ է հետեւողական քայլեր իրականացնել տնտեսական կապերի խթանման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ։ «Վերջին շրջանում մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ։ Պետք է առաջին հերթին աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ, կարծում եմ՝ գործարարների շրջանում առկա է փոխգործակցության զարգացման շահագրգռվածություն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Ղրղըզստանի առաջնորդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել։ «Համոզված եմ, որ մեր աշխատանքով նոր թափ կհաղորդենք հայ—ղրղզական ավանդական հարաբերություններին»,–ասել է Սոորոնբայ Ժեենբեկովը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների եւ մաղթանքների համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը տրամադրված է կառուցողական քայլերի՝ երկու երկրների միջեւ փոխգործակցությունը խթանելու համար։ Վարչապետը կարեւորել է տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակին։ «Մենք լի ենք էներգիայով արդյունավետ աշխատանք իրականացնելու համար։ Երկու երկրների փոխգործակցության ընդլայնման գործում առկա է չիրացված մեծ ներուժ, ու պետք է քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը եւ Ղրղըզստանի նախագահը քննարկել են երկու երկրների կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
|