Փարիզի ահաբեկչությունների եւ միգրացիոն ճգնաժամի արդյունքում կայունության դերը եվրոպական աշխարհամասի համար էլ ավելի է ընդգծվում։ Իսկ դրան հասնելու համար հարեւանների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա դնելու անհրաժեշտություն է նկատվում։
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրահանձնաժողովը հրապարակել են «Եվրոպական հարեւանության քաղաքականության» (ԵՀՔ) երկար սպասված վերանայված տարբերակը, որը նպատակ ունի ամրապնդելու կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Երեւանում ասուլիսի ընթացքում ընդգծեց. «Այստեղ հանգուցային բառը կայունացումն է, այսինքն՝ նոր փաստաթղթում հիմնական շեշտը հենց դրա վրա է դրվում։ Սա ակնհայտ է, եթե նայում եք՝ ինչպիսին է այսօր իրավիճակը Միջերկրածովյան հարավային ափին, Ուկրաինայում, սառեցված այն բախումների շուրջ, որ կա նախկին խորհրդային տարածքում, ապա ակնհայտ է դառնում, որ ամենակարեւոր բանն այսօր կայունացումն է»։
ԵՄ—ն ցանկանում է՝ գործընկեր երկրներն ավելի սերտ ներգրավվեն հարեւանության քաղաքականության շրջանակներում իրականացվող նախագծերում։ ԵՄ կողմից քաղաքականության վերանայումը երկարատեւ խորհրդատվությունների, քննարկումների արդյունք է։ Դրանք սկսվել են 2014—ի ավարտին եւ ներառել են բոլոր գործող անձանց, կառավարություններին, քաղհասարակության ներկայացուցիչներին՝ համապատասխան երկրներում. «Այս գործընթացում մոտ 250 տարբեր առաջարկներ ենք ստացել։ Հայաստանի կառավարությունը եւս ներկայացրել է առաջարկներ։ Հավանաբար տեղյակ եք՝ նախարար Նալբանդյանն այս հունվարի 16—ին ուղարկել է համապատասխան նամակ, որտեղ ձեւակերպել է ՀՀ կառավարության հայացքներն այս գործընթացի նկատմամբ»։ Իսկ ի՞նչն է նոր ներկայացված փաստաթղթում։ Այստեղ այժմ հաշվի է առնվում, որ գործընկերները դարձել են շատ տարբեր՝ քաղաքական առումով մեծ տարբերություն է առաջացել գործընկերների միջեւ։ «Թույլ տվեք պարզաբանեմ, որ Հայաստանը հիմա երկու զուգահեռ գործընթացների մաս է կազմում, մեկը ԵՄ—ի հետ բանակցություններն են նոր շրջանակային պայմանագիր ստորագրելու առումով, երկրորդը՝ նոր հարեւանության քաղաքականության, առաջնահերթությունների եւ անհրաժեշտությունների շուրջ քննարկումները։ Մենք կարծում ենք՝ սկզբում պետք է իրականացնենք նոր հարեւանության քաղաքականության այդ պայմանագիրը»,–ասաց նա՝ շեշտելով, որ բոլոր նշանները կան, որ պայմանագիրը կստորագրվի արդեն այս տարի դեկտեմբերի սկզբին՝ Բրյուսելում։
«Ակնկալում ենք, որ նոր պայմանագրի հետ կապված բոլոր դրույթները կհստակեցվեն մինչեւ մյուս տարվա կեսերը, եւ արդեն կսկսենք քննարկել մյուս ծրագրերը։ Փաստորեն երկու կտորի հետ գործ ունենք. իրավական՝ շրջանակային պայմանագրի ստորագրումը, մյուսը՝ քաղաքական առաջնահերթությունների ձեւակերպում։ Կարծում ենք՝ այդ երկուսը զուգահեռ պետք է ընթանան»։ Նա շեշտեց, որ նոր պայմանագրի հետ կապված բավական ուժեղ ազդակներ են ստացել ՀՀ ղեկավարությունից։ Բոլոր հարցերը, որ վերաբերում են մարդու իրավունքներին, արդարադատությանը, ժողովրդավարությանը, ներքին գործերին, կպահպանվեն այն տեսքով, ինչ տեսքով բանակցել էին ասոցացման պայմանագրի շրջանակներում։ ԵՄ—ում ակնկալում են, որ պայմանագրի այդ հատվածը կլինի հավասարապես ուժեղ, ինչպես նախկինն էր. «Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առեւտրին վերաբերող մասը շատ ավելի թույլ կլինի նախորդ՝ խորը եւ համապարփակ առեւտրի պայմանագրից։ Պետք է հստակեցնենք նոր պայմանագրի ներդրումների եւ ծառայությունների տրամադրման հատվածը, բայց ակնկալում ենք, որ բանակցությունների շրջանակում կլինի դինամիկ աշխատանք։ Երբ բանակցությունները խորանան՝ կարող ենք քննարկել գործընկերության առաջնահերթությունները։ Թույլ տվեք հիշեցնել, որ այս վերանայված տարբերակն իր մեջ ընդգրկում է որոշ նոր տարրեր, օրինակ՝ համագործակցություն անվտանգության ոլորտում։ Այս բաղադրիչը նախկինում այդքան ուժեղ արտահայտված չէր պայմանագրում, այն մտցվել եւ ուժեղացվել է մեր գործընկերների խնդրանքով։ Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ մենք հարգում ենք Հայաստանի անվտանգության հետ կապված պայմանավորվածությունները, ինչպես ասացի՝ այս քաղաքականությունն ունի դրան վերաբերող առանձին գլուխ։ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե այստեղ ընդգրկված տարրերից որոնք են իր համար հետաքրքիր եւ օգտակար, նույնը վերաբերում է մեր հարաբերությունների տնտեսական ձեւաչափին։ Հրապարակված փաստաթուղթն ունի իր մեջ շատ ուժեղ պարտավորվածություններ ԵՄ կողմից՝ ՀՀ տնտեսական համագործակցության հետ կապված։ Ուզում եմ հստակորեն ասել՝ այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է ԵՏՄ անդամ, որեւէ կերպ չի ազդում ԵՄ որոշման վրա՝ շարունակել աշխատել ապագայում ավելի մեծ առումով միասնական տնտեսական դաշտ ստեղծելու ուղղությամբ։ Բայց ամեն ինչ մեծապես կախված է լինելու նրանից, թե ինչպես են ԵՏՄ անդամ երկրները կառուցելու իրենց փոխհարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, որոնք որոշել են տնտեսապես ասոցացվել ԵՄ—ին»։
Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ—ին անդամակցելու ընտրությանը, ապա նա ասաց, որ ԵՄ—ն հարգում է Հայաստանի ընտրությունը. «ԵՄ—ում Հայաստանի ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերվում։ Մեր փոխհարաբերությունների ներկա փուլը խարսխվում է ձեր ընտրությունն ընդունելու փաստի վրա։ ՀՔ—ի ողջ տրամաբանությունը խարսխվում է մեր գործընկերների կարիքների, ցանկությունների, հավակնությունների փաստի վրա, մենք որպես ԵՄ Հայաստանին որեւէ բան չենք պարտադրում։ Այնքան ժամանակ, ինչքան Հայաստանը կունենա պարտավորվածություն դեպի համընդհանուր արժեքները՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, հանդուրժող հասարակություն, այդքան ժամանակ ԵՄ—ն կշարունակի իր գործակցությունը Հայաստանի հետ»։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սվիտալսկին հայտնեց, որ ԵՄ—ի դիրքորոշումն այս հարցում բավականին հստակ է. «ԵՄ—ն ամբողջությամբ սատարում է Մինսկի խմբի եւ նրա համանախագահների գործունեությունը։ Մենք դատապարտում ենք բռնությունների կիրառումը, քաջալերում ենք կողմերին՝ երկխոսություն վարել եւ գտնել խաղաղ լուծում։ ԵՄ—ն պատրաստ է իր ներդրումը բերել վստահության ստեղծման գործին։ Հուսով ենք, որ շուտով լուծում կգտնվի ԼՂ խնդրի համար, որովհետեւ այն կստեղծի նոր մեծ տնտեսական հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»։
Ինչ վերաբերում է Փարիզի ահաբեկչական հարձակումներին՝ ապա դա, նրա խոսքով, լուրջ հետեւանք թողեց ԵՄ գործունեության վրա։ Լիսաբոնի պայմանագրով ԵՄ անդամ երկրները պարտավոր են օժանդակել այն երկրին, որը զինված հարձակման է ենթարկվել։ Ֆրանսիան առաջին անգամ հղում կատարեց Լիսաբոնի պայմանագրի «համերաշխության» հոդվածին եւ դրա հիման վրա օժանդակություն խնդրեց ԵՄ երկրներից, եւ այդ խնդրանքը միաձայն կերպով դրական արձագանք է գտել ԵՄ բոլոր երկրների կողմից. «Բոլոր երկրներին հրավեր է եղել պայքարել ահաբեկչության եւ ցանկացած ծայրահեղականության դեմ։ Մենք այս ուղղությամբ պատրաստ ենք համագործակցել նաեւ Հայաստանի հետ»։
Նա վստահեցրեց, որ Փարիզում կատարված դեպքերն ազդեցություն չեն թողնի ՀՀ—ի եւ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման վրա, բայց, իհարկե, պետք է Եվրոպա մեկնելով հայերը եւս պատրաստ լինեն, որ հսկողություն է իրականացվելու սահմաններին, անգամ ներքին, որ հանրային վայրերում անվտանգության ստուգումներ են լինելու, բայց Եվրոպան, ինչ խոսք, իր կանսակերպը չի փոխելու, չի սահմանափակելու ազատությունը։
Անդրադառնալով Հայաստանում դեկտեմբերի 6—ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, դեսպանն ասաց, որ ցանկանում է՝ այդ գործընթացը լինի արդարացի եւ բոլորին ներառի, որպեսզի փոփոխությունների կողմնակիցները եւ դրանք քննադատողներն ազատ արտահայտեն իրենց կարծիքը։
«Ցանկանում ենք, որ այդ պրոցեսը լինի պատշաճ կերպով, հուսով ենք, որ դեկտեմբերի վեցի քվեարկության գործընթացը կիրականացվի եվրոպական ստանդարտներին համապատասխան»,–ասաց նա՝ ցանկություն հայտնելով, որ քվեարկողներն իրենց որոշումն ընդունեն լավ տեղեկացվածության հիման վրա։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|